Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նախագահ Քոչարյանի մոսկովյան այցի շրջանակում «Հայկական ժամանակ» թերթը մատուցում է. «Ակնհայտ է, որ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւը նախանշված ժամկետներում իրացնել հնարավոր չի լինի: ՀՀ իշխանությունները այդ բանաձեւն առաջարկելով՝ հույս ունեին բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ: Բայց հետագա իրադարձությունները ցույց են տալիս, որ «Գույք՝ պարտքի դիմացը» որոշակի լարում է առաջացնում Հայաստան-Ռուսաստան եւ Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում... Ռուսաստանում Կլեբանով-Սարգսյան հանձնաժողովի աշխատանքները լուրջ կասկածներ եւ դժգոհություններ են առաջացրել, եւ փաստորեն ՌԴ-ում մեր իշխանություններին մեղադրում են ոչ լիկվիդային գործարանները Ռուսաստանի վրա «նաղդելու» փորձի մեջ»:

«Արտաքին քաղաքականության ոլորտում այս տարին բացառիկ էր մեր անկախությունից ի վեր», - «Հայոց Աշխարհ» թերթում գնահատում է արտաքին քաղաքականության հարցերով ՀՀ նախագահի խորհրդական Ալեքսան Հարությունյանը: - «Հայաստանը դարձավ Եվրախորհրդի անդամ: Փաստորեն կարողացանք Հայաստանի արտաքին քաղաքական կշիռը բարձրացնել մի նոր մակարդակի՝ զուգահեռաբար զարգացնելով հարաբերությունները Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների, արեւմտյան եւ մեր տարածաշրջանում գտնվող պետությունների հետ», եղան բազմաթիվ այցեր, որոնք «կունենան թե' քաղաքական, թե' տնտեսական լուրջ դրական հետեւանքներ»:

«Ղարաբաղի հարցում էլ թեպետ չհասանք վերջնական կարգավորման, բայց ձեւավորեցինք, այսպես կոչված, «փարիզյան սկզբունքները»... թե' մեր, թե' տարածաշրջանի համար ավելի նպաստավոր սկզբունքներ երբեք չեն եղել հակամարտության ողջ ընթացքում», - «Հայոց Աշխարհ» թերթում կարեւորում է Ալեքսան Հարությունյանը:

Լեհաստանից վերադարձած «Առավոտ»-ի թղթակիցը բերել-ներկայացնում է այնտեղ գործող «Արեւելյան հետազոտությունների կենտրոնի» զեկույցը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի՝ «ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի առավել ամբողջատիրական եւ կարծր տիրապետության շրջանին» փոխարինելու է եկել «ռազմական ժողովրդավարություն» բնորոշվող շրջանը:

«Տվյալ պահին մենք գործ ունենք կառավարման «բյուրեղյա» նախագահական մոդելի հետ։ Պետության ղեկավարը քաղաքական կյանքի կենտրոնական դեմքն է եւ վճռորոշ ազդեցություն ունի ինչպես արտաքին, այնպես էլ անվտանգության եւ տնտեսական հարցերում։ Նա ամբողջովին կառավարում է ռազմական ու հատուկ ծառայությունները եւ Սերժ Սարգսյանի միջոցով՝ նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների մի մասը»։ Հիշյալ կենտրոնի գնահատականներով՝ «Այն դիրքը, որ իր համար կարողացավ ստեղծել Ռոբերտ Քոչարյանը, շատ ամուր է, եւ դրան ոչինչ չի սպառնում։ Նրա ամենակարեւոր հաջողությունը խորհրդարանական մեծամասնության դե ֆակտո տրոհումն ու սանձահարումն էր»։

«Ժամանակ» թերթում տպագրված «Արցախցիները հիշում են եւ հիշեցնում» վերնագրով հոդվածում արցախցի մտավորական Բոգդան Ջանյանը գրում է. «Հայ ժողովրդի արյունն ու ազնվությունն է կրում իր մեջ եւ արցախցի հայը: Արցախն էլ հայ է ու Հայաստան: Այդ լավ պիտի իմանան նրանք, ովքեր այսօր հոռի կողմերով են ուզում տեսնել Արցախն ու արցախցի հայերին, հայ ղեկավարներին: Մեր այսօրվա նախագահը, այո', արցախցի է, եւ դա ոմանք թերություն են համարում ու ի դեմս Ռոբերտ Քոչարյանի՝ մի ամբողջ Արցախ են տեսնում, այն էլ՝ սեւ ու մռայլ գույներով: Ամոթ է, պարոններ, այդ ե՞րբ է արցախցին իրեն անվանարկել Հայաստանի համար մղվող մարտում կան առհասարակ ազգօգուտ որեւէ գործում... Ռոբերտ Քոչարյանին չե՞ք սիրում, ձեր գործն է, մի սիրեք, բայց քարեր մի նետեք ողջ արցախահայության վրա», - հորդորում է Բոգդան Ջանյանը:

«Երկիր» թերթի խտացմամբ, երեկվա քաղաքական ասուլիսները «մեկ ամգամ եւս վկայեցին, որ ներքաղաքական դաշտում տիրող անդորրը միանգամայն խաբուսիկ է, եւ մի շարք կուսակցություններ շարունակում են ջանք թափել սեփական իմիջը կամ պահպանելու կամ ձեւավորելու անսքող մտայնությամբ»: Մեկնաբանի վրա հենց այդ տպավորությունն են գործել թե' «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարի, թե' սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ միավորված ուժերի համատեղ ասուլիսները: Այս վերջինների մասով «Ազգ»-ի մեկնաբանը ձեւակերպել է՝ «Նախագահը իր դեմ նոր շարժում առաջացրեց՝ սահմանադրական»:

Արձանագրելով հանդերձ, որ Հայաստանի քաղաքական իրականության մեջ ընդամենը երկու դեպք է գրանցվել, երբ խորհրդարանը առճակատմամբ «հաղթել» է նախագահին, «Ազգ»-ի մեկնաբանը եզրափակում է. «Ինչ կարժենա երկրի քաղաքական կայունության համար նախագահ - ընդդիմություն այս բախումը, ոչ ոք կանխորոշել չի կարող»:

«Առավոտ» թերթը խիստ տարակուսած է՝ ինչու են «անգամ հավերժ դժգոհ որոշ ամբոխավար պատգամավորները սսկվել», երբ «Զվարթնոց» օդակայանը, նաեւ կարծես՝ «Հայկական ավիաուղիները» տրվում են ինչ-որ արգենտինական ընկերության: Չ՞է որ «միջազգային օդանավակայանը ոչ պակաս ստրատեգիական նշանակություն ունեցող օբյեկտ է, ինչպես, ասենք, ԲԷՑ-երը կամ կապը»։

«Եվ որքանո՞վ է առհասարակ արդարացված մեկի ձեռքը տալ օդանավակայանն ու հետագայում՝ ավիաընկերությունը՝ գլխիդ մի նոր մոնոպոլիստի եւս նստեցնելով», - հարցեր է դնում «Առավոտ»-ը։ - «Մի՞թե հուսադրողն այն է, որ օդանավակայանի կառավարումը հանձնվում է արգենտինահայի։ Ստացվում է, որ ազգանվան «յան» վերջավորությունն ի զորու է փարատել մեր բոլոր մտավախությունները եւ մեր ուղեղներն այն աստիճան մթագնել, որ անգամ չհետաքրքրվենք էլ՝ արդյո՞ք, սա էլ մեր կառավարության հերթական «դարի գործարքը» չէ», - ախտորոշել է խմբագրականը։


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG