Մատչելիության հղումներ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի պատվերով անցկացված հարցախույզի, ամենաբարձր վարկանիշը գործող նախագահինն է


Հայկական սոցիոլոգիական ընկերակցության՝ «Ազատություն» ռադիոկայանի պատվերով նոյեմբերի 13-15-ը անցկացրած հարցման 1000 մասնակիցներից միայն 67-ն են դժվարացել պատասխանել «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեին, դուք կմասնակցեի՞ք այդ ընտրություններին» հարցին: Այսինքն՝ հարցվածների մեծ մասն ընտրությունների հանդեպ արդեն հստակ կողմնորոշում ունի, ընդ որում՝ 57 տոկոսը պատասխանել է, թե կմասնակցի ընտրություններին: Մասնագետների գնահատմամբ, սա բավականին բարձր տոկոս է:

«Չնայած օտարվածությանը, չնայած նրան, որ հոգնել են, չնայած նրան, որ չեն հավատում արդար ընտրությունների, այնուամենայնիվ, մարդիկ հասկանում են, որ սա միակ մեխանիզմն է առայժմ իշխանափոխության կամ սեփական կամքի արտահայտման», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց անցկացված հարցման ղեկավար Գեւորգ Պողոսյանը:

Հարցվածների 26 տոկոսը պատասխանել է, որ կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին: Երկրորդ տեղում գտնվող Արտաշես Գեղամյանի օգտին կքվեարկեին 10.5 տոկոսը: Գործող նախագահի առավելությունն, ինչպես տեսնում եք, բացահայտ է:

Գեւորգ Պողոսյանի պարզաբանումներով, գործիչները վարկանիշը որոշվել է մի քանի հարցերի օգնությամբ՝ «ում՞ օգտին կքեարկեիք», «ո՞վ է ավելի ազդեցիկ գործիչը», «ընտրվելու ո՞ւմ շանսերն են ավելի բարձր»: «Շատ հաճախ այնպես է լինում, որ մեկին վստահում են, մեկ ուրիշին համարում են ուժեղ ձեռք, եւ բոլորովին մեկ այլին՝ որպես հնարավոր թեկնածու: Այս անգամ զարմանալիորեն այդ երեքն էլ համընկավ Ռոբերտ Քոչարյանի անձի հետ», - ասաց Գեւորգ Պողոսյանը:

«Ընդհանուր առմամբ, ինչպես եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականությունը» հարցին, հարցվածների 38 տոկոսից ավելին բավարար գնահատական է տվել: Գեւորգ Պողոսյանի հայացքով, նման գնահատականը տարօրինակ չէ, քանի որ մարդկանց կարծիքները ավելի մեղմ են, «քան ընդդիմադիր մամուլում ու առօյա խոսակցություններում»: Նրա խոսքերով, մարդիկ առաջնահերթ նշանակություն են տալիս արտաքին քաղաքականությանը, իսկ «նախագահի վարած արտաքին քաղաքականությունը արդեն 3-4 տարի շարունակ դրական է գրահատվում»:

«Ո՞ւմ օգտին էիք քվեարկել նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ» հարցին 33,4 տոկոսը պատասխանել է, որ քվեարկել է Կարեն Դեմիրճյանի օգտին, 31.4 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի օգտին: Գեւորգ Պողոսյանի խոսքերով, սա չի նշանակում, թե նախորդ ընտրություններում Կարեն Դեմիրճյանն էր ընտրվել. - «Մենք այդպիսի փորձ ունենք... 1991 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրվեց ձայների մեծամասնությամբ, ընդ որում՝ ջախջախիչ մեծամասնություն էր: Երեք-չորս տարի անց, երբ որ մենք հարցումներ էինք անցկացնում, պարզվում էր, որ ոչ ոք ձայն չէր տվել Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Պողոսյանի պարզաբանումներով, այս երեւույթը մեծ տարածում ունի. նախագահներին ընտրում են, մեկ-երկու տարի հետո մարդիկ հիասթափվում եւ պարզապես հրաժարվում իրենց ընտրությունից:

Կենտրոնի ղեկավարի խոսքերով, անցկացված հարցումը բացահայտել է այն 3 գործիչներին, որոնք այսօր լուրջ դեր են կատարում կամ հավակնում են ընտրվել ապագա ընտրություններում՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Արտաշես Գեղամյան:

1000 հարցվածներից ընդամենը 7-ն է ասել, թե նախագահական ընտրություններում ձայն կտա Սերժ Սարգսյանին: Հարցին, սակայն, թե ընտրվելու ո՞ւմ շանսերն են բարձր, 6.7 տոկոսը նշել է Սերժ Սարգսյանին (առաջինը Ռոբերտ Քոչարյանն է՝ 42 տոկոս): Արդյո՞ք սա նշանակում է, թե մարդիկ չեն հավատում, որ իրենց ընտրությունը կարող է դեր խաղալ:

«Սա ոչ թե գալիս է նրանից, որ հարյուր տոկոսով վստահ են, որ կխեղաթյուրվեն արդյունքները, այլ պարզապես ռեալ գնահատում են մարդկանց շանսերը», - բացատրում է Գեւորգ Պողոսյանը:

Կուսակցություններից ամենաբարձր վարկանիշը Կոմկուսինն է, հետո գալիս են ՀԺԿ-ն, Դաշնակցությունը, ԱԺՄ-ն, «Օրինաց երկիրը»-ը: Գեւորգ Պողոսյանի խոսքերով, այստեղ նորություններ չկան՝ 3-4 տարի շարունակ նույն պատկերն ենք ստանում:

Մասնագետներից մեկը, ծանոթանալով հարցախույզի անդյունքներին, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ամենաիրական ցուցանիշը ազդեցիկության ցուցանիշն է: Այստեղ առաջինը կրկին Ռոբերտ Քոչարյանն է՝ 24, 5 տոկոս, երկրորդը՝ մոտ 14 տոկոսով, Սերժ Սարգսյանն է: Մնացածների հավաքած տոկոսները շատ ցածր են:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG