Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան հոլդինգը Երեւանում քննարկում է հայաստանյան մի շարք ձեռնարկությունների վերակենդանացման հնարավորությունները


Ռուսաստանյան «Մարկոս Գրուփ» հոլդինգի հայաստանյան մասնաճյուղի՝ «Մարկոս Գրուփ-Արմենիա»-յի կազմի մեջ մտնող 17 ձեռնարկությունների ղեկավարներն այսօր քննակեցին իրենց արտադրությունների վերակենդանացման խնդիրները: Փակ նիստում քննարկվել են նաեւ հոլդինգի մեջ մտնող «Կրեդիտ-Երեւան» բանկի առողջացման հետ կապված հարցերը:

Խորհրդակցության՝ լրագրողների համար բաց առաջին հատվածում , այսպես ասած, «մայր» հոլդինգի մոսկովյան ներկայացուցիչները ներկայացրին իրենց պատկանող հայաստանյան ընկերություններում անցկացված ուսումնասիրությունների արդյունքները։

«Մարկոս Գրուփ» հոլդինգի ֆինանսական գծով փոխնախագահ Վալենտինա Լիտվիենկոյի տպավորությամբ, հայաստանյան ձեռնարկությունների տնօրենները ի վիճակի չեն նոր պայմաններում աշխատել, ճիշտ գնահատել իրենց գույքն ու մնացած ակտիվները, համագործակցել արհեստավարժի համբավ ունեցող հայաստանյան խորհրդատվական եւ մարկետինգային ընկերությունների հետ։

Այդուհանդերձ, մոսկովյան գործարարների գնահատմամբ, հայաստանյան ձեռնարկություններում ինժեներական եւ բանվորական մեծ ներուժ կա եւ ներդրումների առկայության պարագայում դրանցում կարելի է մրցունակ արտադրանք թողարկել։ Հոլդինգը երաշխավորում է դրա վաճառքը ռուսական եւ արեւմտյան շուկաներում։

Մոսկովյան խումբը, ըստ նրա ֆինանսական գծով փոխտնօրենի, պայմանավորվածություններ ունի արեւմտյան երեք խոշոր ներդրումային ընկերությունների հետ, որոնք ցանկություն են հայտնել ներդրումներ անել հոլդինգի հայաստանյան մասնաճյուղի ձեռնարկություններում։

Հոլդինգի երեւանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Իվան Սեմյոնովն ասաց, թե մեքենաշինական եւ էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկությունները վերակենդանացնելու հարցում շեշտը դրվելու է բարձր տեխնոլոգիաների վրա։ Հոլդինգի տեսադաշտում են նաեւ նախկին ԽՍՀՄ-ի ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները։

Ինչ վերաբերվում է այսօրվա խորհրդակցության երկրորդ՝ դռնփակ մասին, ապա այստեղ, ամենայն հավանականությամբ, այլ հարցերի հետ մեկտեղ պետք է քննարկվեր «Կրեդիտ-Երեւան» բանկի առողջացման խնդիրը։

Հայաստանյան բարվոք բանկային համակարգում երբեմնի կայուն եւ նույնիսկ առաջատար համարվող «Կրեդիտ-Երեւան» բանկը անցյալ տարեվերջին հայտնվեց սնանկացման եզրին, եւ, իրավիճակն հաշվի առնելով, Կենտրոնական բանկը այդտեղ արտաքին կառավարիչ նշանակեց եւ ներկայումս իրականացնում է ֆինանսական առողջացման ծրագիր։

Որոշ տեղեկություններով, բանկի նախկին սեփականատեր՝ ԱԺ պատգամավոր Մարտին Հովհաննիսյանը, ավանդագումարները շահաբեր վարկերի մեջ տեղաբաշխելու փոխարեն, պարզապես ֆինանսավորել էր սեփական բիզնեսը, ու ինչպես երեւում է, տանուլ տվել, կամ, պարզապես գոյացած շահույթներից բաժին չէր հանել ավանդատուներին՝ բանկը դնելով ֆինանսապես ծանր կացության մեջ։

Այս վիճակում էլ, սեփականատերը բանկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը փոխանցել էր իր գործընկերոջը՝ մոսկվաբնակ գործարար Լեւոն Հայրապետյանին, որին էլ պատկանում է «Մարկոս-Հոլդինգ» ֆինանսաարդյունաբերական խումբը։

Թե ի՞նչ վիճակում են բանկի գործերը, ե՞րբ կվերադարձվեն ավանդները, եւ կվերադարձվե՞ն արդյոք լիովին, հոլդինգի գործադիր տնօրենը ասաց, որ դա կարող է պարզվել մոտ մեկ ամիս հետո:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG