Մատչելիության հղումներ

Պետեկամուտների նախարարի կարծիքով, բյուջետային մուտքերը հնարավոր է ապահովել՝ հարկային դաշտ բերելով ստվերային տնտեսության մի մասը


«Եթե 40-50 տոկոս ստվերայնությունից 15 տոկոսն անգամ հաջողվի բերել հարկային դաշտ, ապա հնարավոր կլինի ապահովել բյուջետային մուտքերը», - երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը:

«Բացարձակ թվերով 2002 թվականի հարկային ու մաքսային մուտքերի աճը կազմելու է մոտավորապես 16 տոկոս: Այնինքն 168 միլիարդ փաստացի կատարողականի դիմաց 2002 թվականին կլինի 194,4 միլիարդ դրամ: Դա բավականին լուրջ ցուցանիշ է», - ասաց Երվանդ Զախարյանը: - «Պատասխանատու է այդպիսի հայտարարություն անել այսօր, բայց մենք պարտավոր ենք այդ պլանները կատարել, ուղղակի ուրիշ ճանապարհ չկա»:

«Ստվերը բավականին մեծ է: Այն թվերը, թե հանրապետության տնտեսությունում կա՝ 40-50 տոկոս ստվերային տնտեսություն, դա ինչ-որ տեղ համապատասխանում է իրականությանը», - ասաց Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով, կան ոլորոտներ, ուր ստվերայնությունը 80-90 տոկոս է՝ տոնավաճառները, հասարակական սնունդը (այս ոլորտում, ի դեպ, արդեն սահմանվել է հաստատագրված հարկ) եւ առեւտուրը (որի հարկումը, այսուհետ, կախված է լինելու շրջանառության չափից):

Գումարների մի մասն էլ, ինչպես հայտնի է, նախատեսվում է հավաքագրել խոշոր հարկատուներից, որոնք թվով 300-ն են, սակայն ապահովում են հարկային մուտքերի մոտ 55 տոկոսը:

Խոշոր հարկատուների հետ աշխատելու համար նախարարությունում ստեղծվել է հատուկ վարչություն, ինչը 24 տարածքային տեսչություններին ավելի շատ ժամանակ ու հնարավորությունները կընձեռի մանր ու միջին հարկատուների հետ աշխատելու համար:

«2001 թվականին ՀՀ պետբյուջեով նախատեսված էր, որ հարկային ու մաքսային մուտքերը միասին պետք է կազմեին 173.3 միլիարդ դրամ, սակայն դրանք հասան միայն 168 միլիարդ դրամի մակարդակին, ինչը քիչ ավելի է 97 տոկոսից», - անդրադառնալով անցած տարվա կատարողականին, ասաց Երվանդ Զախարյանը: - «Հարկային մասով հավաքագրվել է 84.4 միլիարդ դրամ, ինչը նախատեսվածի 93 տոկոսն է, սակայն 2000 թվականի ցուցանիշները գերազանցում է 10.5 տոկոսով»:

Իր պաշտոնավարության 6 ամսվա ընթացքում, այսինքն պետեկամուտների նախարարությունից մաքսային կոմիտեի առանձնանալուց հետո, Երվանդ Զախարյանը պետեկամուտների նախարարության աշխատանքը գնահատում է բավարար, քանի որ հարկային մասով բյուջեի թերակատարման պատճառ են դարձել սոսկ էներգետիկ համակարգի չվճարումները, որոնք կազմում են 7.5-8 միլիարդ դրամ, այսինքն այնքան, որքանով թերակատարվեցին հարկային պարտավորությունները բյուջեի նկատմամբ:

«Բայց դա դեռ չի նշանակում, որ պետեկամուտների նախարարությունը կատարեց այն ամենը, ինչ կարող էր անել»,- ասաց նախարարը, ավելացնելով, որ հույս ունի, թե լրամշակված հարկային օրենսդրությունը դրականորեն կանդրադառնա նախարարության սկսված տարվա աշխատանքի արդյունքների վրա:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG