Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից 700-800 դրամով կբարձրանան կենսաթոշակները


Հայաստանի կառավարության այսօր ընդունած որոշմամբ հունվարի 1-ից բազային կենսաթոշակը ներկայիս 2860 դրամից կդառնա 3000 դրամ, իսկ աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց բազային կենսաթոշակին ավելացվող գումարը կկազմի 60 դրամ՝ անկախ ստաժի տեւողությունից։

Այժմ 60 դրամի հավելում արվում է միայն 30 տարուց ավելի աշխատանքային ստաժ ունեցողների թոշակին։ Հաջորդ տարեսկզբից արդեն այս հավելումը կտարածվի բոլոր խմբերի բազային կենսաթոշակների վրա՝ անկախ աշխատանքային ստաժից։

Հաշվարկները ցույց են տալիս, որ այդ դեպքում միջին կենսաթոշակները կավելանան 700-800 դրամով, որն իհարկե, չնչին գումար է։ Փաստորեն, ավելի շատ կշահեն ավելի քիչ ստաժ ունեցողները։

Դեռեւս Ազգային ժողովի նախորդ նստաշրջանում նման մի օրինագիծ ներկայացրեց Դաշնակցության խորհրդարանական խմբակցությունը. առաջարկվում էր բազային կենսաթոշակի չափը հասցնել 3500 դրամի, իսկ ստաժի յուրաքանչյուր տարվա դիմաց տրվող հավելումը բոլորի համար սահմանել 60 դրամ։ Օրինագիծն այն ժամանակ չանցավ, քանզի կառավարությունն ամեն ինչ արեց այն տապալելու համար։ Կառավարության այսօրվա նիստին մասնակցում էին նաեւ Դաշնակցության ներկայացուցիչները:

«Գիտենք շատ չնչին գումար է: Ի վերջո ժողովրդի համար 600-700 դրամը չնչին բան է, բայց էլի... գոնե կենսաթոշակառուները կտեսնեն, որ իրենց մասին մտածող կա ոչ միայն Ազգային ժողովում, այլեւ կառավարությունում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, ավելացնելով, որ սկզբունքային համաձայնություն է ձեռքբերվել եկող տարվա երկրորդ կեսից աշխատանքային ստաժի յուրաքանչյուր տարվա համար տրվող հավելումը 60-ից հասցնել 80 դրամի։

Կենսաթոշակները Հայաստանում 1999 թվականից հետո, ըստ էության, չեն բարձրացել, իսկ արժեզրկում այդ ընթացքում եղել է:

«Եթե խորքին նայենք այս հարցի, բարձրացում չի սա թոշակների, այլ ինդեքսավորում է ավելի շատ: Այն էլ՝ մասնակի ինդեքսավորում», - ասաց Արմեն Ռուստամյանը::

Հայաստանի սոցիալական ապահովության նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը այսօր տեղեկացրեց նաեւ, որ կենսաթոշակային համակարգի բարեփոխման շրջանակներում եկող տարվանից ներդրվելու են աշխատողների անհատական համարանիշները եւ տարվելու է կենսաթոշակային ֆոնդին վճարումների անձնավորված հաշվառում։ Ըստ նախարարի, փոփոխություններ կկրի նաեւ ընտանեկան նպաստների համակարգը:

«Այս ծրագիրը անընդհատ նվազող ծրագիր է: Հիմքեր կան ենթադրելու, որ որոշ ընտանիքներ այսօր արդեն աշխատանք ունեն, եկամուտներ ունեն», - ասաց նախարարը:

Ռազմիկ Մարտիրոսյանի տվյալներով, հաջորդ տարի 10-15 հազար ընտանիքներ դուրս կբերվեն ընտանեկան նպաստ ստացողների ցուցակից։ Նախարարի խոսքերով, այսօր Հայաստանում ընտանեկան նպաստ է ստանում առավել կարիքավոր 175 հազար ընտանիք, նպաստի միջին չափը 7500 դրամ է։ Եվս 20 հազար ընտանիքներ ստանում են միանվագ դրամական օգնություններ։


Ատոմ Մարգարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG