Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Քոչարյան - Ալիեւ երկկողմ հանդիպումների ռեսուրսը սպառվել է», - նոր հանդիպման շեմին ընդգծում է «Ազգ» թերթը՝ ամրագրելով. «Հայկական կողմի սպասելիքներն Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական առանձնազրույցից, մեղմ ասած, մեծ չեն»:

«Նախագահ Քոչարյանի վարած արտաքին քաղաքականությունը, որի իրականացնողն է արտգործնախարար Վարդան Օսկանյանը, վերջին օրերին սկսել է դուր գալ «Աջ ուժերի» կամ «նախկինների» առանձին ներկայացուցիչների», - փոխանցում է «Առավոտ» թերթը: - «Վերջիններից մասնավորապես Ստեփան Գրիգորյանը, որ «Արմատ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչն է, պնդում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը արմատական շրջադարձ է կատարում անցած երեք տարիներին վարված քաղաքականությունից»: Նա ողջունում է վերջերս ՄԱԿ-ում արտգործնախարար Օսկանյանի հնչեցրած տեսակետը, որ «Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի մարդու եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա», համադրելով, թե «մինչ այդ Ռ.Քոչարյանը Ղարաբաղի հիմնախնդիրը դարձրել էր պահանջատիրության եւ Հայ Դատի խնդիր»:

Դիրքորոշման փոփոխություններ նկատելով նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների դաշտում, նախկինների ներկայացուցիչը միաժամանակ կասկած է հայտնել, թե «արդյոք Ռ.Քոչարյանի եւ Վ.Օսկանյանի ելույթներն ուղղված չե՞ն միայն արտաքին աշխարհին եւ, որ Հայաստանի ներսում վարվող քաղաքականությունն էապես տարբերվելու է դրանից: Ի վերջո, այսօր Հայաստանում նախագահ Քոչարյանին անվերապահորեն սատարող կուսակցությունները, որոնք նաեւ իշխանական համակարգի մաս են կազմում, մասնավորապես՝ ՀՅԴ-ն, հանդես են գալիս պահանջատիրության, Հայ Դատի գաղափարախոսության դիրքերից»:

Սահմանադրական փոփոխությունների Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը «Ժամանակ» թերթի հարցազրույցում եւս մեկ անգամ մատուցում է Հանրապետական կուսակցության, իրենց համախոհների փաստարկները հօգուտ կառավարման կիսանախագահական ձեւի. «Խորհրդարանական կառավարման համակարգը պատասխանատվության «ցրման» շատ ավելի ռեալ մեխանիզմ է ենթադրում: Նման բարդ իրավիճակներում, կարծում եմ, շատ ավելի օգտակար կլինի, եթե պատասխանատվությունը համեմատաբար շատ ավելի կենտրոնացած լինի», - նշում է նա: - Մյուս կողմից, «երբ քաղաքացիական հասարակությունը լիարժեք ձեւավորված չէ, երբ կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները լիարժեք կայացած չեն, նախագահական համակարգն էլ իսկապես լուրջ վտանգներ կարող է ստեղծել՝ իշխանության խիստ կենտրոնացման առումով»: «Ժամանակ»-ի մեկնաբանը սրան ավելացնում է. «Վեց հարյուր եւ ավելի տարիներ պետականություն չունեցած մեր ազգի համար, կարծում եմ, ո'չ մեկն է կիրառելի, ո'չ մյուսը»: Մերը թագավորականն է:

«Վերջապես գտնվեց պատասխանատվությունը կիսողը», - Ժողովրդադեմոկրատական կուսակցության երեկվա ասուլիսին է արձագանքում «Հայոց Աշխարհ»-ը: «Երկիր» թերթն էլ արձանագրել է, «Հանրապետական կուսակցությունից բացի, կառավարության գործունեության պատասխանատվությունը կրող քաղաքական ուժը Ժողովրդադեմոկրատական կուսակցությունն է... «ես քեզ թիկունք, դու՝ ինձ լծակ» սկզբունքով: «Երկիր»-ը մանրամասնում է, թե «ԺԴԿ-ՀՀԿ հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարվել են: Պատճառը կառավարության որոշմամբ ԺԴԿ-ական մի քանի պաշտոնյաներին իրենց զբաղեցրած պաշտոններից ազատելն էր... սակայն, ինչպես երեւաց երեկ ասուլիս հրավիրած ԺԴԿ-ականների տրամադրություններից, հարցերը կարծես դրականորեն են լուծվել: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացել է ազատված ԺԴԿ-ականներին կրկին պաշտոններ շնորհել»:

Ինչպես հայտնի է, նախօրեի աշխատանքային խորհրդակցության ժամանակ, նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել էր էլեկտրաէներգիայի վարձի վճարումներից խուսափող տարբեր ոլորտների պաշտոնատար անձանց խնդրին, նշելով, որ նրանց նկատմամբ վերաբերմունքը հատկապես խիստ է լինելու: «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը փորձել է պարզել, թե կոնկրետ ովքեր են դրանք, բայց բախվել է հույժ գաղտնիության պատի: Այնպես որ, առայժմ նշվում է. «Հոսանքի վարձը չվճարող պաշտոնյաների ցանկ, այնուամենայնիվ, կա: Այդ «սեւ ցուցակում» նշված են մարզպետներ, միլպետներ, տեղական ու իրավապահ համակարգի զանազան այլ պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, գյուղապետեր: Ինչ վերաբերում է նախարարի, փոխնախարարի պաշտոն զբաղեցնող կամ՝ պատգամավոր դարձած, սակայն հոսանքի վարձը մուծելուց խուսափողներին, ասում են, նրանց ցուցակը դրված է էներգետիկայի նախարարի չհրկիզվող պահարանում՝ յոթ փակի ներքո»:

Նույն թերթի մեկնաբաններից մեկն էլ գրում է. «Մեր երկրում ամեն ինչ է հնարավոր, բացի օրենքը կիրառելուց... Այն ձեւով, ինչպես մենք ենք կիրառում օրենքները, իրավական պետության մասին ելույթները, այլ բան չեն, քան բարբաջանք: Իսկ գուցե առաջարկենք քանի դեռ վերջնականապես չի փոփոխվել հիմնական օրենքը, այնտեղ ամրագրել կենսականորեն անհրաժեշտ եւս մեկ հոդված, ըստ որի, բարձրաստիճանները զերծ են բոլոր տեսակի կենցաղային վարձեր վճարելուց»:

Խորհրդարանում շրջանառվող «1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ սույն օրենքի ընդունումը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար գանձելու մասին» օրենքի նախագիծը, որ հեղինակել են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանն ու հանձնաժողովի անդամ մի քանի պատգամավորներ, «Հայկական ժամանակ» թերթի շեշտադրմամբ, այն հերթական նախաձեռնություններից է, որ չլուծելով որեւէ լուրջ խնդիր, պարզապես քաղաքացիներից փող հավաքելու նոր մեթոդներ է ներմուծում: «Օրենքի նախագիծը անընդունելի են համարում եւ' կառավարությունը՝ ի դեմս վարչապետ Անդրանիկ Մարգարյանի», եւ' զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Ցանկացած նոր օրենք գոնե չպետք է հակասի գործող օրենսդրությանը, տրամաբանությանը եւ էլ ավելի խառնաշփոթ չստեղծի, - միանալով նրանց՝ ի բարօրություն հասարակության ինքնամոռաց գործող պատգամավորներին է դիմում «Հայկական ժամանակ»-ը:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG