Մատչելիության հղումներ

ԱՊՀ միջպետական բանկը ակտիվացնում է իր գործունեությունը


Երկու օր առաջ Հայաստանում Էր ԱՊՀ միջպետական բանկի նախագահ Անատոլի Տուրկաձեն, իսկ երեկ եւ այսօր Հայաստանի նախագահի ու ֆինանսաբանկային բնագավառի ղեկավարների հետ բանակցություններ էր վարում այդ բանկի հիմնադիրների խորհրդի նախագահը՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահ Վիկտոր Գերաշչենկոն։

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Վիկտոր Գերաշչենկոն այսօր պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ԱՊՀ միջպետական բանկի կանոնադրական կապիտալի ավելացման ուղղությամբ։

1993 թվականին հիմնադրված ԱՊՀ միջպետական բանկը վերջերս է միայն ակտիվացրել գործունեությունը։ Ադրբեջանից եւ Վրաստանից բացի ԱՊՀ մնացած տասը երկրները մասնակցել են բանկի 10 միլիոն ռուսական ռուբլի կազմող կանոնադրական կապիտալի ձեւավորմանը՝ այսպես ասած, իրենց տնտեսության քաշային կարգերին համապատասխան. Ռուսաստանը, օրինակ, դրել է այդ գումարի 50 տոկոսը, Ուկրաինան՝ շուրջ 21 տոկոսը, Բելառուսը՝ 8.5 տոկոսը։

Հայաստանի ներդրումը ավելի քան համեստ է՝ 1,8 տոկոս։ Չնայած դրան, մինչ այժմ, Հայաստանն այդ բանկից մոտ 11 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է ստացել՝ հիմնականում էներգետիկ բնագավառի խնդիրների լուծման համար։

Շաբաթ օրը երկու երկրների կենտրոնական բանկերի ղեկավարները համատեղ մամուլում կարեւորեցին կապիտալների միջպետական շարժի վրա լիարժեք բանկային վերահսկողության սահմանումը։ Վիկտոր Գերաշչենկոն մասնավորապես շեշտադրեց անօրինական ծագում ունեցող եւ ահաբեկչական նպատակների ծառայող փողերի լվացման-լեգալացման կանխումը։

Իր հերթին, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն ասաց, թե Ռուսաստանի կենտրոնական բանկի վերահսկիչների միջոցով հնարավոր է եղել կանխել հայաստանյան մի քանի մասնավոր բանկերի մի շարք կոպիտ խախտումները։

Իսկ կարո՞ղ է արդյոք ԱՊՀ երկրների կենտրոնական բանկերի համագործակցությունը ավելի հեռուն գնալ, ասենք, ռուսական ռուբլին վերստին նրանց համար դառնա միասնական վճարամիջոց։ Այս հարցին Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի պատասխանը հոռետեսական էր. «Ես գտնում եմ, որ ԱՊՀ երկրների փոխադարձ հաշվարկային պրոբլեմները կլուծվեն Ռուսաստանի տնտեսության ամրապնդմանը զուգընթաց, երբ ռուբլին կդառնա ամբողջությամբ փոխարկելի արժույթ ոչ միայն Ռուսաստանում, այլեւ հարեւան երկրներում, որոնք շահագրգիռ են զարգացնել առեւտրատնտեսական հարաբերությունները»։

Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահը դեմ է ռուբլին արհեստականորեն ԱՊՀ երկրների միասնական վճարամիջոց դարձնելուն, երբ դրա համար պայմաններ չկան: Նա վկայակոչում է արդեն պատմություն դարձած Տնտեսական փոխօգնության անդամ երկրների փորձը, երբ խորհրդային ռուբլուն միասնական վճարամիջոցի կարգավիճակ տրվեց, մինչդեռ այն ընդամենը հաշվարկային միավոր էր, եւ ոչ թե լիարժեքորեն փոխարկելի կոլեկտիվ տարադրամ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG