Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ» թերթը նոր տարվա աշխատանքը սկսում է՝ հատուկ անդրադառնալով պետություն - մամուլ հարաբերություններին եւ դրանք որակելով «չափազանց բարդ»: Մեկնաբանի պատկերմամբ՝ «ժամանակին պետությունը թույլատրեց ազատ մամուլի գործունեությունը եւ նույնիսկ օգնեց, որ այն կայանա: Մամուլը պիտի թռչկոտեր հանդիսատեսի առջեւ՝ պետության համար վաստակելով քաղաքակիրթ ու ժողովրդավարական կազմավորման հեղինակությունը»:

Բայց մամուլը հաճախ այլ կերպ վարվեց: «Պետության ամեն ինչը ցավում է, ինչին ուզում ես դիպչել», - գրում է մեկնաբանը: - «Պետության մեջ զարգացել է սարսափելի նեղացկոտություն: Պետությունը դրական հույզեր է ուզում: «Բա'վ է զբաղվել քննադատամոլությամբ: Մեզ դրական բաներ են պետք», - պահանջում են լրագրողներից: «Տվե'ք մեզ այլ իրականություն, - պատասխանում են լրագրողները: - Եվ մենք կտանք ձեզ դրական բաներ»:

«Անհանգստության հանդեպ վախը ծերունական ուժաթափության նշան է», - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում: - «Ցանկացած քաղաքակիրթ հասարակություն ապրում է անհանգիստ վիճակում, եւ միայն այնտեղ, ուր տիրում է տոտալիտար վարչակարգ, լռություն է եւ անդորր, ինչպես լավ հոգեբուժարանում»:

«Իսկ մենք չենք ցանկանում կրկին հայտնվել խորհրդային գժանոցում: Չենք ցանկանում, որ մեզ ամեն առավոտ եւ ամեն երեկո ներարկեն հանգստացուցիչ դեղամիջոց... համոզեն, թե չնայած առանձին թերություններին, ընդհանուր առմամբ լավ է... Թերությունները երբեք առանձին չեն լինում», - ամփոփել է մեկնաբանը:

«Մինչ գիտնականները վիճում են՝ ինչպես սահմանել ազգային գաղափարախոսությունը, որ վերջնականապես փաստվի դրա «կեղծ կատեգորիա» չլինելը, հանրապետության «գրանդ» գործարարն արդեն իսկ գտել է ազգային գաղափարախոսության կիրարկման մեր ուրիշ ձեւը», - առաջին էջին լայնադիր տեղեկացնում է «Առավոտ» թերթը: - Նոր տարվանից թողարկվելիք «Տիգրան Մեծ» սիգարետի տուփին դրոշմված են հետեւյալ պատգամները. «Մտածենք մեծ, գործենք մեծ, երազենք մեծ»:

Ի՞նչ խնդիրների լուծում են կարեւորում Հայաստանի քաղաքական ուժերը այս տարում: Ազգային ժողովի եւ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում շեշտադրում է. «Տնտեսությանը զուգահեռ պետք է իրականացնել քաղաքական եւ պետական համակարգի բարեփոխում, որ շոշափելի արդյունքներ արձանագրվեն: Անցած տարի ձեռնարկեցինք առաջին քայլերը... Այդ գործընթացը պետք է հասցնել ավարտին, մանավանդ որ 2002 թվականը այս Ազգային ժողովի գործունեության վերջին լիարժեք տարին է լինելու»:

Նպատակ է դրված եւ մասնավորապես «հնարավորինս արագ ավարտել Ընտրական օրենսգրքի բարեփոխումը եւ այն ընդունել այս գարնանային նստաշրջանի ընթացքում», որպեսզի «ընտրություններից գոնե մեկ տարի առաջ խաղի կանոնները հստակեցված լինեն»: Մարտ ամսին վերջնականապես պետք է որոշվի հայ իրականության համար առաջնագծային եւս մեկ հարց՝ վերացնել մահապատիժը, թե՞ ոչ:

«Առավոտ»-ի խմբագրականն առանձնացրել է. «Անցած տարին մեր երկրի տնտեսության համար նշանավորվեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի այն հայտարարությամբ, որով նա անվստահություն հայտնեց միջազգային վարկատու կազմակերպություններին՝ ի դեմս Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի»։

«Այս նոր տարում որոշել ենք հույս դնել միայն սեփական ուժերի վրա. այսինքն՝ պետք է ինքներս հայթայթենք փողեր՝ «հարկային վարչարարությունը խստացնելու» ճանապարհով... Վատ գաղափար չէ։ Պարզապես, դրա իրականացմանը ոչ ոք այլեւս չի հավատում։ Անգամ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը», - նշում է «Առավոտ»-ը: Այնուամենայնիվ, մի փրկություն տեսնվում է. «Թեեւ միջազգային վարկատու կազմակերպությունների հանդեպ մեր անվստահությանը՝ այս տարվա բյուջեով նախատեսված է ՀԲ-ի ՍԱԿ-5 տրանշի ստացումը՝ 20 մլն դոլար չափով։ Այն մեր բյուջեի դեֆիցիտի քառորդ մասն է։ Այնպես որ, նույնիսկ լավ կլինի, որ այն մեզ չտրամադրեն։ Այս կերպ հնարավոր կլինի արդարացնել ու պատճառաբանել չկատարված բյուջեն եւ ստվերային տնտեսության դեմ հայտարարված պատերազմի ձախողումը»։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG