Մատչելիության հղումներ

Եռանախագահները նոր առաջարկներ են ներկայացնում


Կիրակի օրը ղարաբաղյան խաղաղ գործընթացում սկսվեց նոր փուլ: Երկար սպասված նոր առաջարկները, որոնք ակնկալվում էին Քի Ուեսթյան բանակցություններից հետո վերջապես ներկայացվեցին՝ սակայն ոչ թե Ժնեւում, այլ Բաքվում: Շաբաթ օրը Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիրակի օրը լրիվ եւ բարձր մակարդակի կազմով՝ Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տրուբնիկով, ղարաբաղյան հակամարտության հարցով ԱՄն-ի հատուկ բանագնաց դեսպան Ռուդոլֆ Փերինա, եւ Ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ Սյուրմեն, հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին:

Համանախագահները դռնփակ այդ հանդիպմանը ներկայացրեցին խաղաղ կարգավորման նոր առաջարկները: Շուրջ չորս ժամ տեւած այդ հանդիպմանը Ադրբեջանի նախագահը, եւ նրա խորհրդականները եռանախագահների հետ մանրամասն քննարկեցին նոր ծրագիրը: Ինչպես միշտ, այս անգամ էլ ոչ մի կոնկրետ տեղեկություն այն մասին թե, ինչ նոր առաջարկներ են ներկայացվել, չհրապարակվեց:

Ադրբեջանի նախագահը իր երկրի պաշտոնական տեսակետը հրապարակավ ներկայացրեց մինչեւ եռանախագահների հետ բանակցելը:

«Հակամարտությունն արդեն 13 տարվա պատմություն ունի, իսկ Մինսկի խումբը գործում է շուրջ 9 տարի, բայց մինչեւ հիմա ոչ մի արդյունք չի արձանագրվել», - հայտարարեց հեյդար Ալիեւը: Կրկնելով բացմիցս հնչեցվածը, թե Ադրբեջանը հակամարտության տուժող կողմն է, Ադրբեջանի տարածքները գրավված են եւ միլիոնավոր փախստականներ տեղահանվել են իրենց հայրենիքից, Ալիեւը նշեց, թե հակամարտության չի կարող կարգավորվել, եթե միջնորդները հաշվի չառնեն այս հանգամանքները:

«Մենք խաղաղ լուծման կողմնակից ենք, բայց մեր ժողովուրդը չի կարող այլեւս տառապել եւ այժմ շատերն են սկսում աջակցել հարցի լուծման ռազմական տարբերակին: Այս միտումների առկայույթունն Ադրբեջանում չի կարելի անտեսել», - նախազգուշացրեց Ալիեւը Մինսկի խմբի եռանախագահներին:

Եռանախագահները, սակայն, միանգամայն այլ կարծիքի են, նրանք բացառում են ռազմական լուծման որեւէ հնարավորություն եւ վկայում են, որ Հեյդար Ալիեւը իրականում նախկինի նման հավատարիմ է մնում խաղաղությանը: Ռուդոլֆ Փերինայի կարծիքով, օրինակ, հարցի ռազմական լուծումն անհնար է թե հիմա եւ թե ապագայում: Ամերիկացի դիվանագետը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղյան հարցը պատերազմի միջոցով լուծելու փորձերը չեն կարող խաղաղություն եւ կայունություն հաստատել տարածաշրջանում:

«Ամերիկայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո աշխարհում ստեղծված նոր իրավիճակը պահանջում է կարգավորել բոլոր հակամարտությունները», - ասաց Ռուդոլֆ Փերինան: Ընդ որում թե' ամերիկացի համանախագահը եւ թե' նրա ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկներները գտնում են, որ հակամարտության լուծումը պետք է հնարավորին չափ արագացնել:

Առաջին անգամ Քի Վեսթյան բանակցություններից հետո եռանախագահները կրկին լավատեսորեն էին տրամադրված ղարաբաղյան կարգավորման հեռանկարների հարցում: Ռուսաստանցի համանախագահ Վյաչեսլավ Տրուբնիկովը համոզված է, որ ինչպես Ադրբեջանի նախագահ Ալիեւը, այնպես էլ Հայաստանի նախագահ Քոչարյանը ունեն անհրաժեշտ քաղաքացիական քաջությունը դժվարին փոխզիջումների գնալու համար:

Թեեւ համանախագահները չեն հրապարակում նոր առաջարկները, բայց փորձում են ինչ-որ կերպ բնութագրել դրանք: 0րինակ Տրուբնիկովի, Ֆիլիպ Սյուրմենի հայտարարություններից տեղեկանում ենք, որ Ալիեւին եւ Քոչարյանին ներկայացվող նոր ծրագրի դրույթների մեծ մասը վերցված է հնից՝ Քի Ուեստում եւ Փարիզում պայմանավորված սզբունքներից:

«Ընդհանուր պետության» հայտնի ծրագիրը ընդունվեց Հայաստանի կողմից, սակայն մերժվեց Ադրբեջանի կողմից: Քի Ուեսթյան բանակցություններից առաջ մամուլում շրջանառության մեջ դրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված մի ծրագիր, ըստ որի Ղարաբաղը դե ֆակտո անկախ կարգավիճակ է ստանում՝ Ադրբեջանի հետ կոնֆեդերացիա կազմելով: Այդ փաստաթղթի համաձայն, Ղարաբաղը ունենում է սեփական սահմանադրություն, զինված ուժեր եւ Բաքվի իշխանությունների կողմից ընդունված ցանկացած օրենք վետոյի ենթարկելու իրավունք: Ղարաբաղը ճանաչվում է նաեւ իբրեւ հանրապետություն Ադրբեջանական կոնֆեդերացիայի կազմում:

Բայց այդ առաջարկները նույնպես չընդունվեցին: Ալիեւն ասաց, թե չի կարող ընդունել Ղարաբաղի անկախությունը: Քի Ուեսթից հետո նոր սկզբունքներ մշակվեցին, որոնք գլխավորապես պահպանում էին Ղարաբաղի դե ֆակտո անկախության սկզբունքը: Ռոբերտ Քոչարյանը, բնութագրելով Քի Ուեսթից հետո ներկայացվելիք առաջարկը, ասաց, թե այն չի հակասելու հակամարտույթան կարգավորման համար Հայաստանի ներկայացված պահանջներին, այն է՝ Ղարաբաղը չի ենթարկվում Բաքվին, Ղարաբաղը մնում է կապված Հայաստանին Լաչինի միջանցքով եւ Ղարաբաղին տրվում են կայուն անվտանգության երաշխիքներ: Առնվազն այս սկզբունքները, ըստ Քոչարյանի, պետք է պահպանվեն նոր առաջարկվող ծրագրերում: Հավանաբար այդ սկզբունքները պահպանվել են նոր ծրագրում:

Հավանաբար միջնորդների նոր առաջարկները վերաբերում են հենց գրավյալ տարածքներին: Չի բացառվում, որ վաղը Մինսկի խմբի եռանախագահները Երեւանում առաջարկեն Ռոբերտ Քոչարյանին սկսել հայկական զորքերի դուրս բերումը առնվազն մի քանի ադրբեջանական շրջաններից: ուցե այսպես կոչված նոր առաջարկը վերաբերում է հենց գրավված տարածքների վերադարձին եւ այնտեղ ադրբեջանցի փախստականներին բնակեցնելու նոր ծրագրին:

Դրա դիմաց ասենք Ադրբեջանը, ուստի եւ Թուրքիան վերացնում են շրջափակումը Հայաստանի նկատմամբ: Դրանից հետո կողմերը սկսում են բանակցել Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Իսկ այն ինչպես եւ առաջ մնում է դե ֆակտո անկախ, բայց դե յուրե Ադրբեջանի կազմում:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը, նախագահ Ջորջ Բուշը անցած չորեքշաբթի օրը զանգահարել է Քոչարյանին եւ Ալիեւին հորդորելու համար, որ նրանք ընդունեն Մինսկի խմբի նոր ծրագիրը: Ռուսաստանի փոխարտգործնախարարը համոզված է, որ շարունակվող տեղաշարժերը արդի աշխարհում կոգեւորեն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներին արագորեն լուծել հակամարտությունը:

Այս նոր ծրագիրը, որ մշակվել է անցած շաբաթ Լիսաբոնում, պաշտպանում են Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները, ինչպես նաեւ Եվրոպական կառույցները: Շատ դժվար կլինի մերժել նման մի ծրագիր որքան էլ որ այն փուլային թվա: Պարզապես Իրադրույթունը փոխվել է: Մինսկի խմբում այս անգամ, կարծես թե, իսկապես համախոհություն կա Ռուսասատանի եւ Միացյալ Նահանգների միջեւ: Եթե այս երկու երկրները համախոհ են դարձել Չեչնիայի հարցում, ապա չի բացառվում, որ նրանք համախոհ լինեն նաեւ Ղարաբաղի հարցում:

Այսօր դիվանագետներն անցան հակամարտող կողմերի միջեւ խաղաղ սահմանը եւ մեկնեցին Ստեփանակերտ: Սահմանն անցնելիս տեղի ունեցած միջադեպը, սակայն, հիշեցրեց չլուծված հակամարտության մասին: Երբ ադրբեջանցի զինվորականները փորձում էին վնասազերծել հակահետեւակային ականը՝ դիվանագետների համար ճանապարհ բացելու նպատակով, այն պայթեց՝ վիրավորելով ադրբեջանցի երեք զինծառայողի:

Արդեն հայկական կողմում լրագրողների հետ զրուցելիս դիվանագետները ափսոսանք հայտնեցին միջադեպի առիթով:

«Բաքվում ունեցած բանակցություններից մենք հասկացանք, որ նրանք նույնպես խաղաղություն են ուզում: Չնայած ռազմատենչ հայտարարություններին, քաղաքական գործիչների մեծ մասը եւ, որ կարեւոր է, նախագահ Ալիեւը հստակեցրին, որ իրենք կողմնակից են միայն խաղաղ լուծման»,- ասաց Նիկոլայ Գրիբկովը:

Պատասխանելով հաջողության հասնելու հնարավորություններին վերաբերող հարցին, Ռուդոլֆ Փերինան ասաց. - «Բանակցային գործընթացը միայն մեզանից չի կախված: Այն կախված է նաեւ երկու ժողովուրդներից եւ նրանց առաջ գնալու ցանկությունից»:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Տրուբնիկովը իր հերթին ասաց, որ շատ բան կախված է նախագահներ Քոչարյանից եւ Ալիեւից, թեեւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումն էլ վճռական է:

Դիվանագետները երեկոյան հանդիպել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղից մեկնելու են Հայաստան՝ բանակցելու նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:


Հրայր Թամրազյան, Պրահա եւ Հրանտ Ալեքսանյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG