Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը պաշտոնանկ է անում Էներգետիկայի նախարարին





Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Կարեն Գալուստյանը ազատվել է էներգետիկայի նախարարի պաշտոնից: Դեկտեմբերի 4-ի մեկ այլ հրամանագրով Հայաստանի նախագահը ՀՀ էներգետիկայի նախարար է նշանակել Արմեն Մովսիսյանին:

Դեռեւս հոկտեմբեր ամսին էներգետիկայի նախարարությունում անցկացրած խորհրդակցության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ անմիջական վերահսկողության տակ է վերցնում ոլորտի խնդիրները:

Անցած շաբաթ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահը համապատասխան մարմիններին հանձնարարել է խստագույն միջոցներ ձեռնարկել բոլոր չվճարողների նկատմամբ:

Ըստ պաշտոնական տվյալների, 2000 թվականին Հայաստանում արտադրվել է 180 մլն դոլարի էլեկտրաէներգիա՝ արձանագրելով 60 միլիոն դոլարի գերկորուստ: Այսինքն, տարեկան 30 տոկոս գերկորուստ, դրան ավելացրած՝ 12 տոկոս տեխնիկական կորուստ:

Իսկ անցած շաբաթվա վերջում էլ երկրորդ անգամ տապալվեց Հայաստանի բաշխիչ ցանցերի մասնավորեցման միջազգային մրցույթը՝ հայտեր չլինելու պատճառով:

Ազգային ժողովի փոխխոսնակ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Թորոսյանը այսօր, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ փոփոխությունը, ըստ երեւույթին, պայմանավորված է այն վճռական քայլերի տրամաբանությամբ, որ «Հանրապետության նախագահը վերջին շրջանում անում է էներգետիկայի համակարգի առողջացման ուղղությամբ»:

«Չեմ կարծում, որ ուղղակիորեն խնդիրը բաշխիչ ցանցերի մասնավորեցմանն է վերաբերում», - նաեւ ասաց Տիգրան Թորոսյանը՝ - «Ընդհանրապես էներգետիկ համակարգի առողջացմանը»:

Նորանշանակ նախարարը՝ 39-ամյա Արմեն Մովսիսյանը
1997-98 թթ. ղեկավարել է ՀՀ էներգետիկայի նախարարության «Սյունիքի մարզային էլեկտրացանց» պետական ՓԲԸ-ն, 1998-2000 թ. մարտ ամիսը եղել է «Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը: 2000-2001 թթ. զբաղեցրել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալի, իսկ 2001 թ-ից մինչ նոր նշանակումը կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG