Մատչելիության հղումներ

Գլոսթերի դուքսը եւ դքսուհին Հայաստանում


Շաբաթ օրը Երեւան է ժամանել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հորեղբոր որդին՝ Գլոսթերի դուքսը՝ տիկնոջ հետ: Սա բրիտանական թագավորական ընտանիքի անդամի առաջին այցն է Հայաստան: Այցը կապվում է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի հետ:

Երեւանում Գլոսթերի դուքսը մասնակցեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան նոր շենքի անկյունաքարի տեղադրման արարողությանը:

Իսկ երկուշաբթի օրը նրա մասնակցությամբ պաշտոնապես հայտարարվեց Հայաստանում Բրիտանական խորհրդի (British Council) բացման մասին: Բրիտանական խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություն է, որը զբաղվում է կրթության, մշակույթի, գիտության եւ անգլերեն լեզվի տարածման խնդիրներով: Այն գործում է աշխարհի ավելի քան 100 երկրներում:

Ինչպես լրագրողներին ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմոթի Ջոնսը, Բրիտանական խորհուրդը լիարժեքորեն գործել կսկսի 2002 թվականի գարնանից, ինչը պայմանավորված է նրանով, որ բրիտանական բյուջետային տարին սկսվում է ապրիլից:

Բրիտանական թագավորական ընտանիքների անդամները այսօր եղան նաեւ HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղում: Այս աշխարհի 10 խոշորագույն բանկերից մեկի բաժնետոմսերի մի զգալի մասը պատկանում է լոնդոնաբնակ հայացգի մեծահարուստ Վաչե Մանուկյանին:

Գլոսթերի դուքսը լրագրողների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում ասաց, որ հայ-բրիտանական տնտեսական հարաբերությունները զարգանալու հեռանկարներ ունեն: Դեսպան Թիմոթի Ջոնսն ավելացրեց, որ Հայաստանում բրիտանական տնտեսական ներկայության հաջող օրինակներից են HSBC բանկի հայաստանյան մասնաճյուղը, «Ֆարմատեկ» դեղագործական գործարանը:


Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG