Մատչելիության հղումներ

Թերթերի խմբագիրները դեմ են «Հայմամուլի» կրպակների առանձին սեփականաշնորհմանը


Առաջիկայում սպասվող փոփոխությունները՝ Արշակունյաց 2 եւ Իսահակյան 38 շենքերի սեփականաշնորհումը, թերթերի վրա ավելացված արժեքի հարկի կիրառումը եւ լրագրավաճառ կրպակների առանձին սեփականաշնորհումը, գալիք տարի կավելացնեն հայաստանյան մամուլի ծախսերն ու կնվազեցնեն առանց այդ էլ ցածր տպաքանակները: Ամենահամեստ հաշվարկների համաձայն, տպաքանակները կընկնեն 20-30 տոկոսով:

Լրատվամիջոցների ղեկավարների եւ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի պարբերական եւ շոշափելի արդյունքներ չգրանցած հանդիպումներից վերջինում կողմերը վերջապես համաձայնության են եկել՝ Դավիթ Վարդանյանի միջոցով առաջարկել կառավարությանը մասնավորեցնել ոչ թե առանձին կրպակները, այլ աճուրդի դնել «Հայմամուլն» ամբողջությամբ՝ ապագա գնորդի վրա դնելով նաեւ «Հայմամուլի» պարտքերը: Այս տարբերակի ձախողման դեպքում ցանցը պետք է առաջարկվի «Հայմամուլի» կոլեկտիվին:

Դավիթ Վարդանյանը թերահավատ է, թե նման աճուրդը հաջողությամբ կպսակվի: «Ուրիշ գնորդ, բացի կոլեկտիվից, իմ կարծիքով, չի լինելու», - հինգշաբթի օրը ասել է նա:

Որոշակի մտավախություն ունեն նաեւ տպագիր լրատվամիջոցների ղեկավարները. «Հայմամուլի» ապագա տերը կարող է փոխել կրպակների պրոֆիլը եւ թերթերի փոխարեն այլ ապրանք վաճառել:

«Հայմամուլի» տնօրեն Մխիթարյանը, ամենաընդունելին համարում է կոլեկտիվի կողմից մասնավորեցման տարբերակը, վստահեցնելով, որ այդ դեպքում իրենք 2-3 տարվա ընթացքում կմարեն թերթերին ունեցած պարտքերը:

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանի կարծիքով, այս փոփոխությունները մամուլի դեմ իշխանությունների համակարգված պայքարի դրսեւորումներներից են:


Անուշ Դաշտենց, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG