Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ըստ «Հայկական ժամանակ» թերթի, հոկտեմբերի կեսերին, երբ վարչապետ Մարգարյանը արտասահման բուժվելու պիտի մեկներ, Վայքում որսի գնացած նախագահ Քոչարյանը մի պահ դիմել է իր ուղեկիցներից տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին՝ «Ի՞նչ կտաս, որ քեզ նշանակեմ վարչապետ»: «Հայկական ժամանակ»-ի վերարտադրությամբ, «լիակատար անակնկալի եկած Հ. Աբրահամյանը, պատմական շանսը բաց թողնելու սարսափից, առանց երկար մտածելու պատասխանում է. «Ինչ ունեմ-չունեմ կտամ»: Իսկ որպեսզի արժեքավորի իր «ունեցած-չունեցածը», սկսում է թվարկել: Այս ամենը լսելուց հետո Ռոբերտ Քոչարյանը, նույնքան անակնկալ, փոխում է խոսակցության թեման»:

«Առակս զինչ կցուցանե» ավարտականում «Հայկական ժամանակ»-ը ընդգծում է. «Ակնհայտ է, որ Քոչարյանը որոշել է կատակ անել Հովիկ Աբրահամյանի հետ: Վարչապետ նշանակելու հետ կապված հարցերը չեն քննարկվում այդքան մարդկանց ներկայությամբ: Բայց ակնհայտ է նաեւ, որ տեղի ունեցածը այնքան է համապատասխանում մեր իրականությանը, որ հումորի զգացումի պակասից առանձնապես չտառապող Հովիկ Աբրահամյանը իրեն ուղղված առաջարկը լուրջ է ընդունել»:

«Իրավունք» թերթի ուրվագծմամբ, ապագա ընտրություններում բռնություններ գործադրելու կամ քվեատուփեր լցնելու մեթոդները դժվար թե լայնամասշտաբ կիրառվեն, քանի որ Եվրախորհրդում աղմուկ կբարձրանա: «Գոնե արտաքնապես ընտրությունները պետք է օրինական տեսք ունենան, եւ այդ առումով գնալով ավելու ու ավելի է կարեւորվում փողի գործոնը: Փողի միջոցով հնարավոր է ձայներ գնել, ձեւավորել յուրայիններից բաղկացած ընտրական հանձնաժողովներ, աշխատեցնել բնակչության ուղեղները լվացող քարոզչական մեքենան: Ամենայն հավանականությամբ, 2003-ին լինելու է հիմնականում հենց նյութական ռեսուրսների մրցավազք», - նախանշում է «Իրավունք»-ը, այս առումով արձանագրելով. ներկայիս «իշխող կլանները տիրապետում են շոշափելի նյութական միջոցների եւ դրան գումարած՝ վարչական լծակների, սակայն այդ նյութական ռեսուրսները զիջում են նախկինների կուտակածին... Դրանից բխում է իշխող վարչախմբի կողմից որդեգրված մարտավարությունը՝ հանուն իշխանության պահպանման ձգտել կուտակել այնպիսի նյութական ռեսուրսներ, որոնք թույլ կտան ապագա ընտրություններում մրցել նախկինների հետ եւ պահպանել իշխանությունը»:

Այսպես, «տնտեսական դաշտը մենաշնորհի վերածելու գործընթացը նոր թափ է հավաքում: Մաքսային եւ իրավապահ մարմինների միջոցով ավելի ու ավելի ուժեղացվում է ճնշումը այն գործարարների նկատմամբ, ովքեր չեն անցել իշխանությունների թրի տակով»: Կադրային փոփոխություններն էլ այս տրամաբանությամբ երթադրվում է առաջիկայում կլինեն նախարարական պոստերում այնպիսի մարդկանց նշանակումով, ովքեր կարող են հանդես գալ որպես տնտեսական գործունեության «տանիքներ», ապահովել ֆինանսական անհրաժեշտ հոսքեր:

«Բնականաբար, նյութական ռեսուրսներն իշխանության պահպանման գերխնդրին ամբողջովին ուղղվելու մարտավարությունը դատարկ խոսքեր է դարձնում ներդրումների, աշխատատեղերի եւ տնտեսական աճի մասին բոլոր խոսակցությունները», - ամփոփել է «Իրավունք»-ի մեկնաբանը, որպես հետեւանք կանխատեսելով նաեւ անկառավարելի սոցիալական պայթյուններ:

Վերլուծելով եկող տարվա պետական բյուջեն, «Ժամանակ» թերթի մեկնաբանը բյուջեի մուտքերի զգալի մեծացման նախատեսումը մատուցում է իբրեւ ապացույց, որ կառավարությունն անհաշտ պայքար է մղում եւ մղելու է ստվերայի տնտեսության դեմ»: Մյուս կողմից, «Ազգ»-ի մեկնաբանի գնահատականով, «հնարավորությունից մեկ երրորդի չափով մուտքեր ապահովելու մասին հայտարարությունները ամենամեղմ գնահատականով այլ բան չեն նշանակում, քան ստվերի դեմ պայքարում կառավարության մշակած ռազմավարության բացակայություն... ՀՀԿ եւ կառավարության անպատասխանատու հայտարարություններն էլ առնվազն խորացնում են անվստահության մթնոլորտը»:

ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը «Իրավունք»-ի հարցազրույցում ասում է. «Այս իշխանությունը եկավ եւ մեկ առաքելություն պետք է ունենար. մեր թերությունները, բացթողումները շտկեր, վատը չեզոքացներ... Բայց ահա մոտ չորս տարի անցել է, եւ վատը ընդօրինակելուց, բազմապատկելուց բացի, այս իշխանությունն այլ բանի ընդունակ չեղավ»:

«Նախագահական ընտրություններում ՀՀՇ-ն հանդես կգա՞ իր թեկնածուով եւ կփորձի՞ վերադարձնել իր երբեմնի իշխանությունը» հարցին Արամ Մանուկյանը պատասխանում է. «Անշուշտ, ձգտում ենք իշխանության: Բնական է, այլ կերպ չէր էլ կարող լինել: Սակայն դեռ կոնկրետ որեւէ որոշում չունենք, քննարկումներ, իհարկե, կան: Մենք մեր ասելիքը կունենանք»:

Արձանագրելով, որ անցած շաբաթ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչը անմիջապես եւ կտրականապես մերժեց արտգործնախարար Օսկանյանի առաջարկը «երկխոսություն հաստատել Թուրքիայի հետ՝ առանց որեւէ նախապայմանի», «Երկիր» թերթը հերթական հրապարակմամբ ամրագրում է. «Թուրքական կառավարությունը պատրաստ չէ հայերի հետ որեւէ երկխոսության: Բոլոր նրանք, ովքեր հավատացած են, թե մի քանի ինքնակոչ անհատ հայեր ի զորու կլինեն լուծել հայ-թուրքական բարդ հարցը մի շարք ջերմ հանդիպումների կամ երգիչների ու պարողների փոխանակման միջոցով, կամ ծաղրում են իրենք իրենց, կամ էլ ծաղրուծանակի են ենթարկվում թուրքերի կողմից»:

«Իրավունք» թերթը դիմել է նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանին՝ արդյո՞ք մոտ ապագայում անցկացվելիք «զորավարժությունները ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում... չեն վնասի հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը»: Վահե Գաբրիելյանը պարզաբանում է՝ «Հայաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները խնդիրներ չեն առաջացնում Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում, մանավանդ, որ Ռուսաստանն ինքը ակտիվորեն համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Իսկ Ռուսաստանի նախագահն անգամ մի առիթով չի բացառել Ռուսաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG