Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ տարածությունը չի խանգարել, որ մենք իրար նման ավանդապաշտ լինենք, իրար նման զարգացման ձգտող», - շոշափելի նմանություններ է արձանագրում «Հայաստանի Հանրապետություն» թերթը, կցելով, որ «թեեւ վերջին առումով Ճապոնիան զգալիորեն Հայաստանից առաջ է, բայց երեկ պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ նախագահի ու Ճապոնիայի վարչապետի ստորագրած համատեղ հայտարարությունը վկայում է, որ Հայաստանը տեղապտույտ տալու ցանկություն չունի»:

«Հայկական ժամանակ» թերթը դեռեւս ամփոփում է Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած վերջին աշխատանքային այցի արդյունքները, դրանք որակելով Հայաստանի համար խայտառակ: Մեկնաբանի ընկալմամբ՝ «Մեր պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանի քաղաքական վերնախավի ցույց տված վերաբերմունքը վերջնականապես ապացուցեց, որ, չնայած ռազմավարական գործընկերության մասին մեր իշխանությունների հայտարարություններին, այդ երկիրը Հայաստանին պարզապես դասել է մյուս այն պետությունների շարքը, որոնք Ռուսաստանին պարտքեր ունեն»: Ռուսաստանի հանրային հեռուստատեսության «Նովոստի» ծրագիրը ընդամենը կես րոպեանոց սյուժեով ցույց տվեց Ռուսաստանի իրական վերաբերմունքը, - վկայակոչում է մեկնաբանը: - «Այդ ռեպորտաժում շատ չոր ու կոպիտ հնչերանգով, ուղղակիորեն ասվել է, որ Պուտինը Քոչարյանին Մոսկվա էր հրավիրել՝ ասելու, որ Հայաստանն ամեն կերպ արագացնի Ռուսաստանին ունեցած պարտքերի վճարումը: Ընդ որում, որեւէ խոսք չհնչեց հայ-ռուսական դարավոր բարեկամության, էլ ուր մնաց՝ ռազմավարական գործընկերության մասին»:

Ավելի սեւեռվելով նախագահ Քոչարյանի վերջին ասուլիսին, «Առավոտ» թերթն այսօր ընդգծել է. «Որոշ առումով ցուցանիշների հետ կապված այս ողջ վեճերը քամի են։ Եվ հենց այն պատճառով, որ երկրի ղեկավարն ամենեւին էլ չպետք է աշխատատեղ բացի։ Մանավանդ, եթե խոսքը մասնավոր բիզնեսի մասին է։ Աշխատատեղերի բացումն ամենեւին էլ չի մտնում նախագահի սահմանադրական լիազորությունների մեջ։ Այդ դեպքում Քոչարյանը ստիպված չէր լինի դրդել սեփական վիճակագիրներին՝ նման զավեշտական հաշվարկների»: Սահմանադրության փոփոխությունների մասով էլ «Առավոտ»-ի խմբագիրը պատկերավորում է՝ իր վերջին ասուլիսում նախագահ Քոչարյանը «ցուցադրաբար (հերթական անգամ) վիրավորեց քաղաքական ընդդիմախոսներին եւ արհամարհեց հասարակությանը՝ լինելու է այնպես, ինչպես ես եմ ուզում: Նման կեցվածքն ունի մեկ նպատակ՝ եւս մեկ անգամ ապացուցել, որ իր վարքագծին որեւէ դիմադրություն չկա: Մի կողմից՝ դա, անշուշտ, ուժի ցուցադրում է: Մյուս կողմից՝ դժվար թե վկայում է իրական ուժի մասին: Որովհետեւ բռնապետության բացակայության պայմաններում (ինչպիսին այսօրվա Հայաստանն է) հասարակության վրա թքած ունենալը, հակառակը, հարաճուն թուլության աղբյուր է: Որեւէ սահմանադրական փոփոխություն կարո՞ղ է փոխել այս իրավիճակը»:

«Առավոտ»-ի խմբագրի շեշտադրմամբ, «Հիմնական օրենքի փոփոխությունները հասարակությունը չեն փոխի... Մինչեւ հասարակությունն իր մեջ ուժ չգտնի եւ չասի՝ «վերջ տվեք», մեր պետության երեք ճյուղերը եւ բոլոր ինստիտուտները թույլ կլինեն ու կգտնվեն ավազակային հոգեբանություն ունեցող մարդկանց ձեռքում: Ո՞վ կարող է ապացուցել, թե հենց Սահմանադրության կատարելությունը կամ անկատարությունը դրդում է մեզ հարմարվող ու մորթապաշտ լինել: Այդ ո՞ր մի սահմանադրությունն է ստիպել մարդկանց զգալ իրենց երկրի արժանապատիվ քաղաքացիներ», - հարցնում է խմբագիրը:

Տարփողվող հակակոռուպցիոն միջոցառումները իրական կյանքում բացարձակապես ոչինչ չեն փոխում, - ամրագրում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, «Ձուկը գլխից է հոտում» վերնագրի տակ ներկայացնելով պատճառահետեւանքային հետեւյալ ընդհանրությունը. «Քաղաքական իշխանությունը արդի աշխարհում ոչ այնքան վերահսկվում է ուժով, որքան ձեւավորվում ֆինանսական հզորությամբ: Այժմ տեղի է ունենում քաղաքական ու տնտեսական իշխանություների գործուն սերտաճում: Բարձրագույն ղեկավարների որոշումների կայացման գործընթացին մասնակցում են ոչ միայն իշխանության պաշտոնական կառույցները, այլեւ օլիգարխները, կլանների ներկայացուցիչները եւ այլն: Իշխանությունը վերածվել է ապրանքի, հայտնվել են իշխանության շուկաներ: Կոռուպցիան դարձել է իշխանության վաճառքի մեխանիզմ՝ իշխանական ծառայությունների շուկայում»:

«Երկիր» թերթի առաջին էջին էլ այսօր «Երբ մաֆիան կարող է հանգիստ լինել» վերնագիրն է: Ներկայացնելով, թե ինչպես են նախարարներ Դավիթ Զադոյանը, Վարդան Այվազյանը չափազանցված համարում հանքարդյունահանման ոլորտում հսկայական չարահումների անօրինությունների մասին խոսակցությունները, եւ այսպես էլ «գլխավոր դատախազի միջնորդության վրա հիմնված վարչապետի տված հանձնարարականի պարագայում նույնիսկ, հարկային մարմինները եւ վերջիններիս օպերատիվ ծառայությունները ձեռնպահ են մնացել ապօրինի հանքարդյունահանման դեպքերի բացահայտումից», «Երկիր»-ի մկենաբանն ավելացնում է, որ լրագրողական հետաքննությունն էլ խոչընդոտվում է, մասնավորապես, մաքսային պետական կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանի եւ նրա տեղակալ Ս. Թադեւոսյանի անգործության ու կամայականության պատճառով: Ոլորտի իրավիճակի մասին ինֆորմացիան թաքցվում է եւ թաքցվում է օրենքներից չբխող շահագրգռությամբ, - մատնանշում է «Երկիկր»-ը:

Վարչապետ վերահսկողական ծառայության ղեկավար Պանդուխտ Մանուկյանն էլ «Ժամանակ» թերթի հարցազրույցում ասում է. «Մենք կոչված ենք սխալը մատնացույց անելու: Ոչ թե սխալը հայտնաբերենք, որ անպայման պատասխանաատվության ենթարկվեն: Շատ բնագավառներ կան, ուր ավելի շատ խոսում են, քան գործ անում: Չեմ ուզում ժամանակից շուտ անուններ տալ: Իբր աղմկահարույց, տպավորիչ ծրագրեր են առաջադրում ու իրականացնում, բայց իրականում այդպես չէ: Հենց այդ ասպարեզների վրա պարտադիր հսկողություն պիտի լինի»: Մանուկյանը հավաստիացնում է, որ ընդերքի շահագործման ոլորտում օրինախախտումների խնդիրը եւս ներառել են գալիք տարվա ծրագրում եւ մտադիր են պարբերաբար ուսումնասիրություններ անել: «Դա շատ կարեւոր անելիք է, որից էապես կախված է նաեւ բյուջեն լցնելու խնդիրը», - նշում է նա:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG