Մատչելիության հղումներ

Ռոնալդ Ռամսֆելդ. «907-ի կասեցումը ճանապարհ կբացի ռազմական համագործակցության համար»


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը այսօր Երեւանում հանդիպումներ ունեցավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ: Բանակցություններն ընթացել են հակաահաբեկչական պայքարում Հայաստանի դերակատարության եւ երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության շուրջ:

Անդրադառնալով Ռամսֆելդի տարածաշրջային ներկա այցի նպատակներին, «Ֆրանս Պրես» գործակալությունը, վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյաներից մեկին, հաղորդել է, որ ԱՄՆ-ը մտադիր է ռազմական ոլորտում հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ համագործակցությունը սկսել «համեստ քայլերից»:

Ռամսֆելդը Երեւան էր ժամանել Բաքվից, ուր նույնաբովանդակ բանակցություններ էր վարել Հեյդար Ալիեւի հետ: Ըստ լրատական գործակալությունների, հանդիպման ժամանակ Հեյդար Ալիեւը Դոնալդ Ռամսֆիլդին ասել էր, թե հույս ուներ, որ Ադրբեջան գալով Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը արդեն կհայտներ, թե «Ազատության աջակցման ակտ»-ի 907 բանաձեւը կասեցվել է: Դոնալդ Ռամսֆելնդ ի պատասխան ասել է, թե այդ հարցը կլուծվի մոտակա օրերի ընթացքում:

Երեւանում էլ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսը եկող շաբաթվա ընթացում վերջնական որոշում կկայացնի 907 բանաձեւի վերաբերյալ, ինչը «ճանապարհ կբացի ռազմական համագործակցության համար՝ ի շահ մեր երկրների»:

907 բանաձեւը արգելում է Միացյալ Նահանգների կառավարությանը օժանդակել Ադրբեջանի կառավարությանը այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի դադարեցրել Հայաստանի տնտեսական շրջափակումը: Սայկայն, ըստ դրա լրամշակման, նախագահ Բուշը մինչեւ 2002 թվականի վերջը իրավունք է ստանում ռազմական եւ այլ կարգի օգնություն տրամադրել Ադրբեջանին՝ հակաահաբեկչական պայքարում աջակցելու համար, եթե՝ դա չի ենթադրի հարձակում Հայաստանի դեմ, չի վտանգի Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը եւ անհրաժեշտ է Ադրբեջանի սահմանների պաշտպանության համար: Լրամշակումը ռազմական օգնություն է նախատեսում նաեւ Հայաստանին:

Պատասխանելով արեւմտյան լրագրողներից մեկի հարցին, թե ինչ կարգի օգնություն է Հայաստանն ուզում ստանալ ԱՄՆ-ից, Սերժ Սարգսյանն ասաց, որ մենք ցանկանում ենք շարունակել արդեն իրականացվող ծրագրերը՝ սպաների ուսուցումը եւ ականազերձման կենտրոնի ստեղծումը:

«Կցանկանայինք նաեւ լուրջ օգնություն ստանալ մեր կապի միջոցները արդիականացնելու համար, - ավելացրեց Հայաստանի պաշտպանության նախարը:

ԱՄՆ-ի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների համատեղ ասուլիսում գնահատականներ չհնչեցին, թե Միացյալ Նահանգները որքանով է կարեւորում հակաահաբեկչական պայքարին Հայաստանի մասնակցությունը, մեր տարածաշրջանի երկրների մասնակցությունը՝ օդային միջանցքերի տրամադրումը: Չասվեց, թե արդյո՞ք քննարկվել են բանակցությունների ընթացքում հակաահաբեկչական պայքարին Հայաստանի եւ առհասարակ տարածաշրջանի երկրների մասնակցության նոր տարրեր:

«Բանակցությունների հիմնական թեման հակաահաբեկչական գործողություններում մեր համագործակցության խնդիրն էր, եւ ռազմական բնագավառում երկու երկրների պաշտպանության նախարարությունների համագործակցության խնդիրը», - ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: - «Մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք այսուհետ եւս աջակցել հակաահաբեկչական գործողություններին, եւ պայմանավորվեցինք, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի որոշումից հետո կխոսենք կոնկրետ ռազմական բնագավառում մեր համագործակցության մասին»:

Դոնալդ Ռամսֆելդը նշեց, որ շատ լավ քննարկումներ է ունեցել պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների եւ նախագահի հետ:

Պատասխանելով ռուս լրագրողներից մեկի հարցին, Ռամսֆելդը ասաց, որ 1972 թվականի Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալը ամենեւին չի նշանակում, թե կարող է սպառազինությունների մրցավազք սկսվել:

«Առաջիկա հինգ տարիները կապացուցեց, որ միջուկային սպառազինությունների կրճատումներ կլինեն», - ասաց Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG