Մատչելիության հղումներ

«Եվրոպայի ամենավատ միջուկային կայանները» գտնվում են Հայաստանում, Բուլղարիայում եւ Մեծ Բրիտանիայում


Վիեննա, 27-ը նոյեմբերի («Ֆրանս Պրես» գործակալություն) - Երեքշաբթի օրը Վիեննայում հրապարակված բնապահպանական հետազոտության համաձայն, Եվրոպայի ամենավտանգավոր միջուկային կայանները Հայաստանինն ու Բուլղարիայինն են, իսկ Եվրոպայի ութ ամենավատ ռեակտորները տեղակայված են Բրիտանիայում:

Կիրառական բնապահպանության ավստրիական ինստիտուտի կատարած հետազոտության մեջ Հայաստանի Մեծամորի ատոմակայանը եւ Բուլղարիայի Կոզլոդույի կայանը ստացել են 13-ական բացասական միավոր՝ հաշվի առնելով կայանների անվտանգությունը, դիրքը, ֆինանսական վիճակը եւ տարիքը:

Արեւելյան եւ արեւմտյան Եվրոպայի միջուկային կայանների համեմատության նպատակով կատարված հետազոտության մեջ նշված կայաններին 12 եւ 11 բացասական միավորներով հետեւում են Ռուսաստանի վեց, Ղազախստանի ԲՆ-350 եւ Լիտվայի Ինգալինա միջուկային կայանները:

Եվրամիության երկրներից վատագույն ցուցանիշը Մեծ Բրիտանիայինն է: Ինը բացասական միավոր է ստացել նաեւ Իսպանիայի Սանտա Մարիա դե Գարոնա կայանը:

«13 բացասական միավորով ամենավտանգավոր կայաններն են Հայաստանինը եւ Կոզլոդույինը, որոնց հետեւում են Սոսնովի Բոռի կայանը Ռուսաստանում եւ ԲՆ-350-ը Ղազախստանում», - հայտարարության մեջ գրում է ուսումնասիրության կազմող Անտոնիա Ուենիշը: - «Պատճառներն են՝ վատ դիրքը, ուր առկա է երկրաշարժերի վտանգը, ֆինանսական միջոցների բացակայությունը եւ ընդհանուր անվտանգության չափանիշները»:

«Կիրառական բնապահպանության ավստրիական ինստիտուտը միջուկային էներգիայի բացահայտ հակառակորդներից է, քանի որ գոյություն ունեն սոցիալական ու բնապահպանական առումով ավելի ընդունելի էներգիայի արտադրության եղանակներ», - բացատրում է Ուենիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG