Մատչելիության հղումներ

Հայաստանը հույս ունի, որ ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացը կվերադառնա փարիզյան սկզբունքների շրջանակ


Ուրբաթ օրը Հայաստանի դիվանագիտական ողջ կորպուսը՝ արտգործնախարության ղեկավարները, դեսպանները, հյուպատոսները հավաքվել էին կառավարության ընդունելությունների տանը՝ տարեկան խորհրդաժողովի: Նիստերը փակ էին, քննարկվող հարցերի մանրամասները, դեսպաններին տրվող հանձնարարականները հայտնի չեն:

Խորհրդաժողովից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը կարեւոր համարեց նման հանդիպումները հատկապես սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետեւանքով աշխարհում տեղի ունենած փոփոխությունների համատեքստում:

Պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջիկա սկսվող տարածաշրջանային այցից Հայաստանի ակնկալիքներին վերաբերող հարցին, Վարդան Օսկանյանը ասաց. - «Ակնկալիքը, ինչպես այս մեկ տարվա ընթացքում միշտ եղել է, մնում է մեր կողմից այն, որ մենք հույս ունենք, որ համանախագահները կկարողանան վերադարձնել Ադրբեջանին փարիզյան բանակցությունների շրջանակ: Եթե դա տեղի ունենա, ապա կարծում եմ, որ գալիք ամիսների ընթացքում կարելի է ակնկալել լուրջ տեղաշարժեր»:

Մինչեւ «Ազատության աջակցման ակտ»-ի 907 բանաձեւի լրամշակումը Հայաստանի պաշտոնական տեսակետն այն էր, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ կիրառվող լուրջ սահմանափակումները դեր էին խաղում նաեւ Ղարաբաղի հարցը հավասարակշռելու գործում, եւ այդ հավասարակշռությունը պահպանելու պատճառաբանությամբ էր Հայաստանը դեմ փոփոխությանը:

Ըստ արտգործնախարարի, ներկա դրությամբ որոշ ձեւով ապահովել ենք, որպեսզի այդ փոփոխությունները որեւէ բացասական ազդեցություն չունենան Լեռնային Ղարաբաղի գործընթացի վրա:

Սակայն, քանի որ, Վարդան Օսկանյանի խոսքերով, Ադրբեջանը շարունակում է այլ կերպ մեկնաբանել այս ամենը՝ - «Մենք հույս ունենք, որ, թերեւս, լրացուցիչ ապահովագրական կետեր կարելի է դնել այնտեղ, որպեսզի հանկարծ Ադրբեջանը իսկապես չկարողանա այլ կերպ մեկնաբանել Միացյալ Նահանգների ցանկությունները»:

Նախարարն անդրադարձավ նաեւ Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ հույս հայտնելով, որ դրանք ներքին սպառման համար են: «Ադրբեջանը, թերեւս, կշարունակի բանակցությունները», - ասաց Վարդան Օսկանյանը: - «Խաղաղ գործընթացը իրեն չի սպառել»:

Հարցին, թե ինչպես է Հայաստանի արտգործնախարարությունը հակազդում Ադրբեջանի այն հայտարարություններին, որոնցով փորձ է արվում ղարաբաղյան հարցի կարգավորմանը ահաբեկչության դեմ պայքարի ուղղություն տալ, Հայաստանի արտգործնախարարը պատասխանեց. - «Դա լուրջ չենք ընկալում, որովհետեւ դա լուրջ չի եւ միջազգային հանրությունը լուրջ չի ընկալում»:

Նախարարը ավելացրեց, որ ԵԱՀԿ երկրները, Մինսկի խմբի համանախագահների երկրները շատ լավ տեղեկացված են Լեռնային Ղարաբաղի հարցին, շատ լավ են հասկանում խնդրի էությունը, արմատները: Այնպես որ, «մենք մտահոգված չենք, թե նրանց կողմից հարցը կարող է այլ կերպ ընկալվել»:

Մտահոգությունը Վարդան Օսկանյանը տեսնում է Ադրբեջանում՝ - «Ադրբեջանի համար սա կարող է այնքան ասվի, որ իրենք սկսեն հավատալ դրան, եւ դա բերի ի վերջո, իրոք, իրենց կողմից անկանխատեսելի գործողությունների»:

Օրվա երկրորդ կեսին խորհրդաժողովի մասնակիցներին ընդունեց Հայաստանի նախագահը: Ըստ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության, Ռոբերտ Քոչարյանը բավականին հագեցած է բնութագրել արտաքին ոլորտի այս տարվա գործունեությունը:

«Մեր ակտիվ գործունեությունը հնարավորություն կտա վերահաստատել այն թեզը, որ Հայաստանը տարածաշրջանում եղել է եւ կա ամենակազմակերպված ու կայուն երկիրը», - ասել է նա:


Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG