Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Նշելով, որ Մինսկի խմբի համանախագահների ներկա այցի նպատակն է թարմ տեղեկատվություն ապահովել նոյեմբերի կեսերին Միացյալ Նահանգներում կայանալիք Ջորջ Բուշ - Վլադիմիր Պուտին հանդիպման համար, «Երկիր» թերթի մեկնաբանը ընդգծում է. «Մեծ երկրների շահերի համակարգում Արցախն իր կարեւորագույն տեղն ունի, եւ հակամարտող կողմերը շատ լավ հասկանում են, որ որոշիչ դերը նրանցն է»: Այս առումով մեկնաբանը սահմանում է, որ «այսօր Ապշերոնում իշխում է արտաքին քաղաքականության ամերիկամետ փուլը... Հայաստանի ու հայ ժողովրդի ազգային-պետական անվտանգության ողնաշարն էլ եղել ու մնում է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշնակցությունը»:

Ընդհանուր առմամբ, մամուլի ուշադրությունը հակված է մնում առավելապես ներքաղաքական ընթացքներին: «Իրավունք» թերթի ուրվագծմամբ՝ «հենց որ Արտաշես Գեղամյանի հերթական շրջադարձի շնորհիվ հականախագահական ընդդիմության ակտիվ գործողությունների սցենարը դանդաղեցվեց կամ կասեցվեց, անմիջապես խարդավանքներ սկսվեցին իշխող վերնախավում, ընդ որում, որոշ դեպքերում նաեւ՝ ակնհայտորեն հակաիշխանական ուժերի ներգրավմամբ... Հետեւաբար, հականախագահական ընդդիմության առկայությունը երկրի ներքաղաքական կայունության կարեւոր նախադրյալներից մեկն է, քանի որ այդպիսի ընդդիմության չգոյության պայմաններում իշխանական բուրգն ի վիճակի չի լինելու գործելու որպես միասնական օրգանիզմ եւ աստիճանաբար քայքայվելու է համատարած խարդավանքների ցեցի պատճառով»:

Իսկ այս դաշտում «Իրավունք»-ն առանձնացրել է, մասնավորապես, գործադիր իշխանությունում Դաշնակցության ներկայության ուժեղացման միտումը, ընդհանրացնելով՝ «Նախագահն այժմ ի դեմս ՀՅԴ-ի, իր համար հենարան է ստեղծում, ակտիվորեն փնտրում է այլ հենարաններ, նախադրյալներ է ստեղծում անձամբ իրեն ամբողջովին հավատարիմ մարդու վարչապետի պաշտոնին դնելու համար, ինչը չի կարող ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին, որը ձգտում է նախագահի միակ եւ անփոխարինելի հենարանի կարգավիճակին»:

Որոշակի անհանգստություն է նկատվում նաեւ իշխող բնորոշվող կուսակցության ճամբարում, որի «Ժամանակ» թերթի մեկնաբանն այսօր գրում է. «Դժվար է ասել՝ հերթական դաշնակցականի նախարար դառնալը կբավարարի՞ արդյոք ՀՅԴ պահանջներին: Թե՞ այլընտրանքային կարգավիճակը, ըստ Դաշնակցության, ենթադրում է միայն ու միայն վարչապետի պաշտոն, կառավարության գլուխ անցնելը: Չի բացառվում, եթե նկատի ունենանք վատ թաքնված խանդը կառավարությունը գլխավորող ՀՀԿ-ի նկատմամբ», - եզրափակել է մեկնաբանը:

«Ազգ» թերթում այսօր վեր է հանված, որ արմատական ընդդիմադիր եռյակի անդամները իրենց հակաքոչարյանական պայքարը արդեն միասին չեն պատկերացնում, ու դրա պատճառն էլ այն է, որ պարզապես համաձայնության չեկան, թե ով է իրենց միջի նախագահացուն:

Մյուս կողմից, «21-րդ դար» ասոցիացիայի նախագահ Արկադի Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Իմ փորձի արդյունքում ապացուցվեց, որ մեկ քաղաքական գործչի առաջնորդությամբ Հայաստանի ներկա իշխանությունների դեմ պայքարելն անհնար է: Ինչ-որ կերպ... մեկ առանձին գործչի հարցերը լուծելով, իշխանությունները կարող են խնդիրը հարթել եւ ժողովրդին «գլխատել»»:

Արկադի Վարդանյանը հավաստում է, որ, մեկ տարվա լռությունից հետո այս հարցազրույցը տալով, Հայաստանում վերադառնում է քաղաքական ասպարեզ: Նրա հայացքով, ««Հանրապետություն» եւ ՀԺԿ կուսակցությունները եւ, մասնավորապես, այդ կուսակցությունների առաջնորդները՝ Արամ Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը, ժողովրդին առաջնորդելու եւ ժողովրդից խլված իրավունքը վերջինիս վերադարձնելու բոլոր հնարավորությունները ունեն»:

«Երբեք չի կարելի մոռանալ՝ համընդհանուր, ընդունված քաղաքական քայլերով այս վարչախմբի դեմ հնարավոր չէ պայքարել եւ նրանց իշխանությունից հեռացնել», - նշում է նա: - «Այս կամ այն ընդդիմադիր կուսակցության տնտեսական ծրագիր ունենալ-չունենալու մասին անիմաստ ու դատարկ քննարկումները հենց ներկա վարչախմբին են ձեռնտու եւ նրանց կողմից են շրջանառության մեջ դրվում, որովհետեւ իշխանությունների քաղաքական ծրագրեր եւ գաղափարախոսություն չունենալու փաստը այլեւս մի կողմ է մղվում, եւ բոլորը սկսում են ինչ-որ թվեր գումարել-հանելու անիմաստ բանավեճի մեջ մխրճվել»:

Ըստ Արկադի Վարդանյանի, Ռոբերտ Քոչարյանին «իշխանությունից հեռացնելու միակ սահմանադրական ճանապարհը ժողովրդին իր կամքը արտահայտելու հնարավորություն տալն է: Մնացած բոլոր ուղիները իշխանությունները կարողացել են վերահսկելի դարձնել»:

«Վրաստանի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե ինչ է լինում այն դեպքում, երբ երկրի նախագահի վաստակած հանգստի անցնելու ժամանակն է, իսկ նա ոչ մի կերպ չի ուզում հեռանալ», - զուգահեռում է «Առավոտ»-ի խմբագրականը, միաժամանակ գնահատելով. ի տարբերություն փորձառու Շեւարդնաձեի, որն իշխանություն պահելու նուրբ, դիվանագիտական ձեւեր է գտնում, մեր նախագահը գնում է կացնային մեթոդների ճանապարհով։

Եվ վերջապես, նույն մոտիվներով հեգնելով ընդդիմությանն ու մասնավորապես Արկադի Վարդանյանին, «Հայոց Աշխարհ»-ի խմբագիրը արտառոց պատկերավորումների է հասել. «Քանի որ քաղաքական մեթոդներով ներկայիս իշխանությունների դեմ պայքարելն անիմաստ է, հատուկ ընդդիմության համար Հայփոստը որոշել է թողարկել դրոշմանիշ՝ երկրի նախագահի դիմանկարով: Այժմ յուրաքանչյուր արմատական ընդդիմադիր կարող է գնել այն, թքել եւ ուղարկել ուր ցանկանա»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG