Մատչելիության հղումներ

2002 թվականը պետք է դառնա Աղետի գոտում բնակարանային խնդրի վերջնական լուծման տարի


Թեեւ հատկապես վերջին երեք տարիներին 1988 թվականի կործանարար երկրաշարժի հետեւանքով ավերված բնակավայրերը վերականգնելու ուղղությամբ ծրագրված ու հետեւողական քայլեր են արվում, այդուհանդերձ, Աղետի գոտում այսօր էլ 14 հազար 200 ընտանիքներ շարունակում են ապրել բնակության համար միանգամայն ոչ պիտանի դարձած փայտաշեն տնակներում։

Ըստ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանի, այս տարվա ընթացքում նոր բնակարանների կառուցման եւ վթարային շենքերի ամրացման վրա տարբեր աղբյուրներից ծախսվել է ընդհանուր առմամբ 30 միլիոն դոլար։ Հաջորդ տարի այդ գումարը կկրկնապատկվի՝ հասնելով շուրջ 60 միլիոն դոլարի։

Ազգային ժողովի կողմից որպես օրենք հաստատված եւ մինչեւ 2003 թվականը կատարման ենթակա Աղետի գոտու վերականգման եռամյա համալիր ծրագրով նախատեսված է իրացնել 80 միլիարդ դրամ:

Դավիթ Լոքյանն ասաց, որ եռամյա ծրագրի՝ այս տարվա համար նախատեսված մասով աղետի գոտու 1906 ընտանիքներ պետք է ապահովվեն բնակարաններով. դրանցից 1084ը՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տրամադրած բնակարանային սերտիֆիկատների միջոցով: Յուրաքանչյուր սերտիֆիկատ թույլ է տալիս Գյումրիում եւ Վանաձորում տեր դառնալ միջին հաշվով 5000 դոլար արժեցող բնակարանի։

«Այն, ինչ ֆիքսված է պետական օրենքով եւ այն, ինչ պարտավոր էինք մենք բոլորս կատարել... իրականություն է դարձել», - ասաց Դավիթ Լոքյանը, ավելացնելով, որ շնորհիվ Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի ֆինանսական օժանդակության, վերականգման ծրագրի՝ հաջորդ տարվա համար նախատեսված՝ բնակարանների ամրացման եւ ուժեղացման աշխատանքների մեկ երրորդ մասն արդեն կատարվել է։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը գյուղական բնակավայրերի կիսակառույց տների շինարարության ավարտման համար օժանդակության նոր ծրագիր է սկսում: «Դեկտեմբերի 7-ին Նալբանդ եւ Ջրաշեն գյուղերում կհանձնվեն առաջին շինարարական սերտիֆիկատները, որով 1991 թվականից անավարտ մնացած կիսակառույցները կավարտվեն: Աղետի գոտում մենք կունենանք թվով 815 այդպիսի նորակառույցներ», - ասաց Դավիթ Լոքյանը, ավելացնելով, որ «Լինսի» հիմնադրամի օժանդակության շնորհիվ 2002 թվականը պետք է դառնա Աղետի գոտու բնակարանային խնդրի վերջնական լուծման տարի:

Քաղաքաշինության նախարարի խոսքերով, հաջող ընթացքի մեջ է նաեւ Աղետի գոտու դպրոցների վերականգման ծրագիրը: «Մինչեւ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը այստեղ ոչ մի կիսաշեն կամ տնակային դպրոց չի լինելու», - հավաստեց Դավիթ Լոքյանը։

Ինչպես այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւորդյանը, ընթացիկ տարի միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ համատեղ Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացրել է մոտ 2 մլն դոլարի ծրագիր։

Ֆրանսահայ, ամերիկահայ, արգենտինահայ բարերարների օգնությամբ այս կամ հաջորդ տարվա սկզբում շահագործման կհանձնվի մոտ մեկ տասնյակ դպրոց ու բնակելի շենք։


Ատոմ Մարգարյան եւ Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG