Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկի նոր վարկը աջակցելու է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանում


Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը եւ Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ստորագրեցին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը աջացելուն ուղղված «Ուսուցում եւ նորարարություն» վարկային ծրագիրը։

Այս հինգ միլիոն դոլար արժողությամբ երկարարժամկետ արտոնյալ վարկով նախատեսվում է Հայաստանում հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների արդիական ինկուբատոր, որտեղ արդեն գործող կամ սկսնակ ծրագրավորման ընկերությունները կարող են վարձակալական սկզբունքով ապահովվել համակարգչային ենթակառուցվածքով եւ գրասենյակային պայմաններով։

Ըստ Կարեն Ճշմարիտյանի, ծրագրի հիմնական բաղադրիչը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումն է լինելու։ Բացի այդ, ինկուբատորը տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերություններին օգնելու է օտարերկրյա ընկերությունների հետ գործարար կապեր հաստատել ու իրենց արտադրանքը արտահանել արտաքին շուկաներ:

Իր հերթին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Օուեյս Սաադաթը շեշտեց, թե սա առաջին դեպքն է, երբ Համաշխարհային բանկի հետ վարկային ծրագիրը ստորագրվում է ոչ թե Վաշինգտոնում, այլ Հայաստանում, եւ դա վկայում է այստեղ վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված աննախադեպ առաջընթացի մասին։

«Արդեն իսկ Հայաստանն ունի շատ բարձր զարգացած մարդկային կապիտալ, ու այս ծրագիրը թույլ կտա մարդկանց շարունակ թարմացնել, զորեղացնել ու արդիականեցնել իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները», - ասաց Օուեյս Սաադաթը։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG