Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Երեկ երեկոյան «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը նամակ է ստացել պատգամավոր Վանո Սիրադեղյանից: Վերջինս գրում է՝ «Սիրով ուղարկում եմ ստորագրությունս ի աջակցություն ընդդիմության ստորագրահավաքի՝ նախագահի պաշտոնանկության նախաձեռնությանը»:

Սա, սակայն, որոշ առումով կարող է ուշացած լինել: «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» թերթերում այսօր արտացոլված է, որ ընդդիմադիր եռյակը կարծես քայքայվում է: Երեկ այդ կուսակցությունների ղեկավարները հանդիպում են ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցությունում: «Շատ հնարավոր է, որ սրանով Գեղամյանն իր նպատակի առաջին մասն իրագործված է համարում, քանզի տեսակետ կա, թե նրա նպատակը բացառապես այն է, որ դաշնակից կուսակցությունները «իր մոտ գնան», - շրջանակում է «Հայկական ժամանակ» թերթը:

«Եռյակի ղեկավարները փորձել են կրկին հստակեցնել՝ իրենց համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը ուժի մե՞ջ է, թե՝ ոչ»: Թղթակիցը ենթադրում է, որ նրանք դրական եզրահանգման են եկել՝ ելնելով հանդիպումից հետո Ստեփան Դեմիրճյանի հետեւյալ ասածից. «Եռյակը շարունակում է ըստ նախնական ծրագրի իր գործողությունները՝ տեղերում հանդիպումներ կկազմակերպվեն, եւ կշարունակվի Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության պահանջով ստորագրահավաքը»:

«Երեք կուսակցություններս շարունակում ենք հարաբերվել, եւ մեր միջեւ մրցակցության էլեմենտներ չկան, առայժմ չկան», - իր հերթին հավաստիացրել է Ալբերտ Բազեյանը: Նա համաձայն չէ քաղաքական որոշ շրջանակներում Արտաշես Գեղամյանին տրվող որակումներին, թե վերջինս իշխանությունների հետ է, եւ նշում է՝ «նա երբեք նախագահ Քոչարյանի հասցեին դրականորեն չի արտահայտվել» («Առավոտ»):

Այսուհանդերձ, «Հայկական ժամանակ»-ում ի մի է բերված, թե այլեւս հանրահավաքների չմասնակցելու՝ Գեղամյանի հայտարարությունը լուրջ խուճապ է առաջացրել եռյակի մյուս անդամների մոտ, իսկ հիմքում հետեւյալն է. ի տարբերություն ՀԺԿ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության, Գեղամյանը չի ընդունում «Միասնության» ծրագրերը եւ նրանց առաջարկում է ընդունել իր հակաճգնաժամային ծրագիրը: «Եթե ՀԺԿ-ն ու «Հանրապետություն»-ը այլեւս միտինգ չանեն, դա կարելի է համարել Գեղամյանին լիդեր ճանաչելու եւ նրա ծրագրով շարժվելու պատրաստակամության ապացույց», - ամփոփել է «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը:

Անդրադառնալով ընդդիմության վերջին հանրահավաքին, «Ժամանակ» թերթի մեկնաբանն էլ առանձնացնում է. «Աչքի զարնեց այն փաստը, որ երեք կուսակցությունների լիդերները առանցքային խնդիրների շուրջ դեռեւս ընդհանուր հայտարարի չեն եկել, եւ նրանց միավորողը ընդամենը նախագահին պաշտոնանկ անելու միտքն է... Հանրահավաքին ներկա ժողովուրդն էլ գոնե արտաքին տպավորությամբ, կարծես թե, բաժանված է տարբեր ուժերի՝ համախոհների բոլորովին էլ ոչ միասնական երեք բանակների»:

«Այս ամենով հանդերձ, իշխանությունները դեռեւս ժողովրդի հավատի եւ վստահության վերականգնման խնդիր ունեն», - շարունակում է «Ժամանակ»-ի մեկնաբանը: - «Իսկ դա կարելի է լուծել միայն այն դեպքում, երբ սոցիալ-տնտեսական առկա առաջընթացը զգալի լինի բնակչության մեծամասնության համար»:

Հեռակա բանավեճի բռնվելով Դաշնակցության պաշտոնաթերթի հետ, «Ժանամակ»-ը այսօր հակադարձում է. «Ցանկացած թղթակից պետք է հանրապետության տնտեսությանն անդրադառնալուց առաջ նկատի ունենար, որ նախորդների կատարած ավերածությունների հետեւանքները այս կառավարության ուսերին են ընկած, եւ եթե դրանով հանդերձ 9,9 տոկոսի տնտեսական աճ է արձանագրվում, ուրեմն մարդիկ աշխատում են եւ վատ չեն աշխատում»: Իսկ այս դեպքում, ինչպես «Երկիր»-ն է գրում՝ «Վարչապետը անմխիթար վիճակում չի կարող լինել»:

«Հայոց Աշխարհ» թերթը շարունակում է «Նախարարություններում խուճապ է տիրում» շարքը, այսօր էլ փոխանցելով, մասնավորապես, կառավարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Մերի Հարությունյանի հետեւյալ ուրվագծումը. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պետական ապարատում կրճատելու տեղ շատ կա: Եվ սա վերաբերում է ոչ միայն ստորին ու միջին, այլեւ վերին օղակներին: Շատ նախարարություններում փոխնախարարների պաշտոնների վերացման անհրաժեշտություն էլ կլինի... Հաստիքների կրճատումների բուն գործընթացը կսկսվի հաջորդ տարվանից... Գործադիր իշխանության կառույցներում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների հաջող իրականացումը հետագայում կարող է լավ օրինակ դառնալ խորհրդարանում, ինչպես նաեւ նախագահական ապարատում նման բարեփոխումների իրականացման համար», - ակնարկում է Մերի Հարությունյանը:

Պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի լավատեսական հայացքով էլ, «որպես տասը տարվա պատմություն ունեցող պետություն՝ Հայաստանը բավականին բարվոք վիճակում է... Առիթի դեպքում մենք կրկին մոռանալու ենք ներկուսակցական վեճերը, իրարամերժ ազգափրկիչ ծրագրերը, դառնալու ենք մեկ բռունցք եւ կանգնելու ենք թշնամու առաջ՝ ավելի հզոր, քան նախկինում էինք»:

«Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի մեջ կա մի շերտ, որը հակված է թափառելու», - ասում է գեներալը: - Բայց «հիմնական մասը, կորիզը ցանկացած իրավիճակում մնում է իր հողին կառչած»:

«Երկիր» թերթը այսօր կրկին ծավալուն անդրադարձել է «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանությանը: «Հստակ է մի բան, որ առայժմ որեւէ ձերբակալություն կամ որեւէ մեկին մեղադրանքի առաջադրում չկա, ինչը ամենամտահոգիչն է», - ընդգծում է Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Սահակյանն էլ նշում է, որ «նախաքննության փուլում ներկայացուցչի իրավունքները խիստ սահմանափակ են», շատ հարցերի պատասխան մեզ դեռեւս հայտնի չէ: Փաստաբանն առայժմ ձեւակերպել է՝ «Չեմ կարծում, որ այս գործը չի բացահայտվի»:


Վաչե Սարգսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG