Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց 2002 թվականի պետական բյուջեն


85 կողմ, 21 դեմ եւ 4 ձեռնպահ ձայնով Ազգային Ժողովն այսօր ամբողջովին ընդունեց 2002֊ թվականի պետբյուջեն՝ կառավարության ընդունած ուղղումներով: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընդգծմամբ, այս տարվա պետբյուջեի հատկանիշը դրա չնչին կախվածությունն է արտաքին ֆինանսավորումից:

Քաղաքական խմբավորումներից փաստաթղթին դեմ են քվեարկել Հայաստանի կոմունիստական կուսակցության, Հայաստանի ժողովրդական կուսակցության, «Հայաստան» խմբի եւ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության պատգամավորները:

Պատգամավորների ու մշտական հանձնաժողովների շուրջ 230 առաջարկություններից՝ հիմնականում ծախսերի ավելացման գծով, կառավարությունը ընդունել է 86-֊ը: Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, որոշ կրճատումների, ավելացումների եւ այլ կարգի փոփոխությունների արդյունքում «2002 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նախագծի նախնական տարբերակում ներկայացվածի դիմաց կրճատվեց շուրջ 2.4 միլիարդ դրամով»:

Գալիք տարվա պետական բյուջեի վերջնական բացարձակ պարամետրերը հետեւյալն են. ծախսերը 260 մլրդ դրամ, եկամուտները 219 մլրդ, դեֆիցիտը 41 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ դեֆիցիտը կրճատվել է մոտ 13 մլրդ դրամով:

Ավելացվել են հատկացումները պաշտպանության, ներքին գործերի, դատախազության, Ազգային Ժողովում ներկայացված կուսակցությունների աջակցության, մարզերում հեռահաղորդակցության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում: Կարեւոր փոփոխություններից Վարդան Խաչատրյանը ընդգծեց աղետի գոտում շինարարության համար պետբյուջեից միջոցներ հատկացնելը:

«Պետական գույքի մասնավորեցման գումարների հաշվին 1.3 մլրդ դրամ ուղղվելու է աղետի գոտում շինարարության համար», - ասաց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը:

«2002 թվականի բյուջեն կախման մեջ չենք դնում արտաքին ֆինանսավորումից: Շատ փոքր է կախվածությունը՝ դա ՍԱՔ-5-ն է», - իր ելույթում ընդգծեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՍԱՔ-5-ը՝ Համաշխարհային բանկի կողմից հատկացվող Կառուցվածքային բարեփոխումների վարկը, 2002 թվականին կազմելու է 20 մլն դոլար, այսինքն՝ բյուջեի դեֆիցիտի մոտ մեկ քառորդը:

Անդրադառնալով գալիք գարնանը 2001֊ թվականի պետբյուջեի կատարողականի քննարկմանը, Անդրանիկ Մարգարյանը այսօր նաեւ մի կանխատեսում արեց. - «Հարկային եկամուտները բյուջեում, մեր այսօրվա նախնական գնահատումներով, կարող է չկատարվեն 3-4 միլիարդ դրամով.... Եվ ընդհանրապես, այս տարին կարող ենք փակել ընդամենը 10 մլրդ դրամ պարտքով», - ասաց վարչապետը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG