Մատչելիության հղումներ

Ցեղասպանության միջազգային ուսումնասիրությունը «կարեւոր է հայ-թուրքական երկխոսության համար»


1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ուսումնասիրությունը, որն անցկացվելու է Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի խնդրանքով, հանձնախմբի հայ անդամների կարծիքով, կարող է այդ մասնավոր նախաձեռնության կարեւոր տարրերից մեկը դառնալ:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը եւ մոսկվայաբնակ հայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը հինգշաբթի օրը հաստատեցին, որ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը խնդրել է Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի հովանավորությունը՝ «որպեսզի անկախ երրորդ կողմն անցկացնի 20-րդ դարասկզբի իրադարձությունների նկատմամբ 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրություն»:

Նման խնդրանքով հանձնախումբը կենտրոնին դիմել է անցած շաբաթ Նյու Յորքում կայացած իր երրորդ նիստի ընթացքում: Հանձնախմբի հայ անդամներ Արզումանյանն ու Միհրանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ միջազգային իրավունքի փորձագետների եզրակացությունները հայ-թուրքական հարաբերություններում այդ ամենացավոտ հարցի վերաբերյալ կարող են անդրադառնալ հանձնախմբի կողմից պաշտոնական Անկարային եւ Երեւանին ապագայում ներկայացվելիք առաջարկությունների վրա:

«Ես վստահ եմ, որ հանձնախումբը հանգամանորեն կքննարկի այդ եզրակացությունը, - ասաց Ալեքսանդր Արզումանյանը: - «Եվ ես կարծում եմ, որ մեր առաջարկությունները մեր համապատասխան կառավարություններին հաշվի կառնեն այն»: Նախկին արտգործնախարարն ավելացրեց, որ Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի աշխատանքը եզրակացության վրա կարող է ամիսներ տեւել, իսկ բուն եզրակացությունը՝ կրել կոնֆիդենցիալ բնույթ:

Ըստ Անդրանիկ Միհրանյանի, եթե փորձագետները եզրակացնեն, որ կոնվենցիան կիրառելի է1915 թվականի զանգվածային սպանությունների նկատմամբ, «դա մեծ առաջընթաց» կլինի հայ-թուրքական հարաբերություններում: Նրա կարծիքով, միջազգային կենտրոնի դրական եզրակացությունը մեզ համար շատ կարեւոր քաղաքական եւ բարոյական հաղթանակ կլինի:

«Մեզ ոչ թե միջազգային դատավճիռ է պետք, այլ անաչառ վերլուծություն՝ կիրառելի՞ է թե ոչ Ցեղասպանության մասին կոնվենցիան», - ասաց Արզումանյանը՝ շեշտելով, որ հանձնախմբի հայ անդամները երբեք չեն կարող կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության փաստը:

Անդրանիկ Միհրանյանի խոսքերով, «առաջին անգամն է, որ հայկական եւ թուրքական կողմերը միասին օգտագործում են «ցեղասպանություն» բառը»: Քաղաքագետը կարեւոր է համարում նաեւ, որ միջազգային կենտրոնի դրական եզրակացության դեպքում հայկական եւ թուրքական կողմերը միասին պիտի քննարկեն, թե դա ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար:

Անկախ փորձագետներին դիմելու Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի որոշման մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնի դարձավ շորեքշաբթի օրը՝ հանձնախմբի աշխատանքները համակարգող ամերիկացի գիտնական Դեյվիդ Ֆիլիպսի հայտարարությունից: Արզումանյանի խոսքերով, Ֆիլիպսի հայտարարությունը հրապարակման ենթակա չէր, եւ նախկին արտգործնախարարը համաձայնել էր մեկնաբանել նյույորքյան հանդիպման արդյունքները միայն, քանի որ տեղեկատվության արտահոսք արդեն եղել է:

Ֆիլիպսի հայտարարության մեջ ասված է, որ հանձնախմբի հայ եւ թուրք անդամները հանդիպման վերջում համաձայնության են եկել, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գոյությունը չպետք է օգտագործվի Հայաստանի եւ Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի վրա ներգործելու նպատակով»: Անդրանիկ Միհրանյանի խոսքերով, դա արդյունք էր այն բանի, որ հայկական կողմը հստակորեն հարց էր բարձրացրել, որ եթե իրական առաջընթաց հանձնաժողովի աշխատանքում չլինի, եւ դրա աշխատանքը որեւէ կերպ խանգարի հայոց ցեղասպանության ճանաչմանը միջազգային ատյանների եւ հանրության կողմից, ապա հայկական կողմը կմտածի հանձնախմբի աշխատանքի կասեցման ուղղությամբ:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG