Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ընտրություններին մերձ «2002 թվականը ներքաղաքական ակտիվություն է խոստանում՝ արդեն անկախ քաղաքական այս կամ այն ուժի կամ գործչի կամքից ու հայտարարություններից»: Մեկնարկին «Առավոտ» թերթը փոխանցում է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետեւյալ խոսքը. «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը, նվազ արդյունավետությամբ, բայց նպաստեց եւ դեռ կնպաստի վիճակի հստակեցմանը. իշխանությունները գնալով ավելի են նույնանում ոճրագործների հետ... Տարեսկզբին մեր փաստաբանները հանդես կգան մի քանի սկզբունքային նախաձեռնություններով, իսկ գլոբալ առումով՝ ոճրագործությունն ամբողջությամբ կբացահայտվի միայն օրինական իշխանության վերահաստատումից հետո»:

«Հնարավո՞ր է, որ «Հանրապետությունն» էլ նախընտրական դաշինք ձեւավորի որեւէ այլ ուժի հետ, եւ արդյո՞ք այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են» հարցին Արամ Սարգսյանը պատասխանել է. «Առայժմ՝ ոչ, սակայն նման ֆորմատով առաջիկա ընտրությունների մասնակցելը շատ հնարավոր տարբերակ ենք համարում»:

Երեկ տեղի ունեցավ «Սոցիալիստական Հայաստան» միավորման եւ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական մարմինների ներկայացուցիչների հանդիպում: «Առավոտ»-ի փոխանցմամբ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Ա.Բազեյանը բարձր է գնահատել սոցիալիստամետ վեց կուսակցությունների՝ ծրագրային հենքի վրա համախմբումը եւ հայտարարել, որ այդ համախմբման հետ նրանք պատրաստ են ամենասերտ համագործակցության: Չի բացառել նաեւ հարաբերությունների էլ ավելի խորացումը՝ ընդհուպ մինչեւ առանձին խնդիրների շուրջ միավորվելը եւ, որոշ ծրագրային դրույթների հստակեցումից հետո, դաշինքային հարաբերություններ հաստատելը:

Ճի՞շտ է, արդյոք, որ Ժողովրդական կուսակցությունից առանձնացած ԺԴԿ-ն վարչապետ Մարգարյանի գլխավորած Հանրապետական կուսակցությանն առաջարկել է 2003-ին էլ ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով: «Հայոց Աշխարհ»-ի թղթակցի այս հարցին «Միասնություն» խմբակցության քարտուղար, ԺԴԿ վարչության անդամ Գագիկ Ոսկանյանը պատասխանել է. «Դաշինք կազմելու առաջարկ ո'չ մեր, ո'չ ՀԿԿ-ի կողմից չի եղել: Ընդհանրապես այդ մասին խոսելը դեռ վաղ է»: Այսուհանդերձ Ոսկանյանը որպես իրենց հավանական դաշնակիցներ արդեն նշում է ՀԿԿ-ին, «Արժանապատիվ ապագա» կուսակցությանը: Իսկ ընդդիմության մասով Գագիկ Ոսկանյանը ընդգծում է. «Իմ խորին համոզմամբ, ժողովուրդը որքան էլ իրավացիորեն դժգոհ լինի ներկայիս իրավիճակից, երբեւէ չի գնա նախկին հհշականների, Աշոտ Մանուչարյանի ղեկավարած ընդդիմության հետեւից»:

Սուրեն Զոլյանի փոձագիտական հայացքով, «2002 թվականին թե' Հայաստանում, թե' Ադրբեջանում իշխանությունները չեն դիմի ռիսկի խնդրի կարգավորման առումով՝ վտանգելով իրենց քաղաքական ապագան: Ըստ այդմ՝ հիմնահարցը առայժմ հավանաբար կսառեցվի»: «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում Սուրեն Զոլյանը խնդրի լուծման ռազմական ճանապարհից զերծ պահող հանգամանքներից նշում է. «Ուժային առումով վերջին տարիներին հակամարտության գոտում ստեղծվել է այնպիսի հավասարակշռություն, որ այն առաջինը խախտող եւ հարձակվող կողմը հսկայական կորուստներ կունենա»: Բայց եւ չի բացառվում հետեւյալ տարբերակը. «Ադրբեջանում իշխանության կողմից չվերահսկվող որեւէ ուժ դիմի սադրանքի, եւ այդ հանգամանքը օգտագործվի որպես պատրվակ՝ հակամարտության գոտի խաղաղարար ուժեր մտցնելու համար»:

«Սա ամենավտանգավոր տարբերակն է բոլոր հնարավոր զարգացումների մեջ», - ամփոփել է Սուրեն Զոլյանը: - «Չեմ կարծում, թե մոտ ապագայում այն իրականանալի է: Ուղղակի պետք է անուշադրության չմատնենք այդպիսի հնարավորությունը, որովհետեւ համընդհանուր ապակայունացման դեպքում դրսի ուժերը կարող են դիմել կտրուկ եւ դաժան միջոցների»:

«Ազգ» թերթի մեկնաբանը միտում է արձանագրում, որ իր տարածքային ամբողջականության մասին Ադրբեջանի պնդումներն արդեն կարծես թե դառնում են քիչ համոզիչ: Վկայակոչված են, մասնավորապես, «Համագործակցություն ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի միջեւ» բանաձեւի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող կետում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս նշելու ամենամյա քվեարկության արդյունքները: 1998 թվականից ի վեր Ադրբեջանի առաջարկին կողմ քվեարկողների շարքերը էապես նոսրացել են, եւ ինչպես առանձնապես արժեվորվում է՝ «ի հաշիվ ԵԱՀԿ անդամ երկրների մեծ մասի, այդ թվում Մինսկի խմբի համանախագահ պետությունների, Եվրամիության անդամ բոլոր երկրների»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG