Մատչելիության հղումներ

Հայաստանում բացվեց թուրքմեն ամիրայի դամբարանը


Երեւանի մերձակայքում գտնվող Արգավանդ գյուղում այսօր տեղի ունեցավ 1413 թվականին կառուցված թուրքմեն ամիրա Փիր Հուսեյնի դամբարանի բացման արարողությունը:

1405 թվականից Հայաստանի տարածքը նվաճեցին թուրքմենական ցեղախմբերը, որոնք, հայ պատմաբանների վկայությամբ, խաղաղ գոյակցում էին հայերի հետ:

«Նրանք կարողացան համագործակցել հայ իշխանների հետ՝ Օրբելյանի իշխանների հետ միասին կռվեցին Լենկ Թեմուրի հաջորդների դեմ, եւ այդ զինվորական համագործակցության շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ շունչ քաշել Լենկ Թեմուրի ծանր արշավանքներից հետո», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մատենադարանի փոխտնօրեն Վարդան Գրիգորյանը:

«Այս դամբարանը խորհրդանշում է 14-15 դարերից ի վեր մեր նախնիների արնատավորած հարաբերությունները եւ հիշեցնում մեզ քրիստոնյա եւ մահմեդական ժողովուրդների խաղաղ գոյակցության հնարավորության մասին», - բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում Թուրքմենիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոլի Կուրբանովը:

Արարողությանը ներկա էր նաեւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Իր խոսքում նա ասաց, որ «միջոցառումը նպատակաուղղված է թուրքմեն եւ հայ ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ու զորացմանը»:

«Սա վկայությունն է նաեւ այն խնդրի, որ հայ ժողովուրդը՝ իր քաղաքակրթական հիմքով իսկապես որեւէ ռասայական, կրոնական կամ այլ տիպի բարդույթներ չունի եւ չի ունենալու», - ասաց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Դամբարանը կառուցվել է հայ վարպետների ձեռքով եւ կրում է հայ միջնադարյան ճարտարապետության տարրերը: Այն 2001 թվականի ընթացքում վերականգնվել ու վերանորոգվել է Հայաստանում Թուրքմենիայի դեսպանության ջանքերով:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG