Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանի նորընտիր խոսնակը իր առաջին պաշտոնական այցով գալիս է Հայաստան


Այսօր Երեւան ժամանեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն: Սա, փաստորեն, Բուրջանաձեի առաջին պաշտոնական այցն է Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակ ընտրվելուց հետո:

«Ես շատ կարեւոր եմ համարում, որ մեր հարաբերությունները պետք է լինել բարեկամական, ինչպիսին միշտ եղել են», - Երեւանի երկաթուղային կայարանում ասաց Նինո Բուրջանաձեն, այդքանով սահմանափակելով լրագրողների հետ շփումը եւ խոստանալով, որ բոլոր հարցերին կպատասխանի վաղը ծրագրված մամուլի ասուլիսում:

Այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի խոսնակի հանդիպումները նախագահ Քոչարյանի, վարչապետ Մարգարյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ:

Իսկ քննարկելու խնդիրները, առնվազն մեր խորհրդարանականների կարծիքով, բազմաթիվ են: Պատգամավոր Սեմյոն Բաղդասարյանի բնորոշմամբ, հայ-վրացական հարաբերությունները «կարելի է ոչ հավասարակշռված համարել»:

«Բավարարին մոտ, բայց ցանկալի է, որ այդ հարաբերությունները լավանան, որովհետեւ դրա անհրաժեշտությունը կա», - երկու երկրների հարաբերություններն այսպես է գնահատում «Իրավունք եւ միաբանություն» խմբակացության անդամ Աղասի Արշակյանը: - «Պաշտոնական Թբիլիսիում դա գիտակցում են եւ պատշաճ ուշադրություն են հատկացնում հայ-վրացական հարաբերություններին»:

«Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայ-վրացական հարաբերությունների ներկան գնահատում է անորոշ՝ նախորդ ժամանակահատվածի համեմատ: Դրա հիմքում, ըստ խորհրդարանական մեծամասնության ղեկավարի, վրաց-թուրքական արդի հարաբերություններն են եւ «Վրաստանից Հայաստան եկող ճանապարհների խնդիրը»: Վերջինս, ըստ Սահակյանի, շուտափույթ լուծման կարիք ունի:

Ճանապարհների հարցը այսօր Նինո Բուրջանաձեի հետ ԱԺ ղեկավար կազմի հանդիպման ժամանակ բարձրացրել է պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, ասելով, թե շատ կարեւոր է Հայաստանի համար, որ Աբխազիայի տարածքով անցնող երկաթգիծը սկսի գործել՝ առանց նախապայմանների:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG