Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Դեռեւս անցած հինգշաբթի էներգետիկայի արդեն նախկին նախարար Կարեն Գալուստյանը հայտարարեց, որ դադարեցրել է հոսանք մատակարարել էլեկտրաէներգիայի դիմաց չվճարած կազմակերպություններին։ Նույն օրը նա նաեւ ասաց, որ մեծ պարտքեր ունեն որոշ բարձրաստիճան դեմքեր, որոնց անունները՝ պարտքերը չվճարելու դեպքում, կհրապարակի։ Ցավոք, իր խոստումը նախարարը չհասցրեց կատարել», - համադրում է «Առավոտ» թերթը։ - «Մեր կառավարության կազմում եղած, թերեւս, միակ պրոֆեսիոնալ Կարեն Գալուստյանի ճակատագրական սխալն այն էր, որ բավականին լուրջ ընդունեց նախագահի խոսքերը եւ սկսեց պայքարել համակարգի նշված թերությունների դեմ»։

Մեր ղեկավարների նպատակը «ամենեւին էլ գերկորուստների դեմ պայքարը եւ համակարգում կարգուկանոն հաստատելը չէ», - պնդում է «Առավոտ»-ը: - Տարբեր հանձնարարականներով ու խորհրդակցություններով նրանք պարզապես պայքարի երեւութականություն են ստեղծում, իրականում հո չեն պատժելու իրենց իսկ մերձավորներին:

«Հայոց Աշխարհ» թերթի տեղեկություներով, «էլեկտրաէներգիայի մեծ չափերի հասնող հավելագրումների փաստեր են հայտնաբերվել Արմավիրի մարզում՝ ...ավելի քան 500 միլիոն դրամի»: Քրեական գործեր է հարուցված մի շարք պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես՝ «իրավապահ մարմինները ձերբակալել են Մեծամորի էլցանցի պետ Աշոտ Գրիգորյանին, որը պաշտպանության փոխնախարար Մանվել Գրիգորյանի ազգականն է»: Իր կողմից հաստատելով այս տեղեկությունները, «Երկիր» թերթը ավելացնում է, որ «չորս օր ձերբակալված լինելուց եւ կասկածյալի կարգավիճակում գտնվելուց հետո Աշոտ Գրիգորյանն ազատ է արձակվել, որպեսզի վերականգնի պետության պատճառված վնասը»:

«Այսօր արդեն նորություն չէ, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների պատճառով մեր պետության տնտեսական անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է», - շեշտված է «Երկիր»-ում: - Եվ իշխանությունը պիտի ամուր, հետեւողական «իր խոսքի տերը լինի, քանզի անխուսափելի բախում է սպասվում էներգետիկայի ոլորտի մաֆիայի եւ նրանց, դժվար չէ կռահել, բարձրաստիճան հովանավորների հետ: Ավելին, այն ինչ հայտնի է իշխանություններին, ամենայն հավանականությամբ, մաֆիական այսբերգի վերին մասն է միայն...»:

«Ինչու ազատվեց էներգետիկայի նախարարը» վերնագրի տակ «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը ամրագրում է. Էներգետիկ համակարգում կորուստների ու գերկորուստների տեսքով տարեկան անհետանում է 50-60 միլիոն դոլար. «Ընդ որում, այդ ցուցանիշները՝ կապված բաշխիչ ցանցերի մասնավորեցման ձգձգումների հետ, գնալով մեծանում են»: Համակարգի անարդյունավետ տնտեսավարման հետեւանքով նորանոր պարտքեր են կուտակվում: «Էներգետիկայի նախկին նախարարին այդպես էլ չհաջողվեց լուծել բաշխիչ ցանցերի մասնավորեցման խնդիրը... Այդ ձախողումը նախարարին այլեւս չներվեց եւ դարձավ նրան աշխատանքից ազատելու հիմնական պատճառներից մեկը», - արձանագրել է մեկնաբանը:

Ինչ վերաբերում է նոր նախարարին, «Հայոց Աշխարհ»-ը ակնարկում է. «Միայն համակարգի մարդ լինելը բավական չէ էներգետիկայի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»:

«Հայկական ժամանակ» թերթի խտացմամբ, «Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ ընդդիմությունը հիմնականում զբաղվում է բացասական վիճակագրության հավաքագրմամբ, իսկ իշխանությունը՝ դրական: Ընդ որում՝ ընդդիմության ներկայացրածը ավելի արժանահավատ է դիտվում: Թվերի դաշտում «Հայկական ժամանակ»-ը անդրադառնում է նաեւ, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամը փողի փոխարեն սկսել է միայն խոստումներ հավաքել»:

Վաղը՝ դեկտեմբերի 7-ին Նյու Յորքում տեղի է ունենալու հանգանակություն: Բայց, - մեղադրական շեշտադրում է «Գոլոս Արմենիի» թերթի մեկնաբանը, - ո'չ աղետի գոտու համար: Վաղը ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հանդիպում է ունենալու սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնց հրավիրել է մուծումներ անելու Դեմիրճյան ընտանիքի հիմնադրամ: Այստեղից «Գոլոս Արմենիի»-ում վարկած է զարգացվում, թե նման ճանապարհով Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ սերտ կապեր ունեցող որոշ սփյուռքահայեր, մասնավորապես, Վաչե Մանուկյանը փորձելու են քողարկել իրավիճակը ապակայունացնելու նպատակին ծառայելիք միլիոնավոր դոլարների հոսքը Հայաստան:

«Հայկական ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ Շիրակի մարզի դատախազությունը օրերս կարճել է Աշոտ Մանուչարյանի դեմ հարուցված քրեական գործը՝ «իշխանության ներկայացուցչին հրապարակավ մեղադրանք հասցնելու» մեղադրանքով: Խոսքը հուլիս ամսին Գյումրիում կայացած հանրահավաքում նախագահ Քոչարյանի հասցեին արտահայտությունների մասին է: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, «դատախազը որոշել է, որ Մանուչարյանի կատարած արարքի հետեւանքով ոչ էական վնաս է պատճառվել»: Չի բացառվում, սակայն, որ հանրապետության գլխավոր դատախազությունը այս որոշումը դեռ վերանայի:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG