Մատչելիության հղումներ

Աշխատավարձը ծրագրվում է բարձրացնել պետական ապարատի կրճատման հաշվին


2002 թվականի պետական բյուջեի նախագծում աշխատավարձի 20 տոկոսանոց աճ է նախատեսված միայն ուսուցիչների եւ պետական բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար։ Թեեւ բյուջեի նախագիծը չի նախատեսում պետական կառավարման աշխատողների աշխատավարձի աճ, պաշտոնյաները վստահեցնում են, թե դա հնարավոր կլինի անել շուրջ 12,5 հազարանոց պետական ապարատի՝ մինչեւ 30 տոկոսով կրճատելու հաշվին:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի հավաստմամբ, նախարարությունների աշխատակազմերի զտման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են:

«Մենք այժմ ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում աշխատողների թվաքանակի կրճատման հետ կապված, եւ կարծում ենք, որ դա ռեալ ֆինանսական ռեզերվներ կստեղծի աշխատավարձը բարձրացնելու համար», - ասաց Պավել Սաֆարյանը:

Հայաստանում միջին ամսական վաստակը մոտ 40 դոլար է, ինչը շուրջ երկու անգամ փոքր է, ասենք, Ռուսաստանի Դաշնության աշխատողների վաստակներից։

ԱՊՀ մյուս երկրներում միջին աշխատավարձերը, ըստ ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, գրեթե նույնն են կամ անգամ ավելի ցածր: Ադրբեջանում աշխատողի միջին ամսական վաստակը 55 դոլար է, Ուկրանայում՝ 43 դոլար, Վրաստանում՝ 33, Մոլդովայում՝ 32, Ղրղըզստանում՝ 23 դոլար։

Բյուջետային ոլորտի աշխատավարձը, կառավարության կանխատեսումների համաձայն, հաջորդ տարի պետք է ավելանա շուրջ 16 տոկոսով ու միջին հաշվով կազմի 14 հազար 100 դրամ։ Այս տարվա ընթացքում, նախորդի համեմատ, պետական ապարատի աշխատակազմը 242 հաստիքով ավելացել է, թեեւ, անցյալ տարեվերջին էլ աշխատակազմի կրճատման հավաստիացումներ էին արվում։

ԱՊՀ երկրների միջպետական վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանում միջին անվանական աշխատավարձն աճել է 8 տոկոսով, Բելառուսում՝ 32, Ադրբեջանում՝ 24, Ուկրաինայում եւ Ռուսաստանի Դաշնությունում՝ 20, Մոլդովայում՝ 17, Ղազախստանում՝ 16, Ղրղըզստանում՝ 15, իսկ Տաջիկստանում՝ ընդամենը 5 տոկոսով։

Մարդկանց կենսամակարդակի փոփոխությունների մասին իրական հետեւություններ անելու համար, սակայն, հարկավոր է հաշվի առնել նաեւ սպառողական գների փոփոխությունների ազդեցությունը։

Վիճակագրական նույն աղբյուրը վկայում է, որ այս տարվա ինն ամիսներին գների ամենամեծ թռիչք գրանցվել է Բելառուսում՝ շուրջ 44 տոկոս։ ԱՊՀ մյուս երկրներում եւս գների մակարդակը երկնիշ թվերով է աճել։ Հայաստանն, այդ իմաստով, բացառություն է՝ մեզ մոտ սպառողական գներն աճել են ընդամենը 7 տոկոսով։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG