Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ԵԱՀԿ Մինսկի խմբի «նոր առաջարկները» հիշեցնում են այն հայտնի սեւ կատվին, որին անհնար է գտնել մութ սենյակում՝ մանավանդ, եթե կատուն այնտեղ չէ», - հերթական փուլն է ամփոփում «Առավոտ» թերթը: - «Այսօր ոչ ոք չի հավատում այդ առաջարկների «նորությանը» եւ արդյունավետությանը»: Հավատ չեն ներշնչում եւ հավաստիացումները, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները քայլեր են անում՝ ամրապնդելու կողմերի փոխադարձ վստահությունը: Ըստ «Առավոտ»-ի, «ոչ Ալիեւին, ոչ էլ Քոչարյանին ամենեւին էլ ձեռնտու չէ ամրապնդել երկու ժողովուրդների փոխադարձ վստահությունը: Հակառակը՝ փոխադարձ անվստահությունը սեփական քաղաքացիներին շանտաժելու եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում ճնշելու լավագույն միջոցն է՝ «մեզ պատերազմով են սպառնում, իսկ դուք...»:

Իսկ եռանախագահների ներկայացրած «նոր առաջարկները» պարզապես ժամանակը ձգելու միջոց են», - եւ «Առավոտ»-ի տեսլականով՝ - «Շատ հավանական է, որ երկու նախագահները դարձյալ կսկսեն իրենց արդեն ավանդական դարձած հանդիպումները եւ միջնորդների ներկայությամբ ոչինչ չասող «դիվանագիտական» հայտարարություններ կանեն: Բայց վերադառնալով Բաքու եւ Երեւան, մեկը կասի, թե պատրաստ է պատերազմ սկսել, իսկ մյուսը կհոխորտա՝ թող մի փորձի»:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի տպավորությամբ, «Ալիեւի հետ հանդիպումից հետո համանախագահները ավելի լավատեսորեն էին տրամադրված, քան Քոչարյանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում»: Առանձնակի ուշադրություն է գրավել, որ «արդեն երկրորդ անգամ տարածաշրջանային այցից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները այսօր այցելում են Գյումրի՝ հայ-թուրքական սահմանագծին ծանոթանալու համար... Գուցե համապատասխան ատյաններում քննարկվում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր տարբերակը», - առայժմ ենթադրում է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

«Ո՞ր ժանրն է բնորոշ մեր ներկա կյանքին՝ կատակերգությո՞ւն, թե՞ ողբերգություն». «Ժամանակ» թերթի այս հարցին Ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը արձագանքել է. - «Սա ուղղակի ֆարս է: Երբեմն հիասթափություն եմ ապրում՝ նայելով, թե ինչ է կատարվում շուրջս: Մարդը կորցրել է իր արժանապատվությունը՝ ինքն իրեն գնահատելու կարողությունը: Այսօր շատ գործիչներ իրենց համարում են երկրագնդի կենտրոնը: Էլ չեմ խոսում նրանց հոգեւոր հարստության, բարոյականության եւ առաքինության մասին: Նրանք կտրվել, փոկվել են ազգի արմատից ու քամու ամեն մի փչոցի հետ գնում են այն կողմ, ուր կտանի: Հիմա նաեւ հասկանալի է ինձ համար, որ շատ բաներ կատարվում են պատվերով»:

«Այսօր Հայաստանում ձեւավորվել է 5-րդ շարասյուն, որն ահավոր «սեւ» ուժ է եւ այս ժողովրդին տանում է կործանման», - ահազանգում է Սոս Սարգսյանը: - «Խոսելու շատ բան կա: Օրինակ, զանգվածային լրատվամիջոցները ո՞ւմ են տրամադրում իրենց եթերը կամ թերթի էջերը... Կարելի է քննադատել եւ պետք է, բայց այդպես խոսել կամ արտահայտվել, ուղղակի աններելի է: Ցավոք, մեր քաղաքական գործիչների մեծ մասը այդ մակարդակի է»:

Նույն թեմայով հերթական հրապարակումն է նաեւ «Երկիր» թերթում: «Այսօր մեր մամուլը կիսված է երկու բանակի, որոնք միմյանց անվանակոչել են հհշամետ ու իշխանամետ եւ փոխադարձ ատելության փառավոր օրինակ են ցուցադրում, ընդ որում, իրականում նախկիններն ու ներկաները մեծ իմաստով այսքան անհանդուրժողական չեն միմյանց հանդեպ, որքան որ գլուխ կոտրելով ներկայացնում է մամուլը», - խտացրել է մեկնաբանը: - «Լեզվակռվում տրորվում-ոտնահարվում են բազմաթիվ արժեքներ, երբեմն էլ՝ այդ իսկ արժեքների պաշտպանության պատրվակով... Եթե ինչ-որ մեկը չի թաթախվում իրենց թույնի մեջ, չի միանում ցեխ շպրտելու իրենց շքերթին, ուրեմն ցածրակարգ տեսակի է: Խոսքը վերաբերում է թե նախկիններին եւ թե ներկաներին: Ցածրակարգ են համարվում նրանք, ովքեր չեն ձգտել նախկինների կամ ներկաների սեղանից պատառ թռցնել»:

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի ձեւակերպմամբ, իր նշանակման շուրջ շահարկումներով զբաղվողներին մտահոգում է «Դաշնակցության գործնական հեղինակության բարձրացումը երկրում: Իսկ, մտահոգում է, որովհետեւ ՀՅԴ-ն այն եզակի ամուր կառույցներից է, որ ունի հստակ նպատակ ու հիմնարար սկզբունքներ, որոշակի ծրագիր, եւ կարողացել է այս տարիների ընթացքում հետեւողականորեն իրականացնել իր քաղաքականությունը» («Հայոց Աշխարհ»): Ընդհանրապես, նախարարը վստահ է, որ «կան մի քանի ոլորտներ՝ մշակույթ, կրթություն, պաշտպանություն, արտաքին քաղաքականություն, որտեղ եթե անգամ ցանկանաս, վատ իմաստով՝ «կուսակցականություն» չես կարող խաղալ: Այս ոլորտներում համազգային շահն է թելադրողը, եւ ցանկացած հատվածային ընկալում, ի վերջո, ձախողման առջեւ կկանգնեցնի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG