Մատչելիության հղումներ

Կառավարությունը ծրագրում է հարկային եկամուտների կտրուկ ավելացում


Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց ու հավանության արժանացավ 2002 թվականի բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվող հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթը: Հաջորդ տարվա բյուջեում պետական եկամուտների շոշափելի (21 միլիարդ դրամով) ավելացման հիմնական աղբյուրը լինելու է ստվերային բիզնեսների հարկումը:

«Փոփոխությունները լրացուցիչ հարկային բեռ չեն նախատեսում: Դրանք զուտ վարչարարական բնույթի են, եւ հիմնականում պարզեցնում են հարկատու - հարկային մարմիններ հարաբերությունները», - նիստից հետո լրագրողներին ասաց պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը: - «Դրանք պարզեցվում են եւ որոշակիորեն խստացվում»:

Վարչարարության բարելավումը հարկային ոլորտում, ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանի պարզաբանմամբ, նշանակում է ստուգումների ռեժիմի հստակեցում, հարկատուների համար եկամուտների հարկման ավելի պարզ սխեմաների կիրառում։ Նրա խոսքերով, շատ դժվար է կանխատեսել, թե որ հարկատեսակից որքան կհավաքվի: «Շատ երկրներ բյուջեն ընդհանրապես հաստատում են կամ նույնիսկ ընդունում են ի գիտություն հարկերի ինչ-որ մակարդակ՝ առանց բարձրացնելու շահութահարկ, եկամտահարկ եւ այլն, որովհետեւ մեր նման տնտեսությունում... բազմաթիվ կանխատեսելի եւ անկանխատեսելի գործոններ կան», - ասաց Պավել Սաֆարյանը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են հաստատագրված եւ պարզեցված հարկ վճարողներին: Նախատեսված է բարձրացնել ավտոմեքենաների լիցքավորման նպատակով օգտագործվող հեղուկ գազի հաստատագրված վճարը: Ըստ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի, այդ քայլն արվում է, որպեսզի հավասարեցվեն բենզինի եւ խտացված բնական գազի սպառման պայմանները:

«Գազալցման այդ կայանների վրա մինչեւ հիմա հաստատագրված վճարներ են դրված՝ բավականին ցածր, ինչը անհավասարակշռություն է առաջացրել բենզալցման եւ գազալցման կայանների միջեւ: Դա պետք է որոշակի կարգավորում ստանա: Բենզինի ներմուծումը նախորդ տարիների համեմատ կրճատվել է: Դրա հիմնական պատճառներից մեկը դիտարկվում է այն, որ մեքենաների մի զգալի մասը գազ են օգտագործում», - ասաց Պավել Սաֆարյանը:

Չի բացառվում, որ հարկային այս փոփոխությունը հենց բենզինի ներկրման գործը մենաշնորհի վերածած մի քանի ազդեցիկ դեմքերի լոբբիստական ճնշումների արդյունք է, քանի որ առաջարկվող փոփոխություններից նրանք կշահեն: Շարքային քաղաքացիները, մինչդեռ, ամենայն հավանականությամբ կտուժեն, քանի որ կբարձրանան հիմնականում գազով աշխատող հասարակական տրանսպորտի սակագները:


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG