Մատչելիության հղումներ

Ըստ ուժի մեջ մտած օրենքի, դեսպան լինելու համար Հայաստանի քաղաքացիությունը պարտադիր չէ


«Մենք ունենք մի քանի դեսպաններ, որոնք այլ երկրների քաղաքացիներ են հանդիսանում՝ լինելով ազգությամբ հայ: Եվ այս առումով, օրենքը ինքնին այս անձանց օրենքից դուրս վիճակի մեջ չի դնում», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, մեկնաբանելով 2001 թվականի դեկտեմբերի 12-ից ուժի մեջ մտած «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը:

Ուստի Ավստրիայում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Հայաստանի դեսպան, ԱՄՆ քաղաքացի Ջիվան Թաբիբյանը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան, Ֆրանսիայի քաղաքացի Քրիստիան Տեր-Ստեփանյանը առանց Հայաստանի քաղաքացիություն ընդունելու կարող են մնալ այդ պաշտոններում:

«Օրենքը չի սահմանափակում, որպեսզի նախարարը, փոխնախարարները եւ դեսպանները լինեն այլ երկրների քաղաքացիներ: Ցանկալի է, որ նրանք լինեն Հայաստանի քաղաքացի», - շարունակեց արտգործնախարարության խոսնակը:

Քաղաքացիություն ունենալու պարտադիր պայման կա, սակայն, համեմատաբար ավելի ցածր պաշտոնների համար: Օրենքում նշված է, որ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակվելու իրավունք ունի միայն ՀՀ քաղաքացին:

Նախարարներին եւ փոխնախարարներին այդ ցանկում չընդգրկելու տրամաբանությունը կարելի է գտնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում, ըստ որի նախարարները քաղաքական պաշտոն են համարվում, փոխնախարարները՝ հայեցողական: Դեսպանի պաշտոնի մասին այս վերջին օրենքում խոսք չկա:

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նաեւ բավականին ազդեցիկ մի պաշտոն է նախատեսվում: Դա արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն է:

Քաղաքական հարցերից բացի, դիվանագիտական համակարգի մնացած գործունեությունը, ըստ Ձյունիկ Աղաջանյանի, համակարգելու է արտգործնախարարության գլխավոր քարտուղարը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG