Մատչելիության հղումներ

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Հայաստանի իշխանություններին


«Հյուման Րայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույզի հեղինակների եզրահանգմամբ, Հայաստանի իշխանությունները 2001 թվականին չկարողացան ժողովրդին վերադարձնել այն յուրօրինակ բարոյական վարկը, որ Եվրախորհուրդը տվել էր երկրի իշխանություններին՝ իր շարքերում տեղ հատկացնելով Հայաստանին:

Ըստ զեկույցի, Հայաստանում դեռեւս թարմ է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգության վերքը, եւ այդ թեման շարունակում է իշխել քաղաքական եւ հասարակական քննարկումներում: Մինչդեռ իշխանությունները շատ քիչ բան են արել երկրում մարդու իրավունքների բնագավառում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ընդհանուր գծերով 2001 թվականին Հայաստանում պատկերը, ըստ զեկույցի, հետեւյալն է. կալանավայրերում շարունակվում են կտտանքները, նախկինի պես բանակում նվաստացնում են զորակոչիկներին, կրոնական փոքրամասնություններին հետապնդում են, աղքատությունը աճում է եւ այս ամենի հետ մեկտեղ աճում է իշխանությունների կոռումպացվածությունը:

Ընդանհրապես, ըստ «Հյուման Րայթս Ուոթչի», Հայաստանում մարդու իրավունքները գործնականում պաշտպանելու փոխարեն իշխանությունները ավելի շատ խոսում են համակարգային բարեփոխման մասին:

Քանի դեռ քրեական օրենսգրքից վերացված չէ մահապատիժը, դատարաններն այդ վճիռը կայացնում են: Ըստ զեկույցի, խորհրդարանում քրեական նոր օրենսգրքի ընդունումը հետաձգվում է մինչեւ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ավարտը: Հասարակությունը պահանջում է մահապատժի ենթարկել ահաբեկիչներին: Այդուհանդերձ, «Հյուման Րայթս Ուոթչ»-ը ընդունում է, որ հակառակ դատարանի վճիռների, մահապատժի վերաբերյալ մորատորիումն առայժմ պահպանվում է:

Զեկույցի հեղինակները չեն շրջանցել բանակում մահացության դեպքերի հետ կապված հետաքննություններն ու դատավարությունները: Մատնանշել են նաեւ Եհովայի վկաների նկատմամբ կիրառվող քրեական օրենսգրքի հոդվածները, որոնք ընդունվել էին դեռեւս 1960-ական թվականներին:

Աղաղակող դեպքերի շարքում է դասվել նաեւ «Առագաստ» սրճարանում կատարված սպանությունը: Հարկ է նշել, սակայն, որ զեկույցը գրելու պահին այդ գործով դատավարությունը դեռ չէր սկսվել:

Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության փորձագետները արձանագրում են, որ թեեւ Հայաստանի իշխանությունները պնդում են, թե 7 տարի անընդմեջ տնտեսական աճ է արձանագրվում, բնակչության մեծամասնությունը ապրում է չքավորության պայմաններում: Կառավարությունը հռչակում է հակակոռուպցիոն պայքար, մինչդեռ այն խիստ ընտրովի եւ քաղաքականացված բնույթ է կրում:

Նախկին տարիների պես, փոքրաթիվ վերնախավը վերահսկում է տնտեսական եւ քաղաքական բոլոր ռեսուրսները: Քաղաքական այլախոհությունը չի հանդուրժվում: Մամուլում առավել քննադատական հոդվածների հեղինակներին սպառնում են: Հակակառավարական ցույցերի, մասնավորապես 2000 թվականի հոկտեմբերին եւ 2001 թվականի սեպտեմբերին կայացած ցույցերի կազմակերպիչներին կալանել եւ վարչական պատժի են ենթարկել, իսկ ցույցը լուսաբանող լրագրողներից առգրավել են տեսախցիկներն ու ժապավենները:

Այս տարվա հաշվետվության հեղինակները ներկայացրել են նաեւ միջազգային մյուս կազմակերպությունների դիտողությունները, որոնք հիմնականում վերաբերում իշխանությունների դանդաղկոտությանը՝ մարդու իրավունքների պաշպանությանն ուղղված բարեփոխումների իրականացման հարցում:

Դրական ձեռքբերումների շարքում հեղինակները գրում են, որ անցյալ տարի Հայաստանի իշխանությունները իրավապաշտպաններին չեն հետապնդել:

Հարկ է նշել, որ անցյալում Հայաստանին վերաբերող նման զեկույցների համեմատությամբ այս տարվա զեկույցը, ընդհանուր առմամբ, ավելի դրական է:

Նույնը դժվար է ասել, օրինակ, հարեւան Ադրբեջանի մասին:
Նշվում է, որ 2001-ին Ադրբեջանի իշխանությունները կրկին անարդար ընտրություններ կազմակերպեցին, շարունակում էին հետապնդել անկախ մամուլը եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին , ինչպես նաեւ տնտեսական ու սոցիալական բողոք արտահայտող քաղաքացիներին:

Ադրբեջանը չենթարկվեց միջազգային ճնշմանը եւ ազատ չարձակեց մի քանի տասնյակ քաղաքական բանտարկյալներին: Իսկ ընդհանուր պատկերը բնութագրող ամենավառ գնահատականը հրապարակել է ընտրություններին ներկա Եվրախորհրդի դիտորդական առաքելությունը. «Միջամտության աստիճանը գերազանցեց բոլոր հնարավոր սահմաննները: Մենք երբեք նման բան չէինք տեսել»:


Արմեն Դիլանյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG