Մատչելիության հղումներ

Հրատարակվել է Հայ եկեղեցու պատմությանը նվիրված կոթողային աշխատություն


Անցած շաբաթ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի նախագահությամբ Էջմիածնում տեղի ունեցավ Պոլսո պատրիարք Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» աշխատության նոր հրատարակության շնորհանդեսը: Կոթողային այդ եռահատոր աշխատությունը, որ ընդգրկում է հայ եկեղեցու պատմությունը մինչեւ 20-րդ դարի սկիզբը, առաջին անգամ լույս է տեսել Կոստանդնուպոլսում 1908 թվականին:

Հայ հոգեւոր ու մշակութային կյանքում իրադարձային այս հրատարակությունը, Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ, նախաձեռնել ու իրականացրել է Երեւանի պետական համալսարանի աստվածաբանական ֆակուլտետի դեկան Շահե արք. Աճեմյանը:

«Վերջապես հայրենիքը կարողացավ իրագործել նման խոշորագույն, արժեքավոր երկի վերահրատարակությունը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դասախոս Խորեն Պալյանը:

«Մենք կարծում ենք, որ գիտական մակարդակի վրա, աշխատության լույսընծայումը պիտի քաջալերի բոլոր այն գիտնականներին, ովքեր ցանկություն ունեն զորավիգ լինելու եկեղեցուն ու նրա առաքելությանը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Շահե արքեպիսկոպոսը: - «Մեր առաքելությունը հային հայ պահելն է. հայ՝ իբրեւ մտածող, հայ՝ իբրեւ հայրենասեր, հայ՝ իբրեւ հավատացյալ, հայ՝ իբրեւ ազգային անձնավորություն»:

Խորեն Պալյանի կարծիքով, «Ազգապատում»-ի վերահրատարակումը կարող է հարված հասցնել «բոլոր այն մոլորվածներին, ովքեր այս դժվարին նյութական, տնտեսական օրերին, օգտվելով Հայաստանի ժողովրդավարական կացությունից, այստեղ պղտոր ջրի մեջ ձուկ են որսում»՝ նկատի ունենալով աղանդներն ու «մյուս հարանվանությունները»:

«Ով Էջմիածնի դեմ որեւէ ոտնձգություն է անում, - համոզմունք հայտնեց Խորեն Պալյանը, - «նա ոտնձգություն է անում մեր պատմության, մեր մշակույթի, մեր բազմադարյան մատենագրության դեմ»:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG