Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մոսկովյան «Պանորամա» ինֆորմացիոն-փորձագիտական կենտրոնը, որը զբաղվում է Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների հասարակական-քաղաքական կյանքի հետազոտությամբ, «Ազգ» թերթում ներկայացնում է այս տարվա անցկացրած հինգ հարցումներից վերջինը: Ամփոփելով Հայաստանի ամենաազդեցիկ գործիչների վարկանիշը դեկտեմբերի կեսերի դրությամբ, նախագծի հեղինակ Սուրեն Մանուկյանը նշում է. «Իշխանական քառյակը պահպանեց իր դիրքերը: Եվ եթե նախագահ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սարգսյանի ցուցանիշները անփոփոխ էին ամբողջ տարվա ընթացքում, ապա վարչապետ Մարգարյանը եւ արտգործնախարար Օսկանյանը զգալիորեն ամրապնդեցին իրենց դիրքերը: Ընդհանրապես նկատվում է նախագահական թիմի ուժեղացում: Այսպես, առաջին տասնյակը համալրած երկու նորեկներն էլ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը եւ ՀՀ ազգային անվտանգության նախարար Կարլոս Պետրոսյանը, ներկայացնում են իշխանական համակարգը: 5-րդ հորիզանականին եւ ամենաազդեցիկ ընդդիմադիր գործչի «կոչմանն» արդեն կես տարի արժանանում է ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Առաջին տասնյակում մնացին նաեւ ընդդիմադիր «եռյակի» մյուս անդամները: Սահմանադրական փոփոխությունների շուրջ ծավալված պայքարը չէր կարող չազդել ուժերի դասավորվածության վրա, եւ դրա անմիջական հետեւանքը դարձավ պատգամավոր Շ. Քոչարյանի մուտքը Հայաստանի ամենից ազդեցիկ գործիչների ցուցակ»:

Նախագծի հեղինակի խնդրանքով փորձագետներից մի քանիսը գնահատել են ՀՀ քաղաքական դաշտում նկատվող միտումները, ինչպես նաեւ հաջորդ տարվա ակնկալիքները: Մասնավորապես, Աղասի Թադեւոսյանը, Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնից, ասում է. «ՀՀ ներքաղաքական դաշտում ներկայումս շարունակվում է այն միտումը, համաձայն որի քաղաքական գործիչների եւ ուժերի ազդեցությունը պայմանավորող գործոնները մնում են ստվերային լծակները եւ ոչ լեգիտիմ քաղաքական մրցակցությունը: Խոսքը նրա մասին է, որ քաղաքական ուժերի, պետական ու քաղաքական գործիչների ճանաչումը եւ հեղինակությունը պայմանավորված չեն նրանց դավանած գաղափարների հիման վրա ձեւավորվող հասարակական աջակցությամբ: Ցավոք, այս միտումը հավանաբար շարունակվելու է, որովհետեւ քաղաքական դաշտում ոչ քաղաքական մեթոդներով գործող ուժերը գերիշխում են»:

«Արմատ» կենտրոնից Արա Սահակյանի ընդգծմամբ, «ազդեցիկ» են այն գործիչները, «ովքեր տիրապետում են իշխանական եւ տնտեսական լծակներին: Այդ է պատճառը, որ իր կարծիքը մշտապես նույնն է եղել. ազդեցիկ են Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Օսկանյանը եւ Մարգարյանը: Անհամեմատ պակաս ազդեցություն ունեն ընդդիմադիր գործիչները, ընդ որում նրանց ազդեցությունը, աննշան գործոններից կախված, կտրուկ փոփոխվում է, - նշում է Արա Սահակյանը, ընդհանրացնելով՝ - «Հետեւաբար ընդդիմադիր գործիչների ազդեցությունը ժամանակի մեջ կարճատեւ է եւ ոչ էական, իսկ իշխանություններինը՝ հակառակը, կայուն եւ տեւական: Սա բնորոշում է Հայաստանում ստեղծված ավտորիտար կառավարման համակարգը եւ քաղաքացիական ինստիտուտների բացակայությունը»:

«Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի հայացքով էլ, տարվա ընթացքում «պարզ դարձավ, որ նախագահական «կուսակցությունը» մնում է քաղաքական բոլոր գործընթացների որոշիչ առանցքը, իսկ ընդդիմության տեղը մնում է ազատ, քանի որ լցնելու բոլոր փորձերը դեռ անհաջող են: Անհաջողությունների պատճառն այն է, որ անընդհատ պառակտվող քաղաքական կառուցվածքների միավորման դրդիչ մնում է առաջնության, իսկ հեռանկարում նաեւ իշխանության համար ցինիկ պայքարը եւ ոչ թե միեւնույն գաղափարական կամ քաղաքական հիմք գտնելու ձգտումը, - ձեւակերպում է Ադիբեկյանը, կանխատեսելով՝ - «Խորհրդարանական ընտրություններին մոտ կկայանան բոլոր հնարավոր քաղաքական ապահարզանները, ինչպես նաեւ պետք է սպասել ճոխ երկրորդ կամ երրորդ անգամվա քաղաքական ամուսնություններ, որոնք, ինչպես հայտնի է, հազվադեպ են ժառանգություն թողնում»:

«Հասարակությունը ակտիվ չէ». սա, «Հայոց Աշխաարհ»-ի մեկնաբանի առանձնացմամբ. միակ բանն է, որ իրավացիորեն են նշում ընդդիմադիր գործիչները: Ըստ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի վերջերս անցկացրած հարցումների, բնակչության 59 տոկոսը ակտիվորեն հետեւում է ներքաղաքական զարգացումներին, այսուհանդերձ, «ձեռնպահ մնաց հատկապես ընդդիմության նախաձեռնած առանձին գործընթացներին մասնակցելուց: Հասարակության կողմից նման «պասիվություն» նշանակում է, որ այն պարզապես մերժում է ցանկացած արհեստական գրգիռ», - իմաստավորում է մեկնաբանը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն էլ «Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում ասում է. «Ժողովուրդն այնքան պասիվ էր ամբողջ տարվա իր վարքագծում, որ ուղղակիորեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա ազդեցություն չունեցավ եւ առաջիկայում, կարծում եմ, չի ունենալու: Այսինքն՝ վերջինս գոյատեւման իր ճանապարհով, նյութական խնդիրների լուծման մտահոգությամբ, իշխանության դեն ընդվզող-խռովածի կեցվածքով հանդերձ սկսում է մի տեսակ չմասնակցել մեր երկրի ներքին կյանքին»: Սա ազգագրագետը համարում է այս տարվա ամենաբացասական միտումը: Ընդհանուր առմամբ, սակայն, Հրանուշ Խառատյանը կարծում է՝ հիմա «այն շրջանն է, երբ արդեն ուզում ենք հասկանալ՝ ինչ ենք ուզում... անցյալ տարիների ճգնաժամից սկսել ենք սթափվել, ուշքի գալ», - արժեվորում է նա: - «Այս ամենը դեռեւս սաղմնային վիճակում է, բայց արդեն հնարավոր է տեսնել ուղղությունները, որոնք դրական-հուսադրող ճանապարհներ են ցույց տալիս»:

«Գոլոս Արմենիի» թերթը հասարակական տրամադրությունները խտացնում է այսպես՝ «Առանց նախկին հուսալքության, բայց զգուշավոր թերահավատությամբ»: «Անցած տասը տարում այնքան հիասթափություն է ապրել ժողովուրդը, այնքան բան է անվերադարձ կորել, որ լավատեսությունից խղճուկ ցնցոտիներ են մնացել», - նշում է թերթը: - «Ուրեմն պետք չէ զարմանալ, որ մեր քաղաքացիների մեծամասնությունը «ուռա» չի գոռում վարանոտ դրական տեղաշարժերին եւ գալիք տարվան բնավ վարդագույն ակնոցով չի նայում»:

«Ժամանակ» թերթն էլ նոր տարվա շեմին փորձում է թեւ տալ Դեմոկրիտի իմաստասիրությամբ՝ «Խելամիտ է նա, ով չի տխրում այն բանի համար, ինչ չունի, եւ ընդհակառակը՝ ուրախանում է նրանով, ինչ ունի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG