Մատչելիության հղումներ

Հակասություններ Հունանյան եղբայրների ցուցմունքներում


«Հոկտեմբերի 27»-ի դատավարության շուրջ 4 ամսվա ընթացքում Նաիրի Հունանյանը համառորեն պնդում էր, որ իրենք խորհրդարան են գնացել ապստամբություն իրականացնելու նպատակով, որ սպանելու մտադրություն չեն ունեցել, եւ ահաբեկչական խմբի հատկապես հինգ անդամները համամիտ են եղել իր մշակած ծրագրին եւ կիսել են իր գաղափարները:

Սակայն վերջին երկու դատական նիստերի ընթացքում, փաստորեն, ամբաստանյալի կառուցած այս բուրգն էլ սկսեց քանդվել: Նախ քեռին՝ Վռամ Գալստյանը երկուշաբթի օրը Նաիրի Հունանյանին ուղղված իր հարցերով կասկածի տակ դրեց այն հանգամանքը, որ իրենք տեղյակ եւ համամիտ են եղել այդ ծրագրերին:

«Պետության կործանման եւ ցեղասպանության կասեցումը դա հեղափոխությամբ իշխանության փոփոխումն էր», - այսօր էլ իր ցուցմունքում հայտարարեց Կարեն Հունանյանը: Ըստ ամբաստանյալի, երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը խորհրդարանում ահաբեկչություն կազմակերպելն ու ժամանակավոր կառավարություն ստեղծելն էր:

Երկու եղբայրների տված ցուցմունքներում հաջորդ հակասությունն այն էր, որ Նաիրի Հունանյանը պնդում էր, թե Արմենակ Արմենակյանին սպանել է Կարեն Հունանյանը, իսկ այսօր վերջինս հայտարարեց, որ ոչ ինքը, ոչ Նաիրի Հունանյանը եւ ոչ էլ Վռամ Գալստյանը Արմենակ Արմենակյանի վրա չեն կրակել:

Բուն գործի մասին Կարեն Հունանյանը, ըստ էության, շատ քիչ բան ասաց: Հիմանկանում, որոշակի հոդվածներ մեջբերելով, խոսում էր մարդու իրավունքների համընդհանուր կոնվենցիայի, հանրապետության Սահմանադրության ոտնահարման մասին:

Հաջորդ դատական նիստին՝ նոյեմբերի 30-ին կսկսվի Կարեն Հունանյանի հարցաքննությունը:


Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG