Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Արտահերթ նստաշրջանում «պատգամավորները պետք է շտապեն վերջացնել անցնող տարվա չավարտված գործերը... Վիճելու բան, կարծես թե, չունեն։ Ամեն ինչ արագ կընդունեն եւ կզբաղվեն տոնական գոջիներով», - նախանշում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Կառավարությունն ու «Միասնություն» դաշինքն ասում են, որ, չարակամների կանխատեսումներին հակառակ, բյուջեն լիովին իրատեսական է... անգամ առանց միջազգային վարկերի։ Ճիշտ է, որոշ վերապահումով՝ կառավարությունը պարզապես չի մարի անցած տարի կուտակված աշխատավարձի պարտքերը... Բայց ոչ ոք չի պատրաստվում հիշեցնել անցյալը։ Հակառակը, շնորհակալություն կհայտնեն 2002 թ. բյուջեում թոշակները եւ ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու համար»։ Մի խոսքով՝ «չինովնիկները շարունակում են ուտել, թոշակառուներն ու բյուջետային աշխատողները՝ սոված մնալ։ Իսկ բյուջեն, ինչպես միշտ՝ իրատեսական է», - ամփոփել է «Առավոտ»-ը։

Վրաստանի խորհրդարանի խոսնակի այցից ի սկզբանե առավել ուշադրություն գրավածը նրա՝ գնացքով գալն է: «Ամենայն հավանականությամբ, հատկապես երկաթուղով Հայաստան գալը որոշակի քաղաքական ժեստ էր Բուրջանաձեի կողմից, որը, թերեւս, խորհրդանշում է նրա այցելության հիմնական նպատակը», - նշում է «Հայկական ժամանակ» թերթի մեկնաբանը: - «Կիսապաշտոնական տեղեկություններով, Հայաստանի ղեկավարության եւ Բուրջանաձեի հանդիպումների ժամանակ քննարկվելիք առանցքային հարցը աբխազական երկաթգծի վերագործարկման խնդիրն է, որը, ըստ էության, Հայաստանին երկաթուղային կապ կապահովի Ռուսաստանի հետ: Երկու օր առաջ Մոսկվայից վերադարձած մեր խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում ՌԴ փոխվարչապետ Իլյա Կլեբանովը հայկական պատվիրակությանը «խորհուրդ» է տվել «ամբողջ ուժերը կենտրոնացնել երկաթգծի վերաբացմանը: Ռուսական կողմը երաշխավորում է աբխազական հատվածի շահագործումը, ձեզ մնում է լեզու գտնել վրացիների հետ», - ասել էր Կլեբանովը: Այսինքն, հիմա Հայաստանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ աշխատում է տիկին Բուրջանաձեի հետ «լեզու գտնելու» ուղղությամբ», - շաղկապում է մեկնաբանը, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ այս այցելության նախաձեռնողը վրացական կողմն է, եւ նրանք էլ «անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ ունեն Հայաստանի հետ»:

«Հայոց Աշխարհ» թերթում ներկայացվող վերլուծությամբ, Վրաստանում տեղի է ունենում արտաքին ու ներքին քաղաքականության առաջնահերթությունների դանդաղ ու ցավագին վերանայման գործընթաց, որը չի կարող իր անդրադարձը չունենալ նաեւ հայ-վրացական հարաբերությունների վրա»: Ակնհայտ է դարձել, որ այդ երկիրը ի վիճակի չէ պահպանել ու շարունակել միակողմանիորեն դեպի Արեւմունք ու Թուրքիա ուղղված արտաքին քաղաքական կողմնորոշումը եւ նրան անհրաժեշտ է խորացնել իր հարաբերությունները Ռուսաստանի ու տարածաշրջանում վերջինիս ամենահուսալի գործընկերը հանդիսացող Հայաստանի հետ»: Եվ այստեղ «հիմնական առաջնահերթության է վերածվում Երեւան-Սոչի երկաթգծի վերագործարկման հիմնահարցը»:

Մեկնաբանի բնորոշմամբ, «Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակը ներկա վրացական քաղաքական էլիտայի ներսում առկա այն նոր, ավելորդ նախապաշարումներից զերծ ու միանգամայն պրագմատիկ քաղաքական գործիչն է, որի հետ կարելի է առավել գործնական եւ անկեղծ մթնոլորտում քննարկել ոչ միայն Սոչի-Երեւան երկաթգծի վերաբացման խնդիրը, այլեւ երկու երկրների հարաբերություններում կուտակված բազմաթիվ այլ հիմնահարցեր»:

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի այցի Միացյալ Նահանգներ շարունակում է մնալ գրգռությունների ու լրագրային մենամարտերի առարկա: «Հայոց Աշխարհ» թերթը խորին վրդովմունքով ու դրան համապատասխան ծավալով է արձագանքում «Առավոտ»-ի ակնարկին, թե պատվիրված կտրվածքով են ներկայացնում այդ այցը: «Հայոց Աշխարհ»-ին առանձնապես զայրացրել է նախարար Անդրանիկ Մանուկյանը, որն ասել է. «Իմ կարծիքով, նման անհիմն եւ ստահոդ հրապարակումներով հնարավոր չէ վարկաբեկել Ստեփան Դեմիրճյան քաղաքական գործչին»:

«Դու, Անդրանիկ, ո՞ւր ես խցկվում», - նրան է դիմում «Հայոց աշխարհ»-ի խմբագիրը, առաջարկելով «իր մոլորությունները իրեն պահել, հրապարակավ չարտահայտվել»: Խմբագիրը եզրափակիչ զգուշացնում է, «Հայոց Աշխարհ»-ի հետ նպատակադրված կռվի մեջ մտնելու մասին, առողջ դատողություն ու ամուր հիշողություն ունեցող եւ ոչ մի պաշտոնյա մտածել անգամ չի կարող առանց սարսափի»:

Ընդգծելով, որ ՀԺԿ նախագահին հրավիրել է ԱՄՆ ռամկավարական կառույցներից մեկը, «Հայկական ժամանակ» թերթն այսօր մեկնաբանում է. «Մեր ռամկավար ընկերները, թերեւս, ուզում են հասկանալ, արդյոք Ստեփան Դեմիրճյանը ի զորո՞ւ է պաշտոնանկ անել Ռոբերտ Քոչարյանին եւ դառնալ հանրապետության նախագահ: Սա ՌԱԿ-ի համար սկզբունքային հարց է, քանի որ այս կուսակցությունը սիրում է միշտ գործող նախագահներին ներբողներ ձոնել: Այս իմաստով, եթե Ստեփան Դեմիրճյանը կարողանա ՌԱԿ-ի ընկերներին համոզել, որ ինքը հենց նա է, որին սպասում են, դրան կարող է հետեւել Ռուբեն Միրզախանյանի հերթական օտարացումը ՀՌԱԿ-ից»:

«Եթե այսօր տեղի ունենային խորհրդարանական ընտրություններ, ամենայն հավանականությամբ, ոչ մի քաղաքական ուժ մեծամասնություն չէր կազմի: Հնարավոր է նաեւ տրամագծորեն հակադիր գաղափարախոսությամբ, իրար չհանդուրժող կուսակցություններ կամ դաշինքներ ստանան մոտավորապես հավասար թվով մանդատներ». ներկայումս քաղաքական մեծամասնություն դիտվող եւ իր ապագային էլ լավատեսորեն նայող Հանրապետական կուսակցության թերթում այս արձանագրումները գուցե փոքր-ինչ տարօրինակ են հնչում, մինչեւ հասնում ես վերլուծականի բուն նպատակին՝ հիմնավորել, թե ինչու մեզանում պետք է կիրառվի կառավարման խորհրդարանական մոդել: Ի մի են բերված բավականին հայտնի փաստարկները՝ կուսակցությունները դեռ կայացած չեն, «Հայաստանի քաղաքական կյանքում քաղաքական կուլտուրայի խիստ դեֆիցիտ կա... ուրեմն երկիրը ղեկավարելու փոխարեն պատգամավորները մշտապես զբաղված կլինեն լեզվակռվով, չի բացառվում նաեւ՝ բռնցքամարտով»: Չի մոռացվում եւ ազգային առանձնահատկության տիտղոսի արժանացած դրսեւորումը՝ «Կոլեկտիվ խաղերում Հայաստանը հազվադեպ է ձեռքբերումներ ունեցել, իսկ անհատականում՝ բավականին հաճախ»: Մի խոսքով, Հայաստանի կոլեկտիվ կառավարման հեռանկար առնվազն մի տասը տարի էլ չի տեսնվում:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG