Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հորդորում է նվիրատուներին աջակցել հայ մշակութային ժառանգության պահպանմանը





Երեւանում այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ բացված «Վերածնունդ մշակույթի միջոցով» խորագրով նվիրատուների կոնֆերանսը նպատակ ունի ֆինանսավորման աղբյուրներ գտնել մշակութային ժառանգության վերականգնմանը եւ պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Կոնֆերանսին մասնակցում է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիչիրու Մացուուրան:

Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, Հայաստանի վարչապետը
նշեց մշակութային ժառանգության պահպանման նշանակությունը ցանկացած ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում: «Հայաստանի պարագայում մշակութային ժառանգությունը, հատկապես ճարտարապետական ժառանգությունը մեծապես վտանգված են», - ասաց Անդրանիկ Մարգարյանը, պոտենցիալ նվիրատուներին հավաստիացնելով, որ Հայաստանի կառավարությունը, իր հերթին, ամեն ինչ կանի, որպեսզի նրանց աջակցությունը վերածվի երկարատեւ ու փոխշահավետ համագործակցության:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը իր խոսքում անդրադարձավ Հայաստանի պատմական հուշարձանների վերականգման, տնտեսական վիճակի բարելավման հեռանկարներին: Նա ասաց նաեւ, որ հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծ է, սակայն մեծ է նաեւ տեղեկատվության պակասը:

«Զբոսաշրջության բազմաթիվ ծրագրեր կարող են իրականացվել Հայաստանում: Դա կարող է դրսորվել ոչ միայն ճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ, այլեւ արհեստների զարգացմամբ, թանգարանների, պատկերասրահների, խանութների, հյուրանոցների հիմնադրմամբ», - ասաց Կոյիչիրու Մացուուրան:

«Առաջին անգամն է, որ մենք փորձում ենք ֆինանսական միջոցներ հայթայթել մշակութային տարբեր ծրագրերի համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վարդուհի Ասատուրյանը: - «Ծրագրերը զուտ մշակույթի զարգացմանը չէ, որ ուղղված են: Նպատակ ունենք զարգացնել նաեւ երկրի տնտեսությունը, ինչ-որ չափով գուցե լուծել սոցիալական խնդիրներ, ստեղծել աշխատատեղեր»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային կոմիտեի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ անցկացված աշխատանքի արդյունքում կոնֆերանսի մասնակիցներին կներկայացվեն 26 ծրագիր, որոնք վերաբերում են մի շարք արժեքավոր ճարտարապետական հուշարձանների վերականգնմանը (Երերույքի բազիլիկ եկեղեցի, Ամբերդի ամրոց), արհեստագործության եւ զբոսաշրջության զարգացմանը, տեղեկատվական երկարաժամկետ միջոցառումների իրականացմանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոյիչիրու Մացուուրային այսօր ընդունել է Հայաստանի նախագահը: Վստահություն հայտնելով, որ երեւանյան համաժողովը նոր հեռանկարային ծրագրերի խթանման սկիզբ կդառնա, Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ դրանց իրականացման գործում ՅՈՒՆԵՍԿՕ -ի աջակցությունը կարող է մեծապես նպաստել ոչ միայն հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային արժեքների պահպանմանն, այլեւ՝ դրանք համայն մարդկության սեփականությունը դարձնելուն:

Կոյիչիրու Մացուուրան ցանկություն է հայտնել ավելի գործուն ու արդյունավետ դարձնել Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջեւ ստեղծված կապերը: Նա մեծ նշանակություն է տվել տեղեկատվության փոխանակմանը:

«Վերածնունդ մշակույթի միջոցով» կոնֆերանսը կաշխատի մինչեւ նոյեմբերի 22-ը:


Արմեն Զաքարյան եւ Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG