Մատչելիության հղումներ

Հայ-թուրքական հանձնախումբը «անկախ» եզրակացություն է խնդրում 1915 թվականի ցեղասպանության վերաբերյալ


Ինչպես չորեքշաբթի հայտնի է դարձել «Ազատություն» ռադիոկայանին, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախումբը, որի երրորդ նիստը տեղի ունեցավ անցած շաբաթ Նյու Յորքում, միջազգային իրավունքի փորձագետներին խնդրել է անցկացնել ուսումնասիրություն՝ որոշելու, թե ցեղասպանություն էին արդյոք Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված զանգվածային սպանություններն ու բռնագաղթը: Հանձնախումբը, ըստ էության, նաեւ հորդորել է Թուրքիային վերացնել Հայաստանի տնտեսական շրջափակումը:

Ըստ նյույորքյան չորսօրյա հանդիպմանը նախագահած ամերիկացի գիտնականի, Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի տասը անդամները խնդրել են Նյու Յորքում գտնվող Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնին «նպաստել, որպեսզի անկախ երրորդ կողմն անցկացնի 20-րդ դարասկզբի իրադարձությունների նկատմամբ 1948 թվականի ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի կիրառելիության ուսումնասիրությունը»: Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում «Հակամարտությունների կանխում» առարկան դասավանդող եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի ստեղծման գործում մեծ դերակատարություն ունեցած Դեյվիդ Ֆիլիպսը երկուշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ ասել է, թե «ուսումնասիրությունը կոնֆիդենցիալ բնույթ է կրելու»:

Ընթացիկ տարվա հուլիսին ստեղծված Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի անդամները (այդ թվում` երկու նախկին արտգործնախարար) մինչեւ այժմ պնդում էին, որ չեն քննարկելու կողմերի դիրքորոշումները ցեղասպանության վերաբերյալ:

Ֆիլիպսի հայտարարության մեջ, սակայն, որը «Ազատություն» ռադիոկայանին է տրամադրել հանձնախմբին մոտ կանգնած աղբյուրը, ասվում է, որ «Անցումային շրջանի արդարադատության միջազգային կենտրոնի ուսումնասիրության արդյունքները նկատի կառնվեն» հետագա հանդիպումների ժամանակ: Հանձնախմբի հայ անդամների հետ չորեքշաբթի օրը հնարավոր չեղավ կապվել:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի ստեղծումը Հայաստանում եւ Սփյուռքում շատերի կողմից դիտարկվում է որպես հնարք՝ խոչընդոտելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Նրանք, մասնավորապես, փաստարկում են, որ Եվրախորհրդարանը անցյալ ամիս հրաժարվել է Թուրքիային վերաբերող բանաձեւում հիշատակել Հայոց ցեղասպանությունը՝ որպես փաստարկ բերելով հանձնախմբի գոյությունը:

Լարվածությունը աճեց նյույորքյան հանդիպման առաջին օրը՝ նոյեմբերի 18-ին, երբ հանձնախմբի չորս հայ անդամները ասել էին, թե կդադարեցնեն իրենց մասնակցությունը, եթե հանձնախմբի գործունեություն վնաս հասցնի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Հանձնախմբի հայ անդամներից մեկի՝ Անդրանիկ Միհրանյանի խոսքերով, հայկական կողմը հստակորեն հարց էր բարձրացրել, որ եթե իրական առաջընթաց հանձնաժողովի աշխատանքում չլինի, եւ դրա աշխատանքը որեւէ կերպ խանգարի հայոց ցեղասպանության ճանաչմանը միջազգային ատյանների եւ հանրության կողմից, ապա հայկական կողմը կմտածի հանձնախմբի աշխատանքի կասեցման ուղղությամբ:

Հանձնախմբի թուրք անդամները, ըստ Անդրանիկ Միհրանյանի, շատ լրջորեն են վերաբերվել հայկական կողմի կոշտ դիրքորոշմանը:

Ֆիլիպսի հայտարարության մեջ ասված է, որ հանձնախմբի հայ եւ թուրք անդամները հանդիպման վերջում համաձայնության են եկել, որ «Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գոյությունը չպետք է օգտագործվի Հայաստանի եւ Թուրքիայի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքի վրա ներգործելու նպատակով»:

Անկախ ուսումնասիրության անցկացումը կբարձրացնի հայ-թուրքական երկխոսության մեջ Անցումային շրջանի արդարադատության կենտրոնի դերը: Նյու Յորքում գտնվող մարդու իրավունքների պաշտպանության այդ կազմակերպությունը ստեղծվել է անցած գարնանը՝ օգնելու անցումային շրջանում գտնվող երկրներին: Այն մասնակցում է հետբախումնային վերականգման եւ հաշտեցման նախաձեռնություններին ամբողջ աշխարհում:

Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գործունեության մեջ կենտրոնը ներգրավվել է ընթացիկ աշնանը: Նյու Յորքում հանձնախմբի անդամները մասնակցել են Անցումային շրջանի արդարադատության կենտրոնի կազմակերպած «Հաշտեցման մոդելները» սեմինարին:

Ըստ Ֆիլիպսի, հանձնախմբի հայ եւ թուրք անդամները հայտարարել են նաեւ, որ իրենց երկխոսությունը «չի փոխարինում» երկու հարեւան երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններին: Նրանք համաձայնել են, որ «առեւտրի եւ տրանսպորտային կապի կարգավորումը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնպաստի հաշտեցմանը»:


Էմիլ Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG