Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարի ունեցած տեղեկություններով, «ԱրմենՏել»-ը ընդունել է բանակցությունների առաջարկը


Հայաստանի կառավարությունը բարի կամքի 60֊-օրյա բանակցությունների է հրավիրել «ԱրմենՏել»-ին եւ նրա բաժնետոմսերի 90 տոկոսը տնօրինող հունական «ՕՏԵ» ընկերությանը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ ոչ պաշտոնական տեղեկություններ է ստացել, թե «ԱրմենՏել»-ը պատրաստ է բանակցությունների, եւ «բարի կամքի հիման վրա մասնակցելու է դրանց»:

«ԱրմենՏել»-ի գործադիր տնօրեն Նիկոս Գեոգիուլասի՝ մամուլի գծով խորհրդական Գոհար Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ այն պահին, երբ «ՕՏԵ»֊ն պաշտոնապես կարձագանքի, անշուշտ, բանակցությունները կսկսվեն, իսկ այս պահին նման արձագանք չի եղել:

Ըստ Դավիթ Հարությունյանի, բանակցվելիք խնդիրների մի մասը վերաբերում է «ՕՏԵ»֊ին՝ ներդրումային պարտավորությունների եւ բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի առնչությամբ, լիցենզիայի հետ կապված հարցերը՝ «ԱրմենՏել»-ին:

Նախարարն ասաց, որ բանակցությունները չի ուզում որակել որպես րոպեավճարի խնդրի շուրջ, քանի որ բազում կարեւոր խնդիրներ կան՝ կապի համապատասխան որակն ու հեռահաղորդակցության զարգացման միտումները, բջջային կապն ու սակագնային քաղաքականությունը: Նախարարը չբացառեց, որ բանակցությունների ընթացքում կարող են լինել նաեւ Լեռնային Ղարաբաղի կապին վերաբերող հարցեր:

Դավիթ Հարությունյանը, ինչպես նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը այսօր մասնակցում էին կապի ոլորտում կառավարության գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր պատգամավորական հանձնաժողովի նիստին:

Հանձնաժաղովի անդամների կողմից բարձրացված մյուս հարցը վերաբերում էր րոպեավճարին: Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը կրկնելով րոպեավճարի հաշիվները չվճարելու իր բազմիցս հնչեցրած հորդորը, հավաստիացրեց, որ որեւէ բաժանորդի հեռախոս մինչեւ այժմ րոպեավճարը չմուծելու համար չի անջանվել:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG