Մատչելիության հղումներ

Բաշխիչ ցանցերը միավորվեցին մեկ ընկերության մեջ


Որպես էներգետիկայի ոլորտի կարգավորման ուղի դիտվող բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցումը, թերեւս, մոտ ապագայում լուծվելիք խնդիր չէ: Դրանց մասնավորեցման միջազգային մրցույթը երկու անգամ տապալվեց՝ անցած գարնանը եւ աշնանը՝ հայտերի բացակայության պատճառով:

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշեց միավորել այդ ընկերությունները մեկ միասնական ընկերության մեջ։ Այս քայլով, ըստ երեւույթին, կառավարությունը նախապատրաստվում է էլեկտրացանցը ամբողջությամբ հանձնել որեւէ արտասահմանյան ընկերության՝ հավատարմագրային կառավարման։

Իսկ Հայաստանի գլխավոր դատախազությունը շարունակում է քննել 1992-1999 թվականներին էներգետիկայի ոլորտում կատարված չարաշահումների գործը: Օրերս այդ գործով 3 մարդ է ձերբակալվել:

«Մեր այն մեծ գործով...3 հոգի երկու օր առաջ ձերբակալել ենք: Այսինքն, նկատի ունեմ էներգակիրների գործը, որը 92-99 թվականների հետ է առնչվում», - այսօր լրագորղներին ասաց հանրապետության գլխավոր դատախազ Արամ Թամազյանը, ավելացնելով, որ ձերբակալվածները էլեկտրացանցի նախկին ղեկավար աշխատողներից են:

Նախագահ Քոչարյանը վերջերս հանձնարարական էր տվել ստուգել էլեկտրական հոսանքի վարձավճարների չմուծման ու այդ ոլորտում առկա յուրացումների դեպքերը: Ըստ Արամ Թամազյանի՝ «Մենք ամբողջ հանրապետության տարածքում ստուգում ենք այդ վարձավճարների չմուծման հետ կապված հարցերը: Մի շարք դեպքերում, իհարկե, հանցագործության փաստեր են հայտնաբերված, մասնավորապես, Արմավիրում: Հարուցվել են քրեական գործեր»:

Դատախազության վերականգնած գումարները, սակայն, առավել քան համեստ են՝ ընդամենը՝ 40 միլիոն դրամ: Մինդեռ, այդ տարիներին գողածված գումարները, ամենահամեստ հաշվարկներով անգամ, առնվազն 40 միլիոն դոլար են կազմում։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG