Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ» թերթը տպագրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանի ամանորյա ուղերձը: «Այսօր գլխավոր առաջնահերթությունը հայրենիքի ռազմական հզորության ամրապնդումն ու կատարելագործումն է, այն անհրաժեշտ է, առաջին հերթին, երկրի խաղաղության համար»:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ամրապնդման ուղղությամբ նախարարն ասում է, որ 2001 թվականին «կատարելագործվել են պաշտպանական հատվածների ինժեներական սարքավորումները, ստեղծվել են ծառայության անվտանգությունը եւ պատշաճ կենցաղը ապահովող պայմաններ»:

Նշելով, որ այսօր ծառայությունը, թեեւ ընթանում է խաղաղ պայմաններում, Սեյրան Օհանյանը նաեւ ընդգծում է. «Մեր հաջողությունների գրավականը պետք է լինի ոչ միայն պաշտպանությունը, այլեւ հարձակողական ունակությունները: Հակառակորդին լռեցնելու, ջախջախելու համար պետք է նրան թելադրել մեր կամքը: Պաշտպանվելու հետ՝ պետք է կարողանանք հասցնել նաեւ հուժկու հակահարվածներ: Հաղթանակն ապահովում են սաստիկ ճնշումը, բուռն գրոհն ու սրընթաց հարձակումը: Եզրակացությունը մեկն է՝ մեր «հաղթանակի գիտությունն ու ռազմարվեստը» պետք է կերտենք ճիշտ մարտավարությամբ»:

Ամանորյա ուղերձը նախարարը եզրափակում է այսպես. «Ցանկանում եմ ասել, որ այս ամենը գրել եմ գիշերը՝ մեկ շնչով, առանց ձգձգելու, որովհետեւ ժամանակը չի կարելի վատնել հենց այնպես, որովհետեւ համոզված եմ, որ դուք՝ իմ բանակային, ծառայողական ընկերները, ինձ կհասկանաք, ու մենք միանգամից կլծվենք նոր գործերի՝ նոր հաղթանակների ակնկալիքով»:

Անդրադառնալով ՀՌԱԿ եւ ՀՅԴ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը, «Հայաստանի Հանրապետություն» թերթը մեջբերում է ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի խոսքը. «Երկու ավանդական կուսակցություններն ունեն ընդհանրություններ... Հայ դատի հետապնդումը»: Դաշինքի ստեղծման հնարավորության մասին Ռուբեն Միրզախանյանն ասում է՝ «Նման հնարավորություն խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթադրելի չէ»:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ընդգծում է. «Դաշինքները ինքնանպատակ չեն: Վերջին երկու խորհրդարաններում ականատես ենք եղել դաշինքների անարդյունավետության մի քանի օրինակների, ուստի այդ հարցը անչափ կարեւոր ու հրատապ չենք համարում»: Նրա գնահատմամբ, 2002 թվականը իսկապես վճռորոշ տարի է լինելու, քանի որ նախատեսվում է սահմանադրական հանրաքվե, իսկ հաջորդ տարի ընտրություններ են տեղի ունենալու բոլոր մակարդակներում»: Սահմանադրական բարեփոխումների հարցում Արմեն Ռուստամյանը նշում է՝ «Աջակցում ենք նախագահի նախաձեռնությանը»:

«Ընտրություններից առաջ անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքական դաշտը հստակեցվի, եւ ժողովրդի համար պարզ լինի՝ ո՞ր ուժերը ինչ ծրագրով են հանդես գալիս, երկրի զարգացման ինչ հեռանկար են առաջարկում», - «Հայոց Աշխարհ»-ում ասում է կոմունիստ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը: - «Մենք համարում ենք, որ խորհրդարանական կառավարման ձեւը առավել ընդունելի է Հայաստանի համար»:

«Առավոտ»-ի տեղեկություններով, նախկին պետնախարար Սեպուհ Թաշչյանը էներգետիկ չարաշահումների գործում ընդգրկված է ոչ թե որպես մեղադյալ, այլ որպես վկա: Նախաքնական մարմինը դիմել էր արտգործնախարարությանը եւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը՝ Սեպուհ Թաշչյանի հետ կապ հաստատելու համար: «Առավոտ»-ը հայտնում է, որ նախկին պետնախարարին գտել են, եւ նա պատրաստակամություն է հայտնել առաջիկայում Հայաստան գալու եւ հարցաքննվելու:

«1998-ի հոկտեմբերի 30-ին Դաշնակցության կազմակերպած հանրահավաքում այդ կուսակցության անդամ Աշոտ Փափազյանը մեծ կրքով մեղադրում էր Դավիթ Շահնազարյանին, Վիգեն Խաչատրյանին, Էդվարդ Եգորյանին, Վահագն Խաչատրյանին եւ այլոց՝ կոռուպցիայի, կաշառակերության եւ անօրինական եկամուտներ ունենալու մեջ», - հիշեցնում է «Առավոտ»-ը։ - «Երեք տարվա ընթացքում քոչարյանական դատախազությունը չկարողացավ ապացուցել այդ մեղադրանքներից ոչ մեկը։ Փոխարենը ինքը՝ պրն Փափազյանը իր (հավանաբար՝ օրինական) եկամուտներից կարողացավ գտնել 540 հազար դոլար՝ Կոմիտասի շուկան վարձակալելու համար»։

Աշոտ Փափազյանը «Առավոտ» թերթին տեղեկացրել է, որ իր «Յունիոն սերվիս» ՍՊԸ-ն Կոմիտասի շուկան «Հայկոոպ»-ից վարձակալել է 15 տարի ժամետով: Նա հերքել, թե Կոմիտասի շուկան, մեծ հաշվով, տրվել է Դաշնակցությանը:

«Դաշնակցության հետ կապ ունեմ այնքանով, որ ինքս դաշնակցական եմ»,- «Առավոտ» թերթին ասել է Աշոտ Փափազյանը:


Հրաչ Մելքումյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG