Մատչելիության հղումներ

Օսկանյանը չի բացառում Հայաստանի հետ Ղարաբաղի վերամիավորումը՝ իբրեւ կարգավորման տարբերակ


«Եռանախագահները փորձեցին վերակենդանացնել փարիզյան գործընթացը՝ որոշ փոքր շեշտադրումների տեղաշարժերով: Բաքվում դա միանգամից մերժվեց, եւ դրա դիմաց, ինչքան մենք հասկացանք համանախագահողներից, առաջարկվել են հսկայական, մեծ փոփոխություններ, որոնք նոր որակ են հաղորդում արդեն փարիզյան գործընթացին: Համանախագահողները դեռ Բաքվում գիտակցեցին, որ դրանք չեն տեղավորվում փարիզյան սկզբունքների մեջ», - ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Պատասխանելով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի՝ Հայաստանին ներկայացրած լուրջ մեղադրանքներին վերաբերող հարցին, Հայաստանի արտգործնախարարը ասաց. «Այդ մեղադրանքները նորություն չեն մեզ համար: Տարիներով դրանք հնչեցվում են Ադրբեջանի կողմից... Դրանք լուրջ չեն ընդունվում: Որքան բարձր ամբիոնից են հնչում այդ հերյուրանքները, այնքան ավելի վատ անդրադարձ են ունենում Ադրբեջանի համար, ոչ թե Հայաստանի համար»:

Անդրադառնալով Գուլիեւի ելույթի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքներին վերաբերող հատվածին, Հայաստանի արտգործնախարարը, նշելով, որ դա նույնպես նորություն չէ, ասաց, որ ՄԱԿ-ի ամբիոնից իր ելույթում սոսկ մի նախադասությամբ է պատասխանել՝ որ Լեռնային Ղարաբաղը պատմության ընթացքում երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել:

Վարդան Օսկանյանի խոսքերով, Գուլիեւը չարաչար սխալվում է, երբ պնդում է, թե ՄԱԿ-ի օրենքներով ինքորոշումը թույլատրվում է միայն տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Ճիշտ հակառակն է՝ ՄԱԿ-ի օրենքները թույլ են տալիս ինքնորոշումը կոնկրետ երկրից դուրս՝ երբ այդ երկիրը տարիների ընթացքում խախտել է մարդկային եւ ընդհանրապես կառավարման նորմերը: Եվ Ղարաբաղի դեպքում դա միանշանակորեն կիրառվում է», - ասաց Հայաստանի արտգործնախարարը, ավելացնելով, որ մեր տված հիմնավորումները՝ Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միավորման իրավական հիմքերը շատ ավելի ամուր են»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի արտգործնախարարի կողմից վերջին տարիներին Ղարաբաղի անկախության կամ Հայաստանի հետ միավորվելու մասին խոսելը նշանակո՞ւմ է արդյոք, թե նա չի բացառում կարգավորման այնպիսի տարբերակ, որ Ղարաբաղը միանա Հայաստանին, Վարդան Օսկանյանն ասաց. «Երբ բանակցությունների մեջ ես մտնում, որեւէ տարբերակ պետք չէ բացառել... Բանակցային դիրքերից՝ ուժեղացման առումով, շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հիմնավորել ծայրագույնը՝ այսինքն Ղարաբաղի անկախ լինելու կամ Հայաստանի հետ վերամիավորվելու իրավական հիմքերը»:

Հայաստանի արտգործնախարարը ձեռնպահ մնաց պատասխանելուց «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը քննարկվում է Մինսկի խմբի եռանախագահների կողմից կամ հակամարտող երկրներում՝ դա պայմանավորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների եւ հատկապես փարիզյան գործընթացի կոնֆիդենցիալությամբ:


Հրայր Թամրազյան Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG