Մատչելիության հղումներ

Ծառայություն չանցած զինապարտները կկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից


Հայաստանի Ազգային ժողովը այսօր եռօրյա օրակարգ մտցրեց 1991 թվականի սեպտեմբերի 21֊-ից ի վեր պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին վերաբերող օրինագծի քննարկումը: Ըստ օրինագծի հիմնական հեղինակ, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի, հարցը վերաբերում է առնվազն 10 հազար մարդու:

Պարտադիր զինծառայությունից խուսափածները քրեորեն հետապնդվում են, եւ արտասահմանում գտնվող շատ քաղաքացիներ միայն այդ պատճառով Հայաստան չեն վերադառնում: Օրինագծի հեղինակներն առաջարկում են, որ պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները՝ յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով պարտադիր վճար մուծեն: Նվազագույն աշխատավարձը հաշվվում է 1000 դրամով: Զինվորական ծառայությունից՝ ուսումը շարունակելու համար տարկետման իրավունք ձեռք բերած զինապարտները՝ նույնպես:

Պարտադիր զինծառայությունը չանցած եւ հետագայում երկու երեխա ունեցող զինպարտ քաղաքացիները վճարում են նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Երեք եւ ավելի երեխա, ինչպես նաեւ առանց մոր մեծացող երկու երեխա ունեցողները, ովքեր խուսափել են զինծառայությունից, ոչինչ չեն վճարում:

27 տարին լրացած կամ ազատման հիմքեր ձեռք բերած այս քաղաքացիներին տրվում է քրեական հետապնդման դադարեցման մասին որոշում: Նրանք ստանում են զինվորական գրքույկ եւ հաշվառվում են պահեստազորում:

Սահմանաված պարտադիր վճար չմուծելը հանգեցնում է քրեական պատասխանատվության: Պարտադիր վճարները մուտքագրվում են պաշտպանության նախարարության՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

Կառավարությունը դեռեւս պաշտոնական եզրակացություն չի տվել այս օրինագծին:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG