Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի նախագահների ներկայիս հանդիպումը, որին տրվում է «չափազանց մեծ նշանակություն, ընդհուպ մինչեւ նոր աշխարհակարգի ձեւավորման եւ մարդկության նոր ապագայի ստեղծման հավակնություն», նաեւ հայաստանյան մամուլում է դարձել քննարկման նյութ՝ նոր առանցքի վրա Հայաստանի լավագույն, ճշգրիտ տեղը հաշվարկելու ելակետից: «Հնարավոր նոր աշխարհակարգի ձեւավորման գործում Հայաստանը կարող է կամրջողի դեր ստանալ եւ օգտվել դրան հետեւող բոլոր առավելություններից, կամ ընկնել արանքում եւ ոտնատակ գնալ», - խտացրել է «Երկիր» թերթի մեկնաբանը, շեշտադրելով, որ բարենպաստ վիճակում հայտնվելու համար «հայ քաղաքական ու գիտական միտքը հիմա տքնաջան որոնումներով պիտի գտնի համապատասխան բանաձեւը»:

Հերթական անգամ ամրագրելով, որ «մեր տարածաշրջանի հակամարտությունների լուծումը լայն իմաստով կախված է ավելի շատ Ռուսաստանի եւ Արեւմուտքի համաձայնությունից, քան հակամարտող երկրների ղեկավարների կամքից», «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանն էլ սահմանում է, որ «Պուտինի եւ Բուշի հանդիպումը կարող է էական դեր ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում»:

«Արդյո՞ք հայկական կողմը որեւէ ակնկալիք ունի Պուտին-Բուշ հանդիպումից». «Հայկական ժամանակ»-ի այս հարցին նախագահի մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանն առայժմ ընդամենը ասել է, որ «Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահները հավաստել են իրենց հավատարմությունը հռչակված սկզբունքներին»:

Մյուս կողմից, այսօր «Ժամանակ» թերթում եւս մեկ զորահրամանատար՝ գերենալ Հայկազ Բաղմանյանը, անդրադառնալով պատերազմը վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքներին, ասում է՝ «Չեմ կարծում, թե Ադրբեջանի իշխանությունները կվճռեն վերջնականապես կործանել իրենց երկիրը... Բաքուն չի կարող չհասկանալ, որ ադրբեջանական բանակը մեծապես զիջում է հայկականին եւ' մարտունակությամբ, եւ' ոգով: Ուստի հազիվ թե գնա նման ծայրահեղ քայլի: Բայց եթե, այնուամենայնիվ, դա անի, մեր ազգային բանակը իրեն պարտադրված պատերազմը շատ արագ կավարտի: Եվ դա մեր վերջին կռիվը կլինի ազերիների հետ»:

«Առավոտ» թերթը դիմել է նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանին, թե մտադի՞ր է արդյոք Ռոբերտ Քոչարյանն ընդունել Արտաշես Գեղամյանի առաջարկը հեռուստաբանավեճի վերաբերյալ։ «ՀՀ օրենքները քաղաքական գործիչների համար նախատեսում են 3, 4 եւ 5 տարին մեկ սեփական ծրագրերի գերազանցությունն ապացուցելու եւ ակտիվ բանավիճելու հնարավորություն»,- պատասխանել է Վահե Գաբրիելյանը։- «Հաջորդ հնարավորությունը 2003 թվականին է»։ Ներքաղաքական պայքարի դաշտում այսօր մի քանի ուղեցույցներ է տնկել «Ազգ» թերթի մեկնաբանը: Մասնավորապես, ««Միասնություն» դաշինքի անհաջող օրինակն աչքի առաջ ունենալով, քիչ հավանական է նոր ձեւավորվող ուժի դաշինքային տարբերակը հենց «Միասնության» տարբերակով, երբ առանց հաշվի առնելու գաղափարական ընդհանրությունների ու ծրագրային դրույթների իրատեսականության առաջնահերթությունը, դաշինքը ձեւավորվեց միայն հզոր անհատականությունների պայմանավորվածություններով»: Այնպես որ, հիմնական միտումը լինելու է, եւ դրա նախանշաններն արդեն կան, գաղափարական աջ եւ ձախ միավորումներ կազմելը: Ընդ որում, աջերի հնարավորությունները պակաս լավատեսությամբ են դիտվում, քանզի Հայաստանում նրանց միջեւ խիստ հակասություններ կան:

Ինչպես «Հայոց Աշխարհ» թերթում է գնահատված, «ոչ միայն իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների, այլեւ բնակչության մեծամասնության կողմից ակնհայտորեն դրական արձագանք գտնող դրույթների ոչ մեծ ցուցակում, ամենից վառ շողում է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության վերաբերյալ թեզը»:

«Ժանամակն է հասկանալ, որ չինովնիկական գողության առյուծի բաժինը իրականացվում է օրենքի համաձայն», - ընդգծված է «Հայոց Աշխարհ»-ում: - «Հենց օրենքն է հաստատում չինովնիկի առնչման կետերը տարբեր տեսակի ակտիվներ (փողերի, պատվերների, արտոնություների, անշարժ գույքի եւ այլնի) հետ եւ ընձեռում նրան որոշակի ազատ տարածք»՝ նաեւ գողանալու: Այնպես որ, «պայքարը պետք է հիմնվի ոչ թե պատիժների խստացման, այլ գործող օրենսդիր նորմերի վերանայման վրա», մինչդեռ, մեկնաբանի հայացքով, «առայժմ հայրենի խորհրդարանը շարժվում է ճիշտ հակադարձ ուղղությամբ: Արդեն ընդունված օրենքներից կամ ներկայումս քննարկվող օրինագծերից շատերը ասես դիտավորյալ հորինված են այն կետերի բազմապատկման համար, որտեղից չինովնիկը կարող է պոկել եւ, նշանակում է, անպայման կպոկի հնարավորինս յուղոտ պատառներ»:

«Ահա եւ Արժույթի միջազգային հիմնադրամի համբերության բաժակը լցվեց», - ազդարարում է «Առավոտ»-ի խմբագրականը։ - «Տարիներ ի վեր այդ կազմակերպությունը Հայաստանին վարկեր էր տրամադրում, որոնցից էլ կազմվում էր մեր պետբյուջեի հիմնական մասը։ Բայց այժմ կարծես որոշումը փոխել է։ ԱՄՀ-ն մեր կառավարությունից վճռականորեն պահանջել է կատարել հարկահավաքության իր պլանը»։

«Այնտեղ՝ արտասահմանում, կարծում են, թե մեր կառավարությունը օրուգիշեր խորհում է՝ ինչպես մեր տնտեսությունը հանել ստվերից եւ խոշոր հարկատուներին ստիպել պարտաճանաչ վճարել պետությանը հասանելիք փողերը։ Միջազգային կազմակերպություններն անգամ միջոցներ են հատկացնում մեր կառավարությանը՝ մտածելու եւ այդ ուղղությամբ ծրագրեր կազմելու համար։ Շատ միամիտ են այդ միջազգային վարկատուները», - գնահատում է «Առավոտ»-ը։ - «Չգիտեն, որ մենք ամեն ինչ կարող ենք եւ ամեն ինչ էլ գիտենք։ Գիտենք, թե ինչպես հավաքել հարկերը։ Այլ բան է, որ չենք ուզում։ Ու ձեւեր ենք թափում, թե չենք կարողանում»։

Հիմա էլ, ըստ «Առավոտ»-ի, միեւնույն է՝ կառավարությունը «հարազատ հարկատուներին չի ստիպի պետական գանձարան մուծել հարկերը։ Վերջիվերջո, հարկատուները կարող են եւ նեղանալ ու որոշ իշխանավորների զրկել «տանիքային հոնորարից»»։ Մի խոսքով, բյուջեի պակասող գումարը տվող ցանկացած այլ աղբյուր կփնտրեն, իսկ հարկերը չեն հավաքելու եւ վերջ:

Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG