Մատչելիության հղումներ

«Սոցիալիստական Հայաստան» միավորման ղեկավարների կարծիքով, Հայաստանում ճնշվում է խոսքի ազատությունը


«Հայաստանում պրոբլեմը հենց խոսքի ազատության, մարդու իրավունքների եւ Սահմանադրության խախտումն է», - երեքշաբթի օրը հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախագահ Ջորջ Հակոբյանը:

Այս ամիս «Սոցիալիստական Հայաստան» միավորումում նախագահող Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասուլիս հրավիրելու անհրաժեշտությունը փաստարկեց հետեւյալ կերպ. «Իշխանությունները հատել են այն սահմանը, երբ արդեն վախն է նրանց կառավարում»:

Միավորումը հունվարի 30-ին նախատեսված համաժողովի համար փորձել էր վարձակալել Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահը: Երեւանի քաղաքապետարանից նախ խոստացել են տրամադրել դահլիճը, սակայն հետագայում քաղաքապետարանի քարտուղար Կոշեցյանի ստորագրությամբ գրություն է ստացվել, որ դահլիճը չի կարող տրամադրվել, քանի որ նման միջոցառումների ժամանակ վնասվում է հանդիսասրահի գույքը:

Իսկ երբ դրանից հետո փորձել են վարձակալել երգչախմբային ընկերության դահլիճը, ապա, Սոցիալ- դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Մարտիրոսյանի խոսքերով, դրան խոչընդոտել են ազգային անվտանգության նախարարության ներկայացուցիչները:

Այս ամենի վրա հիմնվելով, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը հայտարարեց, թե այլեւս ակնհայտ է ազգային անվտանգության նախարարության միջամտությունը այս բոլոր պրոցեսներին:

Ասուլիսի կազմակերպիչները հայտարարեցին, թե Հայաստանի իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ ընդդիմությունը քաղաքակիրթ լինի եւ կարողանա իշխանությունների հետ մրցակցել գաղափարական հիմքի վրա՝ իշխանություններին մեղադրելով քաղաքական անհանդուրժողականություն դրսեւորելու համար:

«Սոցիալիստական Հայաստան» միավորումը այս պահին վեց ուժ է ընդգրկում. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ), «Հայրենիք եւ պատիվ» միություն, «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցություն, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն, «Սոցուժերի եւ մտավորականների միություն»: Միավորմանն անդամակցելու մասին առայժմ միայն հայտարարել է նաեւ Հայաստանի կոմկուսը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG