Մատչելիության հղումներ

Տնտեսության ստվերայնությունը Հայաստանում մոտ 30 տոկոս է


Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (OECD) փորձագետների դիտարկումներով, վերջին հինգ տարվա ընթացքում Արեւմուտքի երկրներում ստվերային տնտեսությունը աճել է շուրջ երկու անգամ ավելի արագ, քան տնտեսության լեգալ կամ հաշվառվող հատվածը։

OECD-ի գնահատումներով, վերջին տասնամյակում առաջավոր երկրների մեծ մասում ստվերայնությունն աճել է եւ տատանվում է 12-22 տոկոսի սահմաններում։ Համեմատաբար փոքր ստվերայնություն ունեն՝ Միացյալ Նահանգները, Շվեյցարիան եւ Ավստրիան, որոնց տնտեսություններում չհաշվառվող մասը տատանվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3-8 տոկոսի սահմաններում։

OECD--ի փորձագետները զարգացած երկրներում իբրեւ ստվերայնության աճի հիմնական պատճառներ են մատնանշում չափազանց մեծ հարկերը, շուկայի գերկարգավորումը, եւ տնտեսական գործունեության թափանցիկ չլինելը։

Այս դիտարկումները լիովին համապատասխանում են նաեւ, այսպես կոչված, անցումային տնտեսություններին։ Թերեւս՝ մասշտաբներն են ավելի մեծ։ Ընդ որում, այստեղ տնտեսության բարձր աստիճանի ստվերայնությունը ուղեկցվում է կոռուպցիայի աննախադեպ բարձր մակարդակով։

Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի տվյալներով, այսօր ստվերային է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ մեկ երրորդ մասը, ավելի ստույգ՝ 29 տոկոսը, որը, ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, համագործակցության անդամ երկրներում ամենաբարձրերից մեկն է։

Մեր տնտեսության մեջ ստվերայնության զգալի բաժին ունեն ինչպես խոշոր, այնպես էլ փոքր եւ միջին բիզնեսները։ Եթե խոշոր բիզնեսում եկամուտներ թաքցնելը եւ հարկերի վճարումից խուսափելը բարդ գործ է, ապա դա ավելի դյուրին է փոքր բիզնեսում։

Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2500 մասնավոր փոքր եւ միջին ձեռնարկություններում անցկացրած հետազոտությունից պարզվել է, որ նվազագույն շահույթներ ստանալու համար գործարարների մեծամասնությունը ստիպված է թաքցնել եկամուտների զգալի մասը։

Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանական բաժնի պետ Գրիգոր Գյուրջյանի հավաստմամբ, հարցված գործարարների միայն 11 տոկոսն է հայտարարել, որ ի վիճակի է շահութով աշխատել գործող հարկերի պայմաններում: Գործարարների մոտ 40 տոկոսը շահույթ կարող են ակնկալել, եթե թաքցնեն եկամուտների 30-90 տոկոսը։ Հարցումը, ըստ բաժնի պետի, իրականացվել է երկու փուլով, եւ երկրորդ փուլում ավելի մեծ թվով գործարարներ են հայտարարել, թե պատրաստ են հարկային մարմինների համար ավելի բաց ու թափանցիկ աշխատել:

«Անուղղակի ձեւով կարելի է ենթադրել, որ դրա վրա իր ազդեցությունն է ունեցել նաեւ հարկային վարչարարության բարելավումը եւ հարկային օրենսդրության կատարելագործումը», - կարծիք հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության մեթոդաբանական բաժնի պետը:

Անկախ, փորձագետները, սակայն, համաձայն չեն պաշտոնական գնահատումների հետ։ «Տնտեսական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Մովսես Արիստակեսյանի կարծիքով, տնտեսության ստվերայնության վերաբերյալ պաշտոնական թվերը առնվազն կիսով չափ նվազեցված են՝ իրականում այն մեր տնտեսության մեջ առնվազն 60 տոկոս է կազմում:

«Եթե մենք կարողանանք հարկային վարչարարությունը ճիշտ կազմակերպել, ապա մենք կունենանք, այսօրվա տվյալներով, մոտ 1,5 միլիարդ դոլարի բյուջե», - «Ազատություն ռադիոկայանին ասաց Մովսես Արիստակեսյանը:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG