Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ժամանակ» թերթի կանխավարկածով, քիչ հավանական է, որ այս տարի «քաղաքական ուժերը քաղաքակիրթ պայքարի շրջանակից դուրս գալու փորձեր անեն, մանավանդ որ անցյալ տարվա փորձն էլ ցույց տվեց, որ նման քայլերը անհիմն, անպտուղ ու աննպատակահարմար են»: Սրա հետ մեկտեղ խմբագրականում ընդգծված է. «Այս տարին եւս դժվարին խնդիրների լուծման եւ անկախ պետականության ամրապնդման ճանապարհին մեծ ճիգեր ու ջանքեր պահանջող ժամանակահատված է լինելու... Հատկապես ծանր է լինելու պայքարը ստվերային տնտեսության դեմ... Հանրապետությունում անվստահության ու կասկածամտության մթնոլորտի վերացման համար առանցքային նշանակություն ունեն «Հոկտեմբերի 27»-ի դատավարության անաչառ ընթացքն ու ոճրագործության լիակատար բացահայտումը»:

«Սթափվելու պահը» վերնագրի տակ «Առավոտ» թերթը շեշտադրում է, թե Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Սաադաթի հիշեցում-հայտարարությունից հետո, որ իրենց կազմակերպությունը Հայաստանի հարկատուն չէ, եւ մեր կառավարությունը բյուջեն համալրելու պահանջով պետք է դիմի սեփական հարկատուներին, գուցե իրականության կորցրած զգացումը գտնեն թե' մեր պաշտոնյաները, թե' ժողովուրդը:

Մինչեւ հիմա «բյուջեն չկատարելու մեղքը բարդվում էր հերթական վարկը չտրամադրելու կամ ձգձգելու վրա, այլ ոչ թե՝ հարկային մուտքերը ապահովել չկարողանալու։ Բայց ամեն ինչ իր տեղն ընկավ», - նշում է «Առավոտ»-ը։ - «Եվ իշխանությունը ստիպված կլինի այսուհետ անվստահություն հայտնել ոչ թե ՀԲ-ին, այլ հզոր տանիքներ ունեցող խոշոր հարկատուներին։ Այսինքն, ի վերջո, ինքն իրեն»։

Նախընտրական տարվա առաջին նախանշաններում «Իրավունք» թերթը առանձնացրել է. «Մի շարք նախարարություններում «ճամպրուկային» տրամադրություններ են, քանի որ օրերս սպասվում են կառավարության «թարմացումներ», ընդ որում, նախատեսվում է ձեւավորել երկաթյա թիմ, որն ամբողջովին ծառայելու է նախընտրական նպատակներին»:
Երկրի բոլոր չինովնիկների նշանակումն ու պաշտոնական առաջխաղացումն էլ այլեւս կախված է լինելու Քաղաքացիական ծառայության խորհրդից, այսինքն, վերջին հաշվով՝ Հանրապետության նախագահից:

«Կարելի է ասել, որ նախագահը վերջապես գտավ այն «ժողովրդին», որն իր կուսակցությունն է. դա շուրջ 7000 պետական ծառայողներն են: Հենց նրանք էլ լինելու են նախագահի հիմնական քաղաքական հենարանը», - սահմանել է «Իրավունք»-ի մեկնաբանը, որպես ցայտունացող միտում հավաստելով նաեւ՝ - «Գնալով կոշտանում են իշխանության քայլերը զանգվածային լրատվության ոլորտում»՝ ընդհուպ մինչեւ «տարբերակներ են քննարկվում, թե ինչպես լուծել թերեւս միակ շեշտակի հականախագահական ալիքի՝ «Ա1+»-ի հարցերը, իսկ ըստ որոշ նշանների, ընդդիմադիր թերթերի լրագրողների կյանքի բոլոր դրվագների ուսումնասիրության գործընթացներն էլ կտրուկ ակտիվացել են»:

Ինչպես արձագանքում է «Հայոց Աշխարհ» թերթը, «այս օրերին հհշամետ լրատվամիջոցներով հիստերիկ ու տրամաբանության հետ որեւէ առնչություն չունեցող քարոզարշավ է սկսվել նախկինում բազմիցս չարչրկված ու հերքված «Հոկտեմբերի 27»-ի գործի մի շարք նյութերի եւ դրանց առնչվող մտացածին մանրամասների գործադրմամբ»:

Ի դեպ, այսօր էլ «Առավոտ»-ում կա նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանին առնչվող մի նոր հրապարակում: Փաստաբան Ռուբեն Սահակյանը այս կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասել է. «Եթե փաստեր կան, թող ներկայացնեն: Այլապես անընդհատ հոլովվում են «փաստեր» եւ «այլ ապացույցներ» արտահայտությունները: Այնինչ Ն. Հունանյանի ցուցմունքներից բացի, Ալեքսան Հարությունյանի, ինչպեսեւ շատերի դեպքում որեւէ այլ ապացույցներ չկան»:

Փաստաբանի գնահատականով, այդ հրապարակումները «ինչ-որ մի կենտրոնի հրահանգով եւ նախապես ծրագրված, բայց անտաղանդ կատարված հրապարակումներ են: Վերջին հանգամանքի առումով գուցե նրանց հաշվարկները ճիշտ են, քանզի անհեթեթությունների հերքելը անշնորհակալ եւ շատ ավելի դժվար գործ է», - նշում է նա: - «Որպեսզի հերքես նման տասը տողանոց անհեթեթություն, պետք է մի հարյուր տող պատասխանես: Ընդ որում՝ միանգամայն համոզված, որ պատասխանը անհիմն շահարկումների ու նոր անհեթեթ հրապարակումների առարկա կդարձնեն»:

«Արդեն այնքան ենք վարժվել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ պարբերաբար վերսկսվող ու նույն պարբերականությամբ էլ փակուղի մտնող բանակցություններին, որ մոռացության ենք տվել 2002 թվականի կարեւոր, եթե ոչ ճակատագրական նշանակությունը, արդեն իր տասնամյակը բոլորող ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով ընթացող բանակցային գործընթացի մեջ», - ուշադրություն է կենտրոնացնում «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, որի ընդգծմամբ, 2002 թվականը ճակատագրական է դառնալու «առաջին հերթին նրանով, որ հաջորդ՝ 2003 թվականը ընտրությունների տարի է եւ' Հայաստանում, եւ' Ադրբեջանում, ուստի այդ հանգամանքը առնվազն մեկ տարով եւս հետաձգելու է հիմնահարցի կարգավորումը»: Այնպես որ հենց այս տարի փորձեր են արվելու արագ լուծումներ պարտադրել:

«2002-ի բանակցային գործընթացի խորքային ինտրիգը այն է, որ մեծանում է կողմերին հաշտություն պարտադրելու նպատակին ուղղված միասնական բանաձեւի մշակման հավանականությունը», - նշում է մեկնաբանը: - «Ակնհայտ է, որ այդ բանաձեւի մշակման նախաձեռնությունը կրկին պատկանելու է Միացյալ Նահանգներին, իսկ Ռուսաստանը գոնե բացահայտորեն չի դրսեւորելու իր բացասական վերաբերմունքը Ղարաբաղյանի հիմնահարցի մոտալուտ կարգավորման հեռանկարի հանդեպ»:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG