Մատչելիության հղումներ

Կառավարությունը մշակում է բաշխիչ էլեկտրացանցերը լիազորագրային կառավարման հանձնելու պայմանները


Հայաստանի էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ցանցերը լիազորագրային կառավարման տալու պայմաններից հիմնականն է համարվելու սպառողներին վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց գումարների առավելագույն հավաքումը։

Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի գնահատումներով, տարեկան արտադրված 180 միլիոն դոլարի էլեկտրաէներգիայի վաճառքից հավաքվում է լավագույն դեպքում 120 միլիոն դոլար, կամ ընդհանուրի միայն 66 տոկոսը, մնացածը չվճարումներն են եւ գերկորուստները։

Ըստ Նիկոլայ Գրիգորյանի, լիազորագրային կառավարչի գլխավոր խնդիրը գերկորուստների կրճատումն ու մենեջմենթի բարելավումն է լինելու: Ներկայումս ցանցերում աշխատող 10 հազար տեսուչների ավելի քան երկու երրորդը ենթակա է կրճատման:

Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման երկրորդ միջազգային մրցույթի տապալումը դիտորդները կապում են հիմնականում Միացյալ Նահանգներում տեղի ունեցած ահաբեկչության հետ: Այն ազդել է ոչ միայն արեւմտյան, այլեւ ռուսաստանյան պոտենցիալ ներդրողների վարքագծի վրա: Ռուսաստանյան միակ հավակնորդը՝ ՌԱՈ ԵԷՍ-ը, մինչեւ վերջին պահը ձեռնպահ մնաց մրցույթին մասնակցելու հրաժարականից, եւ այն ներկայացրեց միայն, երբ հայտնի դարձավ, որ ասպարեզում արեւմտյան որեւէ մրցակից չկա։

Մյուս կողմից, ռուսաստանյան ընկերությունը ներդրումներ անելու, ու առավել եւս՝ մեր ցանցերի դիմաց որոշակի գին վճարելու համար հավելյալ միջոցներ չունի ։ Ավելին, ՌԱՈ ԵԷՍ-ն ինքը մեծածավալ արտաքին ներդրումների կարիք ունի։

Հայաստանյան ցանցերի վաճառքի պայմանների համաձայն, դրանց գնորդը ոչ միայն պետք է որոշակի գին վճարեր, ներդրումային պարտավորություններ ստանձներ, այլեւ՝ վճարեր պարտքերի մի մասը։ Ըստ երեւույթին, այս հանգամանքը ոչ վերջին դերը խաղաց ՌԱՈ ԵԷՍ-ի՝ գործարքից հրաժարվելու որոշման մեջ։

Չի կարելի հաշվի չառնել նաեւ, որ ռուսաստանյան այս ընկերությունը, ամենայն հավանականությամբ, շուտով կտիրանա Հրազդանի ջերմաէլեկտրակայանին՝ իբրեւ Ռուսաստանին ունեցած պարտքի մի մասի փոխհատուցում՝ «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում: Իսկ սա նշանակում է, որ ՌԱՈ ԵԷՍ-ը ապագայում բաշխիչ ցանցերին առնչվելու խնդիր է ունենալու եւ նրան ձեռնտու է ոչ թե գնել դրանք, այլ՝ վարձակալել։

Հայաստանի էներգետիկ ոլորտի պատասխանատուները, այդուհանդերձ, չեն հրաժարվում ցանցերի մասնավորեցման գաղափարից, համարելով, որ լիազորագիր կառավարման հանձնելն ինքնին քայլ է դեպի ցանցերի մասնավորեցումը:

«Ինչ խոսք, որ մի քայլ առաջ կլինի լիազորագրային կառավարման տալը, որովհետեւ միեւնույն է ի վերջո մենք պետք է մասնավորեցնենք ցանցերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Նիկոլայ Գրիգորյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG