Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Զինված ուժերի տասներորդ տարեդարձի առթիվ հայոց բանակին տրվող գնահատականները մամուլում ընդհանուր առմամբ դրական են՝ կայացածության եւ ուժի ընդգծումներով: Բայց դրան սպառնացող բազմաթիվ ներսի ու դրսի խնդիրներ կան, որոնց վրա ուշադրություն է սեւեռում մասնավորապես «Իրավունք»-ի խմբագրականը. «Եթե նույն տեմպերով շարունակվի արտագաղթը, ապա 10 տարի անց էլ բանակ զորակոչելու մարդ չի մնա: Բացի այդ, որոշ զորամասերում տիրող սուտ գողական բարքերը, մի շարք հրամանատարների անսահման կաշառվածությունն ու սադիստական վարքագիծը էապես նպաստում են բանակից խուսափելու, դասալիք դառնալու հոգեբանության ձեւավորմանը: Իսկ իշխանության կլանային համակարգի սանձարձակ կամայականությունները եւ օրենքի նկատմամբ արհամարհանքը արդեն իսկ սպառնում են մարդկանց հայրենասիրական բոլոր մղումների գերեզմանափորը դառնալ»:

«Առավոտ» թերթի առաջին էջին այսօր Վազգեն Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի եւ Սերժ Սարգսյանի լուսանկարն է, հետեւյալ մակագրությամբ. «Նրանցից մեկը «27»-ի զոհը դարձավ, մյուսը՝ ամբաստանվեց ու լքեց Հայաստանը: Երրորդի իշխանությունն այսօր տարածվում է ուժային եւ տնտեսական բոլոր ոլորտների վրա»:

Հաստատվել են տեղեկությունները, որ Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործից մաս է անջատվել եւ քրեական գործ հարուցվել 1995 թվականի հունիս-հուլիս ամիսներին մի շարք պաշտոնաթող սպաների՝ հեղաշրջման փորձի կասկածանքով ձերբակալության եւ նրանց հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու փաստով: Այդ դեպքերի հետ կապված Գլխավոր դատախազություն հրավիրվածներից «Հայրենիք եւ պատիվ» կազմակերպության նախագահ, գնդապետ Գառնիկ Մարգարյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում շեշտադրել է. «Կարծում եմ, որ դրա համար պատասխանատու են այն 5-6 պաշտոնյաները, ովքեր Լ. Տեր-Պետրոսյանի օրոք Անվտանգության խորհրդի անդամներ էին, ովքեր մեր ձերբակալության որոշումներն էին կայացնում: Այն ժամանակ պաշտոնավարում էին Ազգային անվտանգության պետական վարչության պետ Սերժ Սարգսյանը, իսկ այսօր՝ պաշտպանության նախարարը, եւ ներկայիս ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը: Նաեւ նրանք էին որոշումներ կայացնողները»:

Թեկուզ թույլ, բայց շարունակվում է բոցկլտալ «ԱրմենՏել»-ի շուրջ խարույկը՝ բորբոքվելու որոշակի հեռանկարով: «ԱրմենՏել»-ը մոռացավ իր խոստումները «Ինտերնետի» եւ բջջային հեռախոսակապի վարձավճարներն իջեցնելու մասին, չի թվայնացրել բոլոր կայանները, անորոշ ժանկետով հետաձգել է իր կատարելիք խոշոր ներդրումները: Բջջային կապի որակը շարունակում է շատ վատը մնալ... Եվ այս պյուռոսյան հաղթանակը մեր կառավարության սրտով է: Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հաջողված գործարք էր համարվում «ԱրմենՏել»-ին մեր կապի համակարգը հանձնելը», - համադրում է «Առավոտ»-ը:

«Ձեռք բերված պայմանավորվածությունները վկայում են, որ դրանից ավելի շատ շահել է ոչ թե կառավարությունը, այլ «ԱրմենՏել»-ը», - գնահատում է «Հայոց Աշխարհ» թերթի մեկնաբանը, առաջին հերթին նկատի ունենալով կառավարության զիջումները «ԱրմենՏել»-ի ներդրումային պարտավորությունների հարցում: Մեկնաբանը հատուկ առանձնացնել է նաեւ վերահսկողության խնդիրը, նշելով. - «Հայտնի չէ, թե բնակիչ-բաժանորդը ինչպես պետք է պաշտպանի իր իրավունքները րոպեավճարի կիրառման ընթացքում հնարավոր հավելագրումների դեպքում: Այս ոլորտի վերահսկողությունը բացառապես թողնված է «ԱրմենՏել»-ին: Կուզենա կխաբի, չի ուզենա՝ չի խաբի»:

«Որեւէ երաշխիք՝ պաշտպանվելու համար «ԱրմենՏել»-ի հեռախոսակայանների աշխատակիցների հնարավոր կամայականություններից՝ խոսակցությունների ուռճացված հաշիվների տեսքով, գոյություն չունի», - կառավարութանն իր բաժին քննադատությունն է ուղղում «Ազգ»-ը: - «Մշտական մտահոգության առարկա է հեռախոսակապի որակը»: Բայց բաժանորդների շահերին խփող այսօրինակ «մանրուքները» կառավարությանը չեն հետաքրքրել: «Հետեւությունը մեկն է՝ կառավարությունը զբաղված էր ավելի «մեծ» եւ իր համար կարեւոր հարցեր լուծելով»:

«Հայաստանի կոմունիստ» թերթում Կոմկուսի կենտկոմի հայտարարությունն է. «Եթե երկրի իշխանությունները խաբում են ժողովրդին կամ ի զորու չեն լուծելու նույնիսկ ամենակենսական հարցերը, պետք է ինքնակամ հեռանան, այլապես ժողովուրդը ինքը նրանց կհեռացնի, ինչպես դա արվեց Մոլդովայում եւ ինչպես դա ուզում են անել Արգենտինայում»:

«Հայաստանի Կոմկուսը Հայաստանում բորբոքվող հնարավոր անսանձելի զարգացումների պատասխանատվությունը դնում է ներկայիս իշխանությունների վրա, որոնք իրենց ապազգային ներքին ու արտաքին քաղաքականությամբ թշվառության ու աղքատության մատնված ժողովրդին ուղղակիորեն հրահրում են անհնազանդության», - ձեւակերպել են կոմունիստները:

«Ազգ» թերթը անդրադարձել է, որ իշխանության կադրային քաղաքականությունը շարունակում է որեւէ տրամաբանության չենթարկվել: Ինչո՞ւ է նախարարի պաշտոն ստանում տվյալ ոլորտի հետ կապ չունեցող ինչ-որ մեկը, ինչո՞ւ են մի նախարարի պաշտոնից հեռացնում, եթե ամիսներ անց նրան նորից նշանակում են նույն տեղում. բազմաթիվ այսօրինակ հարցեր առ այսօր անհասկանալի են մնում: Բայց եւ հրատապ են հատկապես սպասվող նոր փոփոխությունների շեմին:

Այս դաշտից «Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը կտրականապես դեմ է արտահայտվել իր՝ գյուղնախարարի պաշտոնում նշանակվելու հնարավորությանը: Սա ամենեւին զարմանալի չի համարվում, քանի որ նրա ներկայիս պաշտոնը ավելի ազդեցիկ է: Ի դեպ, վերջերս ավելի ու ավելի շատ պաշտոնյաներ են սկսել լրատվամիջոցներով ասես ուղղորդել, թե իրենց ինչ պաշտոն է վայել եւ ինչ չեն ուզում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG