Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ամփոփելով երկրաշարժի հերթական տարելիցի իմաստավորումները, «Հայկական ժամանակ» թերթը ընդգծել է. «2003 թվականը Հայաստանի պատմության մեջ կմտնի ոչ միայն որպես Ռոբերտ Քոչարյանի ընտրության, այլ նաեւ աղետի գոտու վերացման տարի: Բայց սա զուգադիպություն չէ, այլ օրինաչափություն... Այսինքն, աղետի գոտին վերականգնելը ընդամենը նախընտրական քարոզարշավի մի էպիզոդ է միայն ու ոչ թե ինքնին վերականգնում: Սրանում համոզվելու համար պետք է պաշտոնական պատվիրակություններից առանձին այցելել աղետի գոտի»:

«Ի տարբերություն մեր իշխանությունների եւ, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի, աղետի գոտու բնակչությունը այնքան էլ լավատես չէ իր ճակատագրի հարցում», - երեկվա իր տպավորություններն է ի մի բերում մեկնաբանը: - «Ի վերջո, տեսականորեն կարելի է ամբողջ աղետի գոտին հազար ու մի հիմնադրամների օգնությամբ կառուցապատել շքեղ դղյակներով: Բայց քանի դեռ այդտեղ մարդը չի տեսնում իր ու իր սերունդների հեռանկարը, աղետի գոտին չի վերականգնվի»:

«Տասնմեկ կառավարություն տասներեք տարում ի՞նչ է արել աղետի գոտու համար, որ աղետյալի հոգեբանությունից վերջապես ազատվենք». «Ժամանակ» թերթի այս հարցին վարչապետ Մարգարյանը երեկ պատասխանել է. «Տասներեք տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք... Համոզված կարող ենք ասել, որ մեկ-երկու տարում աղետի գոտում սոցիալական ոլորտին վերաբերող հիմնախնդիրները կլուծվեն: Բնակելի շինարարության խնդիրը եւս... Իմ միակ ցանկությունն այն է, որպեսզի այն, ինչը մենք կարողացել ենք անել սոցիալական եւ բնակշինարարության ոլորտներում, արվի նաեւ ժողովրդին աշխատանքով ապահովելու հարցում: Սպիտակի բնակչությունն, օրինակ, հիմնականում աշխատում է շինարարության վրա: Մեկ տարի հետո շինարարական աշխատանքները կավարտվեն, եւ մեծաթիվ մարդիկ կմնան անգործ... Վաղուց ժամանակն է նպատակաուղղված քաղաքաշինություն վարելու՝ շեշտը դնելով ոչ միայն սոցիալական ոլորտի, այլեւ աշխատատեղերի ստեղծման վրա»:

«Այսօր եւ' իշխանության վերին ոլորտներում, եւ' քաղաքական դաշտի տարբեր հատվածներում տեղի է ունենում մանր-մունր խնդիրների, ամբիցիաների ու գզվռտոցների աստիճանական սահմանափակման եւ քաղաքական կատեգորիաներով մտածելու ու գործելու կամքի, ունակությունների ու ներուժի կուտակման գործընթաց: Վերջինիս հիմնական միտումը իշխանության համար սպասվող պայքարի վճռորոշ հանգրվանին՝ 2003 թ. նախագահական ընտրություններին նախապատրաստվելն է», - սահմանել է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը, գործընթացներից առանձնացնելով՝ «Ընդդիմությունը լավ գիտի գործող իշխանության ուժի հիմնական աղբյուրները, ուստի այսօրվանից աշխատում է դրանց չեզոքացման ուղղությամբ: ՀԺԿ առաջնորդի ամերիկյան այցելությունը եւ դրանով Սփյուռքում սկիզբ առնող նախընտրական փողահավաքի կամպանիան եւ նախկին իշխանավորներին ներկայացնող գործիչների մոսկովյան վոյաժները խոսում են այն մասին, որ 2003 թվականին նախկինները փորձելու են խաղալ հականախագահական լայն դաշինքի ստվերային դիրիժորների դերը»:

Ըստ մեկնաբանի, «1998-ից Հայաստանում սկզբնավորված քաղաքականությանը կա միայն մեկ այլընտրանք՝ խաղաղասիրության քողի տակ քողարկված պարտվողականությունը», եւ «ներքաղաքական պայքարը հենց այդ հարթություն տեղափոխելու հեռանկարը 2003-ին սպասվող ընտրապայքարի ամենավտանգավոր միտումն է»:

«Երկրի եւ' կայունությունը, եւ' անկայունությունը իշխանության ձեռքին է։ Մի ընտանիք չի կարող երկիրը կայունացնել կամ ապակայունացնել», - «Առավոտ» թերթում «Գոլոս Արմենիի» եւ «Հայոց Աշխարհ» թերթից հնչող ակնարկ-մեղադրանքներին է արձագանքում Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ - Հասել են ծայրահեղության, «քիչ է մնում մեզ ժողովրդի թշնամի հայտարարեն»:

«Իմ տղաները հայ համայնքի հրավերով մեկնել են ԱՄՆ։ Ինչ է, իրավունք չունե՞ն։ Ով ասես, ուր ասես գնում է... ինչո՞ւ են այսպես իրար անցել, խուճապի մատնվել, երբ Դեմիրճյաններն են գնացել», - տարակուսում է տիկին Դեմիրճյանը՝ նաեւ պարզաբանելով. դեռ մեկ տարի առաջ «անձամբ ես, իմ նախաձեռնությամբ ստեղծել եմ «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամը, որի խնդիրն է Կարեն Դեմիրճյանի հիշատակի հավերժացումը։ Հիմնադրամը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ, նպատակ ունի զբաղվել մշակույթի, գրականության, կրթության եւ այլ ոլորտների հովանավորությամբ եւ աջակցությամբ։ Ի՞նչ ընտանեկան հիմնադրամի մասին է խոսքը... Միայն մուրացկանի հոգեբանությամբ մեկը կարող է նման բան մտածել»:

«Եվրոպայի ակտիվացմանը մեր տարածաշրջանում, մասնավորապես ԼՂ խնդրում պիտի լուրջ վերաբերվել», «Ազգ» թերթում շեշտադրում է ԼՂՀ նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Մանվել Սարգսյանը, որը վերջերս մասնակցել է Բեռլինում գումարված Հարավային Կովկասի վերաբերյալ՝ «Հնարավո՞ր է կայունության պակտ Եվրոպայի հետ» թեմայով կոնֆերանսին: «Մինչ այժմ ԼՂ հակամարտության կարգավորման գործում ունեցել ենք ԵԱՀԿ Մինսկի խումբը, որ տարիներ շարունակ, արդեն բոլորիս հայտնի սկզբունքներով առաջ է գնում: Բայց Եվրոպայում կարծես ձեւավորվում է այլ սկզբունքների վրա հիմնված այլընտրանքային քաղաքականություն այս խնդրում: Այդ սկզբունքներից առաջինը ռացիոնալիզմն է», - նշում է Մանվել Սարգսյանը: - Եվ եվրոպական մոտեցումը «տարածաշրջանի երկրների տեսակետների անտեսման սկզբունք ունի»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի մեկնաբանն էլ այսօր արձանագրում է, թե «ղարաբաղյան կարգավորման գործընթացը թեւակոխում է նոր փուլ», նկատի ունենալով, մասնավորապես, որ վերջին շրջանում Հայաստանն ավելի է հստակեցնում իր դիրքը, «հարցերն անվանում ենք իրենց անուններով՝ միջազգային ատյաններում մեծ հարցականի տակ դնելով Ադրբեջանի մշտական՝ տարածքային ամբողջականության նկրտումը»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG